[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ առողջապահության նախարարությունը նոյեմբերի 1-ից վերսկսել է գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների ամենօրյա դիտարկումները։ Արձանագրված տվյալները հանրապետության բուժհիմնարկները հաղորդում են ԼՂՀ ԱՆ համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն, վերջինս էլ՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը։
Տեսչության համաճարակաբան Կարինե Բալայանի տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 17-28-ը հանրապետությունում  արձանագրվել է 655 դեպք, որից 606-ը (92,5%)՝ երեխաների շրջանում։ Հոսպիտալացված 26 հիվանդներից 23-ը նույնպես երեխաներ էին։ Վերին շնչուղիների հիվանդությունների առումով հոսպիտալացվածներից 12-ը Ստեփանակերտի ՙԱրևիկ՚ մանկական, 5-ական հոգի՝ Ասկերանի և Մարտունու, 1-ը՝ Մարտակերտի և 3-ը Քաշաթաղի շրջանային բուժմիավորումներում են։ 
Մեր զրուցակցի խոսքով՝  մշտադիտարկումներ են իրականացվում նաև հանրապետության նախադպրոցական և ուսումնական մյուս հաստատություններում։ Համաձայն տվյալների՝ նշված ժամանակահատվածում դպրոցներում բացակաների թիվը հասել է 576-ի, որից 257-ը՝ հիվանդության պատճառով, և մանկապարտեզներում 438 բացակա, 136-ը՝ հիվանդության պատճառով։ 
Կ. Բալայանի հավաստմամբ՝ իրավիճակը վերահսկվում է.  հանրապետության բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում վերին շնչուղիներով  հիվանդների  ծանր դեպքեր չկան։ Ծանր հիվանդներ չկան նաև մանկական սոմատիկ բաժանմունքներում։ Բոլոր բուժհիմնարկներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, ախտահանիչ նյութերով, մեկանգամյա օգտագործվող ձեռնոցներով, դիմակներով։ Հանրապետության բուժհիմնարկների հիվանդանոցային այցերը սահմանափակված են։ Գրիպի տեսակների դեպքերի հայտնաբերման ու պարզաբանման համար միջին ծանրության հիվանդներից մասնագետների կողմից վերցված քսուկների նմուշները կուղարկվեն Երևանի հետազոտման համապատասխան կենտրոն։ ԼՂՀ առողջապահության նախարարությունն առաջիկայում կշարունակի ամփոփել դիտարկումների համեմատական տվյալները։
Մասնագետները կրկին զգուշացնում են. գրիպից և վերին շնչուղիների հիվանդություններից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի տարրական կանոնները, սնվել ու քնել լիարժեք, մարզել մարմինը։ Իսկ բարձր ջերմության, հազի, մկանացավի, գլխացավի, հոդացավի, հարբուխի և նման այլ նշանների դեպքում պետք է դիմել բժշկի։ ԼՂՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով գրիպի և սուր-շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, հորդորում է գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, պահպանել անկողնային ռեժիմ, հետևել բժշկի խորհուրդներին։ Հիվանդ վիճակում չի թույլատրվում այցելել հասարակական վայրեր, ուսումնական հաստատություններ, աշխատանքի։ Զանգվածային միջոցառումներին մասնակցելը կարող է դառնալ հիվանդության տարածման ու նոր դեպքերի առաջացման պատճառ։ Խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի օգտագործել հակաբիոտիկներ։ Իսկ հազալու և փռշտալու կանոնները խստորեն պետք է պահպանեն բոլորը։ Ամեն դեպքում պետք է լինել զգոն և հետևել կանխարգելիչ միջոցներին։    
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ