[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԼԵԶՎԻ ԹՌԻՉՔԸ

ԼՂՀ Սահմանադրությունը սահմանում է, որ մեր երկրի պետական լեզուն հայերենն է։ Համաձայն ՙԼեզվի մասին՚ օրենքի՝ հայերենն սպասարկում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները։  Օրենքն ունի մի շարք դրույթներ, որոնք սահմանում են հայերենի գերակայության անհրաժեշտությունը, քաղաքացիների, տարբեր հաստատությունների, ձեռնարկությունների լեզվական իրավունքներն ու պարտականությունները եւ այլն:
  Սակայն մի փոքրիկ շրջայցը մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով մեզ կստիպի արձանագրել, որ հայերենը ոչ միայն լիարժեք ու անմրցակից չի գործածվում, այլև լավագույն դեպքում կուչ է եկել օտարալեզու ցուցանակների մի անկյունում՝ հավաստելով, որ չի գործում նաև մեկ այլ՝ ՙԳովազդի մասին՚ ԼՂՀ օրենքը: 
Արցախյան շարժման նպատակներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, թվում է, մայրենի լեզուն երկրորդական կարգավիճակից հանելն էր, ամենուր նրա գերակայությունն ապահովելը: Այսօր, պատերազմից ընդամենը քսան տարի անց, ցավոք, այն տպավորությունն է, որ մեր մայրաքաղաքի ցուցանակավահանակային արտաքինը  գաղութացված է, և ամեն քայլափոխի ռուսերեն և անգլերեն ցուցանակները պայքարում են միմյանց դեմ՝  պետական չհայտարարված լեզվի կարգավիճակ ձեռք բերելու համար:  
Կան համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր ու կազմակերպություններ, որոնք հայտնի են աշխարհում և տարբեր պետություններում ունենում են մասնաճյուղեր, որոնք, բնական է, պետք է  նույն անունով ներկայանան: Սակայն քանի՞ նմանօրինակ կառույց կարող է գործել մեր՝  դեռևս միջազգային ճանաչման չհասած երկրում: Պարզվում է, հնարավոր է օգտագործել ապրանքանիշը որպես ցուցանակ՝ վաճառելով թուրքական կամ չինական ծագման ՙբրենդային՚ հագուստ ու կոշիկ՝   ՙՇանել՚,  ՙԲալդի՚ և այլ լատինատառ ցուցանակներով խանութներում: Ակնհայտ է, որ հայրենական գործարարները, որոնք արդեն հասցրել են խանութների, գեղեցկության սրահների կամ սրճարանների տեր դառնալ, բացահայտորեն չեն սիրում իրենց մայրենի լեզուն: Նրանց համար հայերենը հնամաշ շոր է, դարն ապրած գիրք ու ժամանակավրեպ երևույթ: 
Մեր տնտեսավարողներն օտարամոլ են, որովհետև հավատացած են, որ իրենց բիզնեսն առաջխաղացում կունենա միայն օտարալեզու ցուցանակների շնորհիվ: Այդ պատճառով էլ նրանք խանութներին ՙհնչեղ ու ժամանակակից՚ հսկայական ցուցանակներ են տեղադրում: Դրանք ամենուր են` ամեն փողոցում ու նրբանցքում, ամեն կառույցի ու ամեն շենքի վրա: ՙՄալիբու՚, ՙԿակադու՚, ՙԲուտիկ՚, ՙԲրենդ՚, ՙՊոդիում՚, ՙԱրոմատնի միր՚, ՙՌիկարդո՚, ՙՌոբերտո՚, ՙԲալլադո՚, ՙԲոնիտո՚, ՙԷստետ՚, ՙԻմ սթայլ՚, ՙՌիո՚, ՙՎայ կիկի՚ և այլն:  Եթե  գեղեցկության սրահ է, ապա անպայման ՙԲոգինիա՚, ՙԷտուալ՚, ՙԿատրին՚, ՙԺակլին՚ և այլն: Նման ցուցանակների առատությունից շվարած` երբեմն կարող ես կասկածել` քո՞ երկրում ես գտնվում, թե՞ եվրոպական, ասիական կամ  լատինաամերիկյան բոլոր երկրները ներկայացնող տարօրինակ մի քաղաքում:  Տաքսի ծառայություններն էլ անպայման այստեղ  պետք է ՙԷլիտ՚, ՙԴրայվ՚, ՙՆեո՚ և այլ անվանումներ ունենան: Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցի անենաերևացող մասում խանութի դռանը հսկայական հայկական տառերով ՙԱմոռե՚ գրողը թերևս մտածել է, որ իտալերենից հայերեն ՙսեր՚ թարգմանվող այդ անունով իր բիզնեսը կծաղկի՝ հետևում թողնելով հարևանությամբ տեղակայված հայահունչ  ՙԱրծվաբերդ՚ անվանումն ունեցող խանութը: Հապա մեր սրճարաններն ու ռեստորանները` ՙՎիաջջո՚, ՙՖլայ՚, ՙՍտենդալ՚ և այլն։ 
Բազմաթիվ են նաև այն ցուցանակները, որոնց վրա օտար բառերը  հայատառ են: Ու՞մ համար են հայատառ անգլերենը, ռուսերենն ու իսպաներենը: Օտարերկրացին իր լեզվով կնախընտրի կարդալ, նրա համար այդ բառերը նույնքան անհասկանալի են, որքան  իր չիմացած ցանկացած լեզու:  Ո՞ւմ են ուղղված այդ բառերը: Օտարամոլությո՞ւն է դա, չիմացությու՞ն, գովա՞զդ: Չէ՞ որ հայերենով դրանք ավելի գրավիչ կլինեին թե՜ օտարի, թե՜ հայի համար: Հպարտորեն ի ցույց դնելով օտարալեզու, օտարահունչ և ծիծաղելի գրվածքներ, մերօրյա խանութպանները  ոչ միայն սեփական լեզվի հանդեպ իրենց անհարգալից վերաբերմունքն են ցուցադրում, այլև խոստովանում են գրագիտության հետ ունեցած սեփական խնդիրներն ու ճչացող գավառամտությունը: 
Հայերեն լեզվով  շատ վահանակներ ու հայտարարություններ էլ միայն առաջին հայացքից են մայրենի լեզվով`  գրված թերևս միայն հեղինակին հասկանալի լեզվական կանոններով: Հիշենք, թե   երթուղայիններում ուղեվարձը բարձրացնելու ստեփանակերտցիներին ուղղված հայտարարության մեջ քանի սխալ կարելի էր գտնել:  Իսկ մայրաքաղաքի սիզամարգերում տեղադրված ՙՉ`կեղտոտել՚ վահանակի անհեթեթ շեշտադրությո՞ւնը: Առանձին հոդվածի նյութ են հեռուստագովազդի հայերենին խորթ առոգանությունն ու շեշտադրությունը, բառերի սխալ կիրառությունն ու անհարկի օտարաբանությունները, ինչպես նաև մեր բժիշկների կողմից հիվանդներին տրվող ռուսերեն նշանակումները և այլն:  
Ակնհայտ է, որ մենք որոշակի բացթողումներ ունենք ազգային դաստիարակության ասպարեզում, եւ անհրաժեշտ է լուրջ աշխատանք հասարակության գիտակցության մեջ ազգային ինքնագիտակցություն, պատվախնդրություն, սեփական արժեքները սիրելու ու դրանցով հպարտանալու պատրաստակամություն արմատավորելու համար։ Սա երկար ճանապարհ է, որին զուգահեռ տրամաբանված օրենքներով եւ արդյունավետ վարչարարությամբ պետք է պաշտպանենք մեր լեզուն ոտնձգություններից։
 Թե ինչ գործողություններ են պետք փոխելու լեզվավիճակի այս ամոթալի պատկերը, դժվար է ասել, բայց այն, որ լեզվի անաղարտության համար պետք է պայքարել խիստ օրենքներով, անհերքելի է:  Իսկ այսօրվա օրենքները ոչ միայն խիստ չեն, այլև չեն գործում և դրանք շրջանցելու եղանակներն ավելի շատ են: Դեռևս  2007-ին ԼՂՀ ԱԺ-ն ՙԼեզվի մասին՚ օրենքում լրացում է արել, համաձայն որի հանրապետության  տարածքում ծառայություններ և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, կենտրոնների, սրահների, առևտրական կետերի, կրպակների հրապարակային գրվածքը (գովազդ, ազդ, ազդագիր, ցուցապաստառ, պիտակ), բացի անձնանուն նշանակող բառից, չպետք է պարունակի օտարալեզու բառեր ու արտահայտություններ: Իսկ նույն օրենքի մեկ այլ` ՙՀաստատությունների լեզվական իրավունքներն ու պարտականությունները՚ հոդվածում գրված է. ՙՑուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով՚: Թերևս, եթե այս նախադասության մեջ ՙցուցանակներ՚ բառը չլիներ, չէր լինի նաև օրենքի սողանցքերից մեկը: Ի վերջո, եթե օրենքը սողանցք ունի, որը հարվածում է պետական լեզվին,  ապա պետք է փոփոխություններ կատարել օրենսդրական դաշտում, լեզվի բնագավառում վարչական պատասխանատվության միջոցները դարձնել հստակ ու կիրարկելի։ 
Պետական լեզվաքաղաքականություն իրականացնող Լեզվի պետական տեսչությունում համաձայնեցին, որ մեր քաղաքի տնտեսավարող սուբյեկտները չեն պահպանում օրենքները, սակայն  տեսչության աշխատակիցներն ավելի շատ հակված են բացատրական ու քարոզչական աշխատանքներ տանել նրանց հետ, որպեսզի մայրենիի պահպանումը, սեփական լեզվի հանդեպ սերը, հոգածությունը դառնան համաժողովրդական գործ, լինեն ինքնաբուխ եւ ոչ պարտադրված:  Դատական հայցով  խնդիրը լուծելուց տեսչությունը շատ դեպքերում նաև ձեռնպահ է մնում՝ նկատի ունենալով վճարունակության և ցուցանակների համար արդեն կատարված ծախսերի խնդիրը: 
Իսկ քաղաքապետարանի քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնից տեղեկացանք, որ մայրաքաղաքի տարածքում գտնվող խանութներն ու այլ տարածքներն օրինականացնելու համար քաղաքապետարան դիմած տնտեսավարողներն նախօրոք անպայման զգուշացվում են համապատասխան օրենքների պահանջներին: 
Այսօր հայ մարդուն վարչական պատասխանատվության սպառնալիքով կարելի  է ստիպել օգտագործել հայատառ ցուցանակներ կամ հայեցի անուններով կոչել իր խանութն ու սրճարանը։  Եվ այս անբացատրելի եւ նվաստացուցիչ ակնածանքի ալիքն օտար արժեքների հանդեպ տարեցտարի ավելի է ահագնանում: Պետք է ցավով խոստովանենք, որ հայերենը եթե լեզու առներ, վաղուց դիմած կլիներ մարդու իրավունքների պաշտպանին...  
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱն