[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՏԱԿԸ՝ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՎԱՐԱԿԸ

Ինչպես տեղեկացրել ենք մեր թերթի նախորդ համարում, նոյեմբերի 10-ին Ստեփանակերտում էին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գործադիր տնօրեն Սերգեյ Կարապետյանը, տնօրենի խորհրդական և Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, նույն կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների  համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։ 
Նույն օրը ԼՂՀ հանրապետական հիվանդանոցի կոնֆերենց-դահլիճում կազմակերպվեց սեմինար` նվիրված հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների, հատկապես վերջերս հատուկ հնչողություն ստացած Էբոլա վարակի դեմ պայքարի կազմակերպմանը, ինչպես նաև պատվաստումների ազգային ծրագրում առաջիկա փոփոխություններին։ 
Հյուրերին ողջունեց ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ Զոյա Լազարյանը` կարևորելով երկու հայկական պետությունների առողջապահական ոլորտների համագործակցության շրջանակներում իրականացվող նման ծրագրերը։ Անդրադառնալով վերջին տարիներին սեզոնային գրիպի տարբեր տեսակներին և գրիպանման երևույթներին զուգահեռ գլուխ բարձրացնող վտանգավոր վիրուսներին, Զ. Լազարյանն ասաց, որ դրանք արդի շրջանում մարդկությանը նետած մարտահրավերներից են։ Հայաստանը և Արցախը նման իրավիճակներում չեն կարող մեկուսացվել։  Այդ պատճառով էլ հրավիրվել են համապատասխան մասնագետներ, որպեսզի տեղի բուժանձնակազմին ներկայացնեն աշխարհում վիրուսներից հարուցված համաճարակաբանական իրավիճակը՝ ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու համար։ Բացի դրանից,  յուրաքանչյուր տարի պատվաստումների ազգային ծրագրում ևս կատարվում են փոփոխություններ։ Ներդնելով նոր պատվաստանյութեր` առողջապահության ոլորտի պատասխանատուները փորձում են տվյալ խմբի հիվանդությունները կանխարգելել և նվազեցնել, այսինքն՝ ավելի քիչ ծախսով  բնակչության ավելի մեծ խմբեր փրկել վարակիչ հիվանդություններից։ ՀՀ իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավարը մանրամասն ներկայացրեց ոլորտում իրականացվող անելիքները և առաջիկա տարիների ծրագրերը։ Նախատեսվում են որոշ փոփոխություններ, որոնց մասին տեղեկացան նաև Արցախի մասնագետները, որպեսզի Հայաստանի հետ համահունչ կարողանան լիարժեք կազմակերպել պատվաստումների գործընթացը։
Լ. Թորոսյանն իր հերթին անդրադարձավ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների թեմային`  նշելով, որ իրենց նպատակն է կանխարգելել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները՝ պատվաստումների և համաճարակաբանական հսկողության կայուն և գործուն համակարգ ունենալու միջոցով։ Նա խոսեց գրիպի, վերջինիս ենթատեսակների, նոր պոպուլյացիաների, նոր կորոնավիրուսների, թոքաբորբերի մասին, որոնք համարվում են հանրային առողջապահության գերակա խնդիրները։ Գրիպի վիրուսը, ենթարկվելով մուտացիաների, տարեկան ու կիսամյակային կտրվածքով մարդկությանը հրամցնում է անակնկալներ և առողջապահության համակարգի պատասխանատուներին պահում զգոն վիճակում։ Վերջին տարիների գրիպի տարատեսակների 70%-ը ունի կենդանական ծագում։ Ավելի մեծ վտանգ է ներկայացնում խոզը, որովհետև նրա ջերմությունը  36,60 է, այսինքն՝ ունի մարդու մարմնի նույն ջերմությունը և համարվում է մի անոթ, որտեղ միաձուլվում են կենդանական և մարդկային վիրուսները՝ ձևավորելով նոր ենթատեսակներ։ Նույնը վերաբերում է նաև թռչուններին։ Նրանց ջերմությունը 400 է, և նրանցից նույնպես արտազատվում են վիրուսներ։ Անցյալ դարում բռնկվել էր գրիպի երեք համավարակ՝ 1918թ.՝ իսպանական գրիպը, 1957թ.՝ ասիական, 1968թ՝ հոնկոնգյան գրիպը կամ H1N1 կալիֆոռնիական կամ խոզի գրիպը։ Ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձրաձայնում է երկու գլոբալ՝ նոր կրոնավիրուսների  և H7N9  գրիպի խնդիրները։ Սրանք վիրուսներ են, որ ունեն տարբեր  ծագումնաբանություն, վարակի տարբեր աղբյուրներ։ Կորոնավիրուսների վարակի աղբյուրները  չղջիկները, ուղտերը և մարդիկ են։ Դրանք առաջացել են Սաուդյան Արաբիայի և հիմնականում    Մերձավոր Արևելքի երկներում։ Բայց դրանք արդեն սկսել են արձանագրվել Գերմանիայում, ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, այսինքն՝ վարակը միգրացիայի բացասական տեղաշարժերի արդյունքում հայտնվել է նաև եվրոպական երկրներում։ Թռչնային ծագում ունի նաև նոր ի հայտ եկած  H7N9 գրիպը։ Առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում, որի վարակից հետո երկրորդ օրը մարդը ստացել է թոքաբորբ։ Վարակված 800 մարդկանցից 600-ն ունեցան մահվան ելք։ 
Լ. Թորոսյանը խոսեց նաև Էբոլայի վիրուսի մասին, որը համարվում է աշխարհի ամենավտանգավոր վիրուսը։ Այն ունի մի քանի ենթատեսակներ։ Վիրուսը պահպանվում է բնության, դիակների մեջ.   վերջինս համարվում է ամենավտանգավոր գործոնն այդ վարակի փոխանցման համար։ Իսկ հարավաֆրիկյան երկրներում որտեղ էլ հայտնաբերվել է վիրուսը, ըստ ավանդույթի` դիակը պահում են 21 օր, պտտում ամբողջ համայնքում, ինչն էլ հիմք է դարձել վարակի տարածման։  Հիվանդության երկրորդ անվանումը կոչվում արյունային արցունք, այսինքն` նույնիսկ արտասվելու ժամանակ հիվանդի աչքերից արյուն է հոսում։ Գաղտնի շրջանը տևում է 2-21 օր։  Լինելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 58 անդամ պետություններից մեկը` ՀՀ-ն յուրաքանչյուր շաբաթ գրիպի և գրիպանման երևույթների բոլոր տվյալները ներկայացնում է  համաշխարհային կազմակերպություն։ Ինչպես մյուս երկրները, այնպես էլ ՀՀ-ն և ԼՂՀ-ն, պետք է բոլոր ուժերն ու միջոցները կենտրոնացնեն, որպեսզի կարողանան ավելի ճկուն ու լիարժեք արձագանքման համակարգ ունենալ։ Էբոլայի նախնական ատխանշանները շատ նման են գրիպին, և այսօր առաջնային խնդիր են բուժանձնակազմերի զգոնությունը, այս հիվանդությանը լիարժեք տիրապետելը։  Մասնագետները կարևորեցին ոչ միայն դեղորայքային բուժումը, այլև առողջ ապրելակերպ վարելը։ Պետք է ձգտել սնվել վիտամիններով բավականին հարուստ մթերքներով, հաճախակի օդափոխել փակ տարածքները, աշխատել չշփվել հիվանդների հետ, իսկ հիվանդ ժամանակ էլ, բնականաբար, չգնալ աշխատանքի, երեխաներին չտանել ուսումնական հաստատություններ։ 
Արցախում հայաստանյան մասնագետների կողմից կազմակերպված մեթոդագործնական այս սեմինարը միտված էր բարձրացնելու բժիշկների զգոնությունը, հանրության իրազեկվածությունը, տեղեկատվության տարածվածությունը։ Ներկայումս Հայաստանում կան լաբորատոր սարքեր, ձևավորված են արագ արձագանքման թիմեր, կադրային ռեսուրսներ։ Մասնագետները հավաստիացրին, որ, ունենալով բոլոր տեղեկատվությունները հիվանդության առանձնահատկությունների, բուժման, կանխարգելման, հիվանդների հետ վարվելու, նրանց մեկուսացման և այլ պայմանների մասին, կստեղծվի կայուն համակարգ և հնարավորություն`  պայքարելու այս նոր մարտահրավերի դեմ։ Լ.Թորոսյանը նաև ասաց, որ մեր երկիրը չունի վարակի բնական ռեսուրս, այսինքն` մեր հանրապետությունում չկան չղջիկների այն տեսակները, կապիկները, նաև այծյամները, մացառախոզերը, որոնք վիրուսի փոխանցման միջոց են հանդիսանում, բայց  հնարավոր է` բերովի, մարդկային ռեսուրսի միջոցով վարակը տարածվի։ Այդ առումով դեռևս օգոստոս ամսից ՀՀ պետական սահմանի անցակետերում խստացվել է հսկողությունը, տեղադրվել են ջերմացույցներ, որոնք հնարավորություն են տալիս երկու մետրի վրա ախտորոշել` տվյալ անհատն  ունի՞, թե չունի ջերմություն։ Մեկ շաբաթվա ընթացքում եթե միջազգային օդանավակայանը Հայաստանում սպասարկում է 4 հազար, ապա Բագրատաշենի անցակետը՝ 16 հազար ուղևոր, այսինքն` ցուցանիշը ցամաքային անցակետում մի քանի անգամ գերազանցում է, որտեղ էլ պետք է  առավել խստորեն վերահսկողություն սահմանվի։ Բացի դրանից, ուղևորները լրացնում են հասցեական  քարտեր` նշելով, թե որտեղից են գալիս և որտեղ են հանգրվանելու։ Այդ տվյալների հիման վրա էլ  առողջապահության ոլորտի պատասխանատուները կատարում են վերլուծություններ, հիվանդության նշանների դեպքում վերահսկողություն և բուժում, որպեսզի բացառվի բերովի վիրուսի տարածումը։ Ամեն դեպքում մասնագետները զգուշացված են, և սահմանված է վերահսկողություն։ Մասնագետները հորդորեցին բուժհիմնարկների բոլոր պատասխանատուներին՝ անպայման ունենալ և վարակի ժամանակ կրել պաշտպանիչ անհատական արտահագուստ, ձեռնոցներ, դիմակներ, որոնք ֆինանսական առումով մի քանի անգամ ավելի արդարացված են, քան ունենալ հիվանդություն և պայքարել դրա դեմ։ 
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ