[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽԱՆՏԱՌԸ՚ ՀԵՏԱՄՈՒՏ Է ՈՉ ԹԵ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆԸ, ԱՅԼ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

ԼՂՀ-ում գործող ՙԱնտառային օրենսգիրքն՚ ընդունվել է 2006 թվականին: Այն նպատակ ունի կանոնակարգել ԼՂՀ անտառների եւ անտառային հողերի կայուն կառավարման եւ արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության եւ անտառային հողերի հետ կապված հարաբերությունները:
 Օրենսգրքի պահանջների իրականացման և վերահսկողության լիազորությունները դրված են ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության ստորաբաժանում հանդիսացող ՙԱրցախանտառ՚ ՊՈԱԿ-ի վրա: 
Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում կառույցի ղեկավար Արթուր Օհանյանը համաձայնեց, որ Արցախյան պատերազմի տարիներին մեր անտառները ենթարկվել են գերհատումների. անտառները չկարգավորված հատվում էին և որպես վառելանյութ օգտագործվում բնակչության կողմից, ինչի հետևանքով տեղի են ունեցել  կառուցվածքային փոփոխություններ: Ծառերը մասամբ կորցնում էին իրենց բնական վերկանգնման ունակությունը, նվազում էր դրանց  արտադրողականությունը, ակտիվացել էին էրոզիոն երևույթները, որոնք նաև սելավների և սողանքների հավանականություն են առաջացնում: Անտառազրկման եւ անտառների դեգրադացիայի ցայտուն օրինակներ կարելի էր տեսնել հատկապես գյուղամերձ տարածքներում: Հետպատերազյմյան տարիներին, սոցիալական վիճակի բարելավմանն ու գազի և էլեկտրաէներգիայի հասանելիությանը զուգընթաց, ինչպես նաև անտառային տնտեսության կառավարման համակարգում և հսկողություն իրականացնող համապատասխան մարմինների աշխատանքներում իրականացված որոշակի փոփոխությունների արդյունքում արցախյան անտառն իր բնական աճի շնորհիվ վերականգնվեց: Արթուր Օհանյանը տեղեկացրեց, որ ըստ 1997թ. իրականացված ուսումնասիրությունների՝ հանրապետության անտառային հողերն զբաղեցնում են 251,3 հազար հա տարածք, սակայն այսօր անտառաշինական տվյալներն այլ թիվ են հուշում. տեղանքներ կան, որտեղ նախկինում բացատներ էին, իսկ հիմա այնտեղ արդեն աճել են ավելի քան 20 սմ տրամագծով տարբեր ծառատեսակներ: Հիմնվելով այս փաստերի վրա՝ կարելի է ասել, որ մեր հանրապետությունն ունի  280000 հա անտառածածկ տարածք: Ըստ Ա.  Օհանյանի՝ վերջին տասնամյակների ընթացքում անտառավերականգնման և ծառատնկման աշխատանքներ քիչ են իրականացվել: Անդրադառնալով այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին՝  ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ հանրապետության հարավային թևի անտառները զուրկ էին բարձրարժեք հաճարենի ծառատեսակից։ Հաշվի առնելով այդ փաստը՝ դեռևս 2004թ. Հադրութի անտառապետությունում իրականացվել է հաճարենու ծառատունկ, որը շարունակվել է նախորդ տարում` 15 հեկտարի հասնող տարածքում: Անտառների վերականգնման առումով մեր զրուցակիցը կարևորեց նաև  ծառահատումների ճիշտ կազմակերպումը, ինչը ևս խթանում է անտառի ինքնավերականգնման գործընթացին. ըստ մասնագետների` նվազեցված հատումներն անխուսափելիորեն հանգեցնում են անտառի ծերացմանը: 
ՊՈԱԿ-ի տնօրենի ներկայացմամբ` եթե 2012-ին հաշվարկային հատատեղերից օգտագործվել է 60000 խոր. մ անտառանյութ,  2013-ին՝ 74000, ապա ընթացիկ տարում այդ թիվն արդեն 111,6 հազար խոր. մ-ի է հասել: Այս տվյալները, Ա. Օհանյանի վստահեցմամբ, ամենևին էլ չեն փաստում, որ մեր անտառներն այսօր կրկին անխնա հատվում են. թվային տվյալների աճն ամենից առաջ պայմանավորված է ստվերային հատումների բացահայտմամբ։ Բացի այդ, երկու տարի առաջ ՊՈԱԿ-ի տնօրենի առաջարկությունը վերադասն ընդունել է՝ կապված ներքին սպառման և արտահանվող փայտանյութի սահմանափակումները վերացնելու հետ: 
ՙԱյսօր օգտագործվող  ավելի քան հազ. խոր. մ վառելափայտն, օրինակ, եթե համեմատության մեջ դնենք բնակչության քանակի և շրջանների վարչակազմերից ստացվող հայտերի հետ, ապա միանշանակ կարող ենք պնդել, որ այդ թիվն ավելի մեծ կարող է լինել: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ այսօրվա դրությամբ հնարավոր չէ օգտագործել ԼՂՀ անտառային ֆոնդի ողջ տարածքները՝ կապված լեռնային տարածքների դժվարությունների հետ, ապա հատումների ծավալը հնարավոր է հասցնել 500000 խոր. մ-ի՝ առանց վտանգելու մեր անտառների բազմազանությունն ու էկոհամակարգն ընդհանրապես: Հետագայում կառավարության կամ խոշոր ձեռնարկատերերի օգնությամբ եթե անտառներում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացվեն, հատումները կավելանան՚,- ասաց Ա. Օհանյանը:
ՊՈԱԿ-ի տնօրենը հաղորդեց, որ նախորդ տարում ՀՀ արտահանված բնափայտի չափաքանակը կազմել է մոտ 35 հազ. խոր. մ՝ նախորդ տարվա  20 հազարի փոխարեն: Հատատեղերն օգտագործողներին տրամադրվում են մի քանի շերտերով, որոնց տարբաժանումը կատարվում է ըստ հեռավորության, ընդ որում,  գյուղամերձ տարածքները տրամադրվում են տեղի բնակիչներին՝ վառելափայտի համար, իսկ ավելի հեռավոր հատվածները հատկացվում են խոշոր անտառօգտագործողներին, ում գործունեությունը հիմնականում շինափայտի ձեռքբերման նպատակ ունի: 
Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին, մեր զրուցակցի խոսքերով, դրանք տարեցտարի նվազման միտում ունեն, ինչը պայմանավորված է փայտանյութի օգտագործման սահմանափակումների վերացմամբ, ինչպես նաև անտառային թափուկի գնի նվազմամբ: Նախորդ տարվա ինն ամսվա կտրվածքով ՙԱրցախանտառը՚ գրանցել էր  ապօրինի 7 ծառահատում, այս տարվա կտրվածքով 2 դեպք է գրանցվել, որոնց վերաբերյալ նյութերը ներկայացվել են բնապահպանական պետական տեսչություն՝ ընթացքավորելու համար:
 Ինչպես հայտնի է, վերջին տարիներին հանրապետության անտառների փայտանյութն օգտագործվում է նաև վառելիքային բրիկետների արտադրության նպատակով: ժամանակին տարբեր ՀԿ-ներ մտահոգություն էին հայտնել, որ ծավալուն այդ արտադրությունը կվնասի մեր անտառներին: Այս առնչությամբ Ա. Օհանյանը նշեց, որ բրիկետների համար օգտագործվում են հիմնականում հատատեղերի մնացորդները: ՙԿոնկրետ Ավետարանոցում տեղադրված արտադրամասին սկզբում հատատեղ է տրամադրվել եզրային անտառներում, որտեղ իրականացվել են մաքրման աշխատանքներ: Կան նաև նոսրացման կարիք ունեցող տարածքներ, որոնք հատկացվում են հատուկ բրիկետների համար. ներկայում այդ նպատակով օգտագործվում են նաև թփուտանման անտառները, որոնք եթե չենթարկվեն սանիտարական հատման, բնական անտառ չեն դառնա: Այստեղ ամենակարևորը հատման ճիշտ եղանակ օգտագործելն է՚,- մանրամասնեց նա:
Ինչպես միշտ, անտառային ոլորտը մասնագետների պակաս ունի. գործիմաց աշխատողները հիմնականում խորհրդային տարիներին կրթություն ստացածներն  են: Ուրախալի է, որ մի քանի տարի ԱրՊՀ-ում անտառային ոլորտի մասնագետներ են պատրաստվել: Ներկայում շրջանավարտների մի մասն աշխատանքի է ընդգրկվել ՙԱրցախանտառում՚: Խնդիր է նաև անտառապահների՝ նվազագույնին  հավասար աշխատավարձը: Ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի՝ ՙԱրցախանտառն՚ այսօր ունի 128 անտառապահ, որոնցից յուրաքանչյուրը միջին հաշվով 2,5 հազար հա տարածք է հսկում: Հիմնականում լեռնային անտառներ ունեցող մեր հանրապետությունում բավականին բարդ է նման չափի տարածքը վերահսկելը, մանավանդ որ անտառտնտեսությունը տեխնիկական առումով այնքան էլ բարվոք վիճակում չէ: 
Վերջին տարիներին թե՜ ՀՀ-ում, թե՜ մեզ մոտ անտառածածկ տարածքներում տերևակեր վնասատուների և սնկային հիվանդությունների աճ է նկատվում: Ըստ Ա. Օհանյանի՝ այս տարի վարակված անտառահատվածները տագնապեցնող ծավալների չեն հասել, տերևակեր վնասատուների մեծ մասը ոչնչացել էր նախորդած ցրտաշունչ ձմեռվա շնորհիվ։ Չնայած դրան, ՀՀ անտառաշատ վայրերում ընթացիկ տարում իրականացվել են ավիաքիմիական պայքարի միջոցառումներ: Մեր հանրապետության ամբողջ անտառային ֆոնդում ՀՀ մասնագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվել, ճշտվել է վնասված տարածքների չափը: ՀՀ գյուղատնտեսոթյան և բնապահպանության նախարարությունների հետ գալիք տարում նախատեսված է արցախյան անտառներում իրականացնել համատեղ սրսկումներ, որոնք կընդգրկեն այս տարվա վարակված օջախներն ու դրանց հարակից տարածքները:
 
 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ