[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԸ՝ ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

IMG_0059.JPGԱյս ամառ հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու և ազգագրագետ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ Քաշաթաղի շրջանում մի շարք պատմական հուշարձաններ ևս հայտնաբերեցինք: Այս անգամ էլ բազում անակնկալների հանդիպեցինք: 
Պարզվում է՝ Քաշաթաղը թանգարան է բաց երկնքի տակ: Ցավով պետք է նշել, որ դարերի ընթացքում, առավել շատ՝ խորհրդային տարիներին, անչափ վնասվել են բոլոր հուշարձանները: 
Հատկապես՝հայ-քրիստոնեականները. բնական է, տարածքի հայաթափումից հետո դրանք ենթարկվել են կործանման։ Այնուամենայնիվ, շատ բան պահպանվել է: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում  նախաքրիստոնեական հուշարձանները, որոնք հավաստում են, որ Քաշաթաղի շրջանը, հատկապես հյուսիսային ալպիական գոտին, եղել է խիտ բնակեցված տարածք, որտեղ բնակվել են հզոր տիրակալներ՝ հիմնելով բազում ամրոցներ, բնակավայրեր, ովքեր ունեցել են մեծ հարստություն ու ռազմական ուժ:
Տանձուտ գյուղը գտնվում է Աղավնո գետի ձախ ափին՝ Ծիծեռնավանքից մոտ 5կմ հյուսիս: Գյուղի պատմական լինելու մասին են խոսում շրջակայքում պահպանված թե՜ նախնադարյան և թե՜ միջնադարյան հուշարձանները: Տանձուտից դեպի Մոշաթաղ ձգվող ճանապարհի աջ կողմում՝ Աղավնո գետի ձախափնյա լանջերին է գտնվում մի հսկայական ժայռ՝ քարայրներով: Ժայռի արևելյան մասում պահպանվել են միջնադարյան ամրոցի պարիսպները, որոշ շինությունների հետքեր: Այս ամրոցի մասին արդեն գրել եմ: Նույն ամրոց-ժայռի հարևանությամբ՝ հարավ-արևմտյան կողմում մեկ այլ բլրի վրա դարեր առաջ նույնպես համեմատաբար փոքր ամրոց է եղել: Օգոստոսի 23-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի և Արտակ Գնունու հետ եղանք հնավայրում: Դիմացը պայմանականորեն ՙՂուշչի-1՚ կոչված ամրոցատեղին է՝ սրագագաթ բլրի վրա: Այս ամրոցն ուսումնասիրել ենք 2013 թվականին, սրա մասին նույնպես գրել եմ: Լինելով միմյանց բավականին մոտ՝ նշված 3 ամրոցները և դեպի հարավ ընկած ևս երկուսը՝ ՙՏանձուտ-1՚-ը և ՙՂուշչի խալա՚-ն, միմյանց հետ հավանաբար կապ են ունեցել: 
Ամրոց ՙՏանձուտ-2՚-ն զբաղեցնում է գետահովտի վրա կախված լեզվակաձև հրվանդանի գագաթը և մասամբ՝ արևելյան լանջը: Ամրոցը մեծ չէ՝ մոտ 50 X 30 մ չափերով: Հրվանդանի եռանկյունաձև գագաթը շրջագծված է հատվածաբար երևացող ամրապարսպով, որի ներսում նկատվում են առանձին պատերի հետքեր: Հրվանդանի հյուսիսային լանջը զառիթափ է՝ պատված թփուտներով, իսկ հարավային՝ արևահայաց լանջի համեմատաբար հարթ ու խիտ կառուցապատված հատվածը եզերված է գագաթի պարսպագծից իջնող և նրան միացող առանձին պատաշարով: Ուշագրավ է, որ հրվանդանի մայր ծակոտկեն ապարը միայն մասամբ է օգտագործվել կառույցների պատերի շարերում, ուր հիմնական շինանյութը ձորեզրից բերված գլաքարերն են: Կառույցների պատերը կապակցողը կավահողն է: Մուտքը եղել է արևելյան կողմում, իսկ հարավային մասում գոյություն է ունեցել գաղտնուղի, որն իջել է դեպի գետ և կապ ունեցել հարևան դիտակետ-ամրոցի հետ: Ըստ հնագետ  Գագիկ Սարգսյանի՝ կարելի է ենթադրել, որ այն Ք.ա. 1-ին հազարամյակի կեսերին վերաբերող ամրոց-դիտակետ է:
Այստեղից շարունակում ենք ճանապարհը դեպի մեկ այլ պատմական գյուղատեղի՝ Ղուշչի, որի արևելյան մասում է հիշյալ ՙՂուշչի-1՚ ամրոցը, որը, սկսած նախաքրիստոնեական ժամանակից,  գոյատևել է մինչև միջնադար: Այն, որ գյուղը միջնադարում եղել է հայաշատ ու շեն, հուշում են վերջերս հայտնաբերված տապանաքարերը, բնակելի քարանձավները, այլ հնություններ: Գյուղի հարավ-արևմտյան կողմում հազարամյակներ առաջ գոյատևել է բավականին մեծ բնակատեղի, որի արևելյան մասում՝ բարձր բլրի վրա, կանգուն է եղել բավականին հզոր ամրություններ ունեցող ամրոց: Ղուշչի գյուղից ոլորապտույտ ճանապարհը բարձրանում է վեր: Ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա՝ ալպիական մարգագետիններով պատված լայնարձակ հարթության հարավային կողմում, որտեղից սկսվում է ձորը, տարածքին հսկում է միակ հսկա կաղնին, որի բնի մոտ մի մեծ դամբարան կա՝ ամբողջությամբ քարից: Այն, որ դամբարանը պատկանում է որևէ տիրակալի, հուշում են մեծ քանակությամբ քարերը, որոնցով կառուցվել է շիրմատունը և ամրացվել: Այստեղից ձգվում է պարսպապատը և շարունակվում դեպի ցած՝ շարունակվելով մոտ 2-3կմ: Ամբողջ երկարությամբ պահպանվել են պարսպի հետքերը: Պարիսպն ապահովել է բնակատեղիի հյուսիսային կողմը, որտեղից 2-3 մուտքեր են եղել, որոնցով ճանապարհն իջել է գյուղի ուղղությամբ՝ դեպի Աղավնո գետը: Պարսպի հարավային կողմում սկսվում է Աղավնո գետի Սթունիս վտակի ձորը, որի լանջին փռված է բավականին մեծ տարածք զբաղեցնող բնակատեղին: Ձորալանջի բարձր մասով անցել է բնակավայրի կենտրոնական փողոցը: Տարածքն ուսումնասիրելուց հետո հնագետ Սարգսյանն ասաց, որ բնակատեղին հանդիսանում է ՙՂուշչի ղալա՚ քաղաքատեղիի բաղկացուցիչ մասը և տարածվում է Ղուշչի գյուղից մոտ 0,6 կմ հարավ։ Բնակատեղիի պատերի հետքերը սկսվում են միջնաբերդից մոտ 600 մ արևելք և մոտ 70 մ բարձր նիշից ու սփռվում մոտ 1000 մ երկարությամբ ու մոտ 400 մ լայնությամբ տարածքում: Բնակատեղիի հարավային եզրագիծը ևս ընդգծված է քարե ցից ցանկապատով, որը գնում է դեպի Սթունիս գետակն իջնող ռելիեֆի կտրուկ կոտրվածքի գծով:  Բնակատեղիի կենտրոնով դեպի հարավ է իջնում մի երկար, կողի վրա ցից կանգնած քարերով շարված պատ: Այն հուշարձանը բաժանում է երկու՝ գրեթե հավասար մասերի: Ուղղանկյուն ու կլորացող շինությունները կառուցված են ճեղքած անմշակ քարերից՝ չոր շարվածքով: Դամբարանները, ամենայն հավանականությամբ, այստեղ էին եղել նախքան բնակատեղիի ձևավորումը և միայն վերջինիս ընդլայնման արդյունքում է, որ հայտնվել են նրա տարածքում: Հուշարձանը կարելի է վերագրել վաղ բրոնզեդարից մինչև վաղ երկաթեդար ընկած ժամանակաշրջաններին: Հրվանդանով շարունակում ենք առաջանալ դեպի արևելք՝ Աղավնոյի աջ ափ, որտեղ բարձր դիրքի վրա է ամրոցի միջնաբերդը: 
   
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր