[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍԱՆՄԱՔՐՈՒՄ՚ ՀՈԱԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ԼԻԱՐԺԵՔ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՁՄՌԱՆԸ

Ձմռան շունչն արդեն զգացվում է, և հրատապ  է դառնում, թե որքանով է Ստեփանակերտը պատրաստ դիմակայելու եղանակային  կտրուկ շրջադարձերին։ Այս հարցում կարևոր օղակ է հանդիսանում ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ը, որն, ընդհանրապես, մեծ գործ է կատարում՝ ապահովելով մայրաքաղաքի մաքուր ու գեղեցիկ տեսքը: Ձմռան նախապատրաստման, ինչպես նաև կազմակերպության առօրյա խնդիրների շուրջ զրուցեցինք կազմակերպության տնօրեն Ալյոշա ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ:
Ըստ տնօրենի՝ մերկասառույցից խուսափելու համար արդեն պահեստավորված է 55տ աղ։ Ընթացքի մեջ է ևս 20տ աղի ձեռքբերումը։ Պահեստավորված է նաև  շուրջ 40 խոր. մ ավազ: Նոր մեքենաներ չունեն, պետք է բավարարվել եղած տեխնիկայով, ինչի  պակասը զգացնել է տալիս հատկապես ձյունառատ օրերին: Կազմակերպությունն ունի ձնահավաք և աղցան 2 մեքենա,  փոքր հնաոճ տրակտոր` մայթերի մաքրման համար, որը չի բավարարում այդ աշխատանքի լիարժեք կատարմանը, ուստի կազմակերպության աշխատողներն ստիպված մայթերը  մաքրում են ֆաներայից պատրաստված բահերի միջոցով, ինչը բավականին դանդաղեցնում է գործընթացը: Կազմակերպությունն  ունի JSB մակնիշի տրակտորի  կարիք, որի միջոցով հնարավոր կլինի ավելի արագ  հավաքել ձյունը և բարձել ինքնաթափ մեքենաների վրա: Մի խոսքով՝ հրատապ է տեխնիկայի թարմացման խնդիրը:   
Աղբ բարձող բանվորների ու վարորդների կադրային հոսքի առնչությամբ տնօրենը նշեց, որ աշխատավարձերի  մինչև 100-110 հազ. դրամ բարձրացումը կանգնեցրեց կադրային հոսքը: Սակայն  խնդիրն առկա է փողոց մաքրողների շրջանում, որոնց աշխատավարձը կազմում է 60 հազ. դրամ, այն դեպքում, երբ այդ կարգավիճակի աշխատողների վրա դրված է ծանր գործ, որն էլ ավելի է ծանրանում տոնական, հանդիսավոր միջոցառումներից հետո, երբ տոննաներով աղբը պետք է արագ հավաքվի: Ճիշտ է, նման օրերին  աշխատողները վճարվում են կրկնակի, սակայն, ըստ Ա. Սեյրանյանի, դա բավարար չէ, մանավանդ որ կան պետականորեն չհաստատված տոներ, որոնք նշվում են:
Ա. Սեյրանյանի տեղեկատվությամբ`  ՙԱղբամշակում՚ ՍՊԸ-ի, որի տնօրենն է Խաչիկ Մեսրոպյանը, հետ կնքած է համապատասխան պայմանագիր, համաձայն որի՝ յուրաքանչյուր 1տ աղբի դիմաց ՙՍանմաքրում՚ կազմակերպությունն  այդ ընկերությանը  գումար է  փոխանցում. մեկ ամսվա կտրվածքով այն կազմում է 120-150 հազ. դրամ: Մեկ այլ պայմանագրով ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ը ՙԱղբամշակում՚ ընկերությանն ամսական 50 հազ. դրամ վարձավճարով տրամադրում է մեկ ԴՏ-75 մակնիշի տրակտոր` աղբի տոփանման համար:
Կազմակերպությունն իր հիմնական գործառույթներից զատ  կատարում է  փողոցների մաքրում, աղբահանություն, ինչի շնորհիվ մայրաքաղաքն առանձնանում է  իր մաքրությամբ  և որոշակի  տպավորություն է թողնում հյուրերի վրա։ Այն  զբաղվում է նաև թափառող շների ու շնագայլերի ոչնչացման հարցով: Ըստ Ա. Սեյրանյանի՝ այդ գործի համար սեփական եկամուտների հաշվին պահում են երկու որսորդ, ձեռք են բերում  փամփուշտներ: Որսորդներն ամեն օր դուրս են գալիս որսի, երբ այդ կենդանիները շատանում են՝ օգնության են հրավիրվում փրկարար ծառայության  և ոստիկանության աշխատողները:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ