[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Վերջերս ԼՂՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՙՀաշմանդամների սոցիալական պաշտպանության 2015թ. տարեկան ծրագրին և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին՚  ԼՂՀ կառավարության որոշման նախագիծը։ Հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրն ամրագրված է ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին՚ ԼՂՀ օրենքով և իրավական մի շարք ակտերով։
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Իսրայելյանի պարզաբանմամբ՝ սոցիալական քաղաքականությունը ոլորտում տարվում է հիմնականում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործման, հաշմանդամների համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման, հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության  կատարելագործման և  հաշմանդամների բժշկական, հոգեբանական ու սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովման, հաշմանդամների կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության խթանման, սահմանափակ կարողություններով անձանց մարզական և մշակութային ծրագրերում ներգրավելուն, հաշմանդամների հարցերով զբաղվող պետական և հասարակական    կազմակերպությունների հետ համագործակցելու, հաշմանդամների հիմնախնդիրների վրա պետության և հասարակության ուշադրության բևեռման ուղղություններով։ 
ԼՂՀ-ում ներկայումս հաշվառված է 9111 հաշմանդամ, որոնցից 450-ը մինչեւ 18 տարեկաններն են: Մեր զրուցակցի խոսքով՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում կարևորվում է նրանց խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգը։ Հաշմանդամների խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում են ինչպես շուրջօրյա խնամքի հաստատությունում, այնպես էլ տնային պայմաններում։ ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ ՊՈԱԿ-ում խնամվող 26 միայնակ հաշմանդամներ գտնվում են պետության լրիվ խնամքի ներքո։ Նրանք ստանում են բժշկական օգնություն, ունեն կենսապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները։ 2014 թ. հուլիսի 1-ից ստեղծվել է ՙԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն՚ հիմնարկը։ Այն հնարավորինս ապահովում է Ստեփանակերտում բնակվող շուրջ 40 միայնակ հաշմանդամների սոցիալական սպասարկումը: 
Ընդհանուր առմամբ, հաշմանդամներին տրվում է ամենամսյա դրամական օգնություն. Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին տրամադրվում է ամենամսյա պատվովճար, իսկ ԼՂՀ հիշարժան օրերի կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիներն ստանում են միանվագ դրամական օգնություն։ Հաշմանդամների բուժօգնությունը և բուժսպասարկումը (կանխարգելիչ, բուժական, դեղորայքային, վերականգնողական օգնություն) իրականացվում են պետպատվերի շրջանակներում. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները դեղորայք ձեռք են բերում անվճար, իսկ 3-րդ խմբինը՝  50% զեղչով։ 2014 թվականին պետբյուջեի միջոցների հաշվին կազմակերպվել են անկողնային հիվանդների տնային այցեր, հեմոդիալիզի անցկացում, կազմակերպվել է վերականգնողական, ստոմատոլոգիական, կենտրոնական նյարդային համակարգի ծանր ախտահարումով հիվանդների ամբուլատոր բուժօգնություն և այլն: ՙԿատարելագործվել է հաշմանդամ քաղաքացիներին պրոթեզաօրթոպեդիկ  պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման գործընթացը։ Հաշմանդամներին սայլակները, լսողական սարքերը հատկացվում են սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային պետական մարմինների կողմից։ Այդ պարագաները (բացառությամբ ձեռնափայտի)  տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան։ 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ բժշկասոցիալական  փորձաքննության հանձնաժողովի կողմից 1350 հաշմանդամի համար կազմվել են վերականգնողական անհատական ծրագրեր։ Նշված ժամանակահատվածում  սահմանափակ կարողություններով անձանց տրամադրվել է 28 թիկնասայլակ, 67 հենակ, 58 ձեռնափայտ, 13 քաղաքացու հատկացվել է քայլակ, իրականացվել 15 հաշմանդամի աչքի պրոթեզավորում, իսկ 17-ին հատկացվել է կրծքագեղձի պրոթեզ, 31 հոգու համար անվճար պատրաստվել են ոտքի և այլ պրոթեզներ, վերանորոգվել է 40 պրոթեզ։ Բարեգործական ծրագրի շրջանակում 13 հոգու հատկացվել են էլեկտրական սայլակներ։ Լսողության խնդիրներ ունեցող 18 հաշմանդամների տրվել են թվային ծրագրավորվող լսողական ժամանակակից սարքեր՚,- տեղեկացրեց Ս. Իսրայելյանը։ Հաշմանդամների վերականգնման գործընթացում կարևոր դեր են  խաղում նաև առողջարանային բուժումը և հանգիստը։ 
Աշխատանքներ են հրականացվել նաև հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար նախատեսված միջոցառումների ուղղությամբ։ 2014-2015 ուստարում Արցախում ներառական կրթության մեջ ընդգրկվել է 306, իսկ տնային ուսուցման գործընթացում՝ 71 աշակերտ։ 2014թ. առաջին անգամ հանրապետությունում իրականացվել է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հեռավար (դիստանցիոն) ուսուցման կազմակերպման ծրագիրը, ինչի շնորհիվ 11 երեխա ստանում է ուսուցում։ ՙԶբաղվածության մասին՚ ԼՂՀ օրենքով սահմանված են աշխատաշուկայում անմրցունակ խմբերի  մրցունակության բարձրացմանն ուղղված, մասնավորապես հաշմանդամների համար աշխատավարձի փոխհատուցման և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր։ Հիշյալ օրենքը հնարավորություն է ստեղծում շահագրգռելու գործատուին   սահմանափակ կարողություններով անձանց աշխատանքի ընդունելու հարցում, ավելի մեծ թվով հաշմանդամների ընդգրկելու զբաղվածության ծրագրերում և բարձրացնելու նշված ծրագրերի իրականացման արդյունավետությունը։ 2014թ. ծրագրից օգտվել է չորս հաշմանդամ: Սոցիալապես անապահով ընտանիքների դրամական (պարենային) օգնության ծրագրի շրջանակներում 2014թ. 9 ամսվա ընթացքում 370 հաշմանդամի հատկացվել է 24 մլն 630 հազար դրամ միանվագ օգնություն։
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաշմանդամների սոցիալական պաշտպանության նպատակով 2014թ. հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 6-ը  իրականացվել է ՙԵրիտասարդ հաշմանդամների ճամբար Սևանա լճի ափին՚ միջոցառումը, որին մասնակցել է սահմանափակ կարողություններով 17 երիտասարդ։ Միջոցառման նպատակը  երիտասարդության խոցելի խմբերին հասարակությանն ինտեգրումն էր։ 
Ս. Իսրայելյանի հավաստմամբ՝ ինչպես անցած տարիներին, այնպես էլ 2015-ին իրականացվելու են հաշմանդամների սոցիալական պաշտպանության և նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ։ Դրանք բխում են հաշմանդամների իրավունքների ու շահերի պաշտպանությունից, հաշմանդամներին հասարակությանն ինտեգրելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ և հնարավորություններ ապահովելու, հաշմանդամների բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելու, հաշմանդամ երեխաների ներառական կրթության ու հաշմանդամների զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ