[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ԷԿՈԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ԻՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ

6X4A7442.JPGՄեկնարկել է ՙԷկոխնձրիստան՚ ծրագիրը 
Արդեն երկրորդ տարին է, ինչ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնը բնապահպանության բնագավառում տարաբնույթ և աննախադեպ  ծրագրեր է իրականացնում՝ համագործակցելով ՀՀ հասարակական կազմակերպությունների հետ:
 Վերջերս կառույցը  հայաստանյան ՙԵրիտասարդ կենսաբանների ասոցիացիա՚ կազմակերպության հետ համատեղ  սկսել է ծրագրեր մշակել Արցախում էկոգյուղերի ցանց հիմնելու ու զարգացնելու ուղղությամբ:  Էկոգյուղերը, որպես առողջ ապրելակերպի համար հարմար վայրեր, առաջացել են Կենտրոնական Եվրոպայում։ Դրանց նպատակն է արդյունավետ օգտագործել տեղի բնական ռեսուրսները, ապահովել համայնքի ակտիվ զարգացումն ու բարեկեցությունը, ինչպես նաեւ խթանել  էկոտուրիզմը, որը հնարավորություն է ընձեռում ներգրավել տարբեր զբոսաշրջիկների, ապահովել շահույթ,  բարձրացնել բնակչության կենսամակարդակը:
Կենտրոնի ղեկավար Սուսաննա Պետրոսյանի տեղեկատվությամբ՝  այս ուղղությամբ առաջին քայլերն  Ասկերանի շրջանի Պատարա և Խնձրիստան  համայնքներում կազմակերպված երիտասարդական վրանային ճամբարներն էին, ինչն աննախադեպ իրադարձություն էր հանրապետության տարածքում: Այս ամռանն ՙԷկոխնձրիստան՚  ճամբարը կազմակերպվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության դրամաշնորհային ծրագրի տրամադրած միջոցներով: Ճամբարի նպատակն էր խթանել էկոկրթությունը և առողջ ապրելակերպն Արցախում, զարգացնել էկոգյուղի ստեղծման գաղափարը և կատարել հաջողված փորձի փոխանակում՝  զարգացնելով Հայաստան-Արցախ երիտասարդական կազմակերպությունների համագործակցությունը: Ճամբարին Հայաստանից և Արցախից մասնակցել են շուրջ 60 երիտասարդներ: Իրականացվել են տեսական և գործնական դասընթացներ՝ բնապահպանության, էկոտուրիզմի, առողջ ապրելակերպի, օրգանական գյուղատնտեսության և այլ թեմաներով: Հրավիրվել են նաև բնապահպանության վարչության ներկայացուցիչներ, անտառագետների և այլ մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել արշավներ ու թրենինգներ: Գյուղերի ընտրությունը պատահականորեն չի արվել. այդ տարածքում առկա է 200-ից ավելի  պատմամշակութային հուշարձան: Աստղաշենը երիտասարդ կենսաբանների  ուշադրությունը գրավել է նաև աստղաձև կրաքարերի առկայությամբ, որոնք հետագայում  մասնագետները բացահայտել են որպես  ծովաշուշանների բրածոներ:  Տեղանքում այդ մասին համապատասխան ցուցանակ է տեղադրվել:  Ս. Պետրոսյանի խոսքով` ճամբարի շրջանակներում կազմակերպվել է նաև էկոէքսպո ցուցահանդես, որի  նպատակն էր ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը բևեռել շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խնդիրներին և   էկո-ապրելակերպի անցնելու յուրօրինակ կոչ էր: Ցուցահանդեսի տաղավարներում ներկայացվել են բնական ռեսուրսներից, ինչու չէ, նաև թափոններից օգտվելու այլընտրանքային եղանակներ, ինչպես օգտագործել արևի անսպառ էներգիան, վերամշակել թուղթը և այլն:  Միջոցառմանը մասնակցել և գաղափարը բարձր գնահատանքի են արժանացրել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,  գյուղնախարար Անդրանիկ  Խաչատրյանը, բնապահպանության վարչության ներկայացուցիչներ: 
Ինչպես տեղեկացրեց  Կենտրոնի  ղեկավարը, ճամբարի առօրյային բավականին ակտիվ մասնակցություն ունեին նաև համայնքներում ապրող  երիտասարդները. նրանք ոգևորությամբ  էին մասնակցում   բոլոր միջոցառումներին և սպասում ծրագրերի շարունակությանը: ՙՀիմնականում հենց համայնքների բնակիչների միջոցով մենք համոզվեցինք, որ Արցախում էկոգյուղերի ցանցի ստեղծման գաղափարը միանգամայն իրագործելի է,¬ասաց Ս.Պետրոսյանը։ 
Այդ ընթացքում մեզ համար բացահայտվել են արցախյան գյուղի հիմնախնդիրները: Խնձրիստանը, Պատարան ու Աստղաշենն  ունեն աղբահանության, ջրի, ճանապարհների, գյուղմթերքի իրացման և այլ խնդիրներ: Հենց նման խնդիրներն աչքի առաջ ունենալով՝ մեր խմբերն աշխատել են էկոգյուղի մոդելի նախանշման ուղղությամբ՝ մշակելով նորարարական ծրագրեր՚: 
Ըստ եվրոպական փորձի՝ էկոգյուղերը կառուցվում են չբնակեցված վայրերում՝ սկսելով զրոյից: Այնինչ,  երիտասարդական ՀԿ-ներն արցախյան հարուստ կենսագրություն ունեցող գյուղերում են ուզում իրականացնել այդ գաղափարը: Ինչ կտա այն մեր գյուղերին: Այս մտահոգությանն ի պատասխան Ս. Պետրոսյանն ասաց, որ ծրագրի հաջողության դեպքում  գյուղական համայնքներում  կյանքի որակը նոր մակարդակի կհասնի: Էկոգյուղերի սիրահար տուրիստների շնորհիվ  գյուղացիները կկարողանան տեղում իրացնել արտադրանքը, կստեղծվեն պայմաններ, որպեսզի կանխվի ներքին և արտաքին միգրացիան: Հիմնական նպատակն է` մարդկանց համար ստեղծել այլընտրանքային շահույթի միջոցներ, որպեսզի նրանք շահագրգռված լինեն իրենց համայնքներում  առաջարկած գործունեությունն իրականացնելու եւ զարգացնելու մեջ։ Էկոգյուղերի առաջարկած կենսակերպը ենթադրում է քիմիական պարարտանյութերի բացառում, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի ստացում, թափոնների վերամշակում, էներգախնայող պատերի կառուցում, արևային պանելների ներմուծում և այլն:  Էկոճամբարների ընթացքում արդեն իսկ փորձ է արվել թափոններն օգտագործել ոչ միայն կրեատիվ իրեր պատրաստելու, այլև, ասենք, պլաստիկ շշերից հարմար խողովակաշար ստանալու համար՝ ջուրն ընթացքում տաքացնելով արևային էներգիայի միջոցով: Այս աշխատանքների արդյունքում գյուղացին կսովորի մաքուր պահել համայնքը և օգուտ ստանալ դրանից՝ համոզված են ծրագրի հեղինակները: Էկոգյուղերի ցանցի հիմնմամբ Արցախը նաև իր անկրկնելի կենսաբազմազանությամբ կներկայանա աշխարհին: 
Խնձիստանում այսօր գործում է էկոակումբ, ծրագրի իրականացմանն ուղեկցում է ստեղծված կամավորների բազան, որտեղ ընդգրկվելու են տարբեր մասնագիտությունների երիտասարդներ: 
Ս. Պետրոսյանի տեղեկատվությամբ՝ այսօր ծրագրին միացել են  ավելի քան 20 ՀԿ¬ներ եւ  հարյուրի հասնող կամավորներ: Էկոգյուղերի ցանցի հիմնման հաջորդ գործնական քայլը նախաձեռնող խմբի կողմից ՙԷկոգյուղ՚ կոչվող հասարակական կազմակերպության ստեղծումն էր, որը նպատակ ունի  մեկ կազմակերպության ուժերով շարունակել սկսած աշխատանքը: Նախնական հաշվարկներով՝ ՙԷկոխնձրիստան՚ ծրագրի արժեքը կազմում է 80-100 հազար ԱՄՆ  դոլար: Խոսելով նախաձեռնության ֆինանսավորման հնարավորությունների մասին` Ս. Պետրոսյանն ասաց, որ հասկանալի պատճառներով միջազգային կազմակերպություններից սպասելիքներ չունեն և  գաղափարը կյանքի կոչելու համար փորձ է արվելու օգտվել դրամաշնորհներից, ինչպես նաև  դիմել հովանավորների:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ