[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

333.jpgՍտեփանակերտի հուշահամալիրում տեղ գտած հուշարձանների շարքը շուտով կհամալրվի ևս մեկով. Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ այստեղ կկանգնեցվի ՙԶանգակատուն՚ անվանումը կրող հուշակոթողը, որը կհանդիսանա ոչ միայն հարգանքի, այլև պահանջատիրության խորհրդանիշ։ Սզնեքի սպիտակ մարմարով ու ճարտարապետական նուրբ լուծումներով կառույցը կունենա 18 մետր բարձրություն։ 
Հուշարձանի նախագծի համահեղինակ Միքայել Սարգսյանի խոսքով՝ էսքիզային մշակման աշխատանքներն սկսվել են դեռևս երկու տարի առաջ։ Ճարտարապետական խորհրդի կողմից 20 տարբերակներից ընտրվել է մեկը, որն իր չափերով, տեսքով ու բարձրությամբ համահունչ է այն տարածքին, որտեղ նախատեսված է կառուցել կոթողը։  
Զանգակատունը հիմնականում կառուցվում է պետական միջոցներով, բայց, հաշվի առնելով կառույցի նշանակությունն ու ծախսատար լինելը, շինարարությունը նաև հանգանակություններով է իրականացվում։ ԼՂՀ դատախազությունն, օրինակ, մի քանի օր առաջ մեկ միլիոն դրամ է տրամադրել հուշարձանի կառուցման համար։ Դատախազության այս քայլը, ինչպես ասաց ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանը, պետք է օրինակ ծառայի մյուս գերատեսչությունների և հիմնարկ-ձեռնարկությունների համար։ Իհարկե, վատ չէր լինի, եթե գործին աջակցություն ցուցաբերեին նաև անհատ ձեռներեցները, գործարարները։ Ճարտարապետի հավաստմամբ՝ ավելի վաղ հայտարարված դրամահավաքի ժամանակ շատ փոքր գումար էր հավաքվել։ Մինչդեռ Զանգակատան աշխատանքներն ավարտին հասցնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Անհրաժեշտ միջոցների հավաքագրման արդյունքում հնարավոր կլինի կառույցի հիմնական մասն ավարտել մինչև ցրտերը վրա հասնելը, դրան զուգահեռ՝ ավարտել նաև տարածքի բարեկարգումը։ Այս նպատակն է հետապնդում աշնանային օրերին Հուշահամալիրում տիրող շինարարական եռուզեռը։ Շինարար, ճարտարապետ ու քանդակագործ զբաղված են քանդակների տեղադրմամբ։ Ճարտարագիտական ու դիզայներական հմտություններ պահանջող ինքնատիպ կառույցը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի զարգացումն ու արդարամտությունը։ Ըստ նախագծի՝ զարդաքանդակ կամարներով ու խաչով են ավարտվելու 13 մետր բարձրությամբ որմնախորշերը։ 
Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կառուցման համար ՙԱրցախբանկ՚-ում բացվել է հաշվեհամար, և ցանկացողները կարող են իրենց ավանդը դնել   համազգային նշանակություն ունեցող գործին։ Ճարտարապետները համոզված են, որ ավելի քան մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցումը նաև ոճիրի կրկնությունը հետագայում կանխելու կարևոր քայլ է։ 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ