[ARM]     [RUS]     [ENG]

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԱՎԱՌՈՒՄ

Երկրաշարժը բնական երևույթ է, իսկ  աղետը՝ մարդու գործունեության հետևանք։ Եվ որքա՛ն ցավալի է, որ մարդիկ, անգամ տեղի ունեցած բնական այս արհավիրքներից հետո էլ դասեր չեն քաղում և շարունակում են անտեսել վտանգը, ինչը վաղ թե ուշ բերում է ավելի մեծ աղետների։
 Օրինակ՝ 1926թ. յումրիի երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, բայց դրանից հետո էլ չարվեց ոչ մի հետևություն, որն էլ 1988 թվականին բերեց 25 անգամ շատ (պաշտոնական տվյալներով) զոհերի ու  ավերածությունների։ Ներկայիս սերունդների հիշողության մեջ դաջվեց մարդկային անդառնալի զոհերի ու նյութական կորուստների այն պատկերը, որը կոչվում է Սպիտակի երկրաշարժ, որի դասերը մեզ զգաստացրին։ Այդ արհավիրքն ընդգրկեց Հայաստանի Հանրապետության տարածքի 40 տոկոսը՝  1մլն 130 հազար բնակչությամբ։ 
26 տարիներ են անցել։ Վերականգնվել են քաղաքները, շրջանները, գեղեցկացել է ամեն ինչ։ Մարդկային զոհերն են անդառնալի...
Ոչ մի օրենք ավերիչ երկրաշարժի ժամանակ  չի  փրկի  բնակչությանը։ Միակ փրկությունը սեյսմակայուն շինարարության ապահովումն է բնակչության բոլոր խավերի  ուսուցանումը։ Այսինքն,  յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտենա իր անելիքները  մինչև երկրաշարժը, երկրաշարժի պահին և հետո, տիրապետի սեյսմապաշտպանության կանոններին։ 
Բնակչության ուսուցումն և իրազեկության բարձրացումը աղետին  նախապատրաստվելու, ԼՂՀ և հարակից տարածքներում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրի կարևոր դրույթներից մեկն են։ Ուսուցումը կրթական համակարգում ամենաարդյունավետն է, այն առումով, որ ձեռք են բերվում գիտելիքներ երկրաշարժի և նրանից պաշտպանվելու վարքականոնների մասին։ 
2005 թվականին Ճապոնիայի Հյոգո նահանգի Քոբե քաղաքում տեղի ունեցավ Աղետների նվազեցման համաշխարային համաժողովը, որն ընդունեց  2005-2015 թվականների Ազգերի և համայնքների ՝աղետներին դիմակայելու ունակությունների զարգացման գործողությունների ծրագիր։ 
Հյոգոյի  գործողությունների ծրագիրը հստակորեն ընդգծեց, որ աղետների ռիսկերի նվազեցմանը միտված ուսուցման գործընթացը պետք է հանդիսանա հանրային կրթության քաղաքականության և ռազմավարության անբաժանելի մասը՝ հստակորեն նպաստելով հասարակության և պետության կայուն և բարեհաջող զարգացմանը։
Ժամանակակից աշխարհում ոչ մի երկիր ապահովագրված չէ տարաբնույթ աղետներից, սոցիալական ցնցումներից և այլ մարտահրավերներից, իսկ նման իրավիճակներում առավել խոցելի է բնակչությունը, իսկ երեխաները համարվում են հատուկ խոցելի խումբ։ Այդ գործում կարևորվում է աղետների ռիսկերի նվազեցման ուսուցանումը։ Վերջինիս հիմնական նպատակն է երեխաների գիտելիքների ու  կարողությունների գործնական օգտագործումն արտակարգ իրավիճակներում։ Եթե փորձենք ամփոփ ձևակերպել աղետների ռիսկերի նվազեցման կրթության գերակա նպատակը, ապա այն երիտասարդության և աճող սերնդի մեջ համապատասխան մտածողության և վարքագծի, ակտիվ քաղաքացիական  դիրքորոշման ձևավորումն է, իր և իր երկրի համար պատասխանատու լինելը։  Վերջինից էլ բխում են կրթության բնագավառում աղետների ռիսկերի նվազեցման գործընթացները։ 
Դրանք են՝
1. երեխաների և աշակերտների իրազեկվածության ապահովումն արտակարգ իրավիճակների, բնական աղետների և դպրոցի անվտանգության մասին, որպեսզի նրանք կարողանան ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ քայլեր, ինչպես նաև արդարացված  որոշումներ կայացնեն արտակարգ իրավիճակների կամ ճգնաժամերի ժամանակ,
2. հանրակրթության պետական կրթակարգի, առարկայական ուսումնական ծրագրերի, հատկապես հասարակագիտության, աշխարհագրության, լեզուների և գրականության արտակարգ իրավիճակների, բնական աղետների վերաբերյալ թեմաների, այդ թվում՝ միջազգային լավագույն փորձի ընդգրկումը, 
3. մանկավարժական բուհերի ուսումնական և վերապատրաստման ծրագրերը, որոնք ուսուցիչների համար հնարավորություններ կստեղծեն յուրացնելու թեմաներ, որոնք առնչվում են կրթության կազմակերպմանն արտակարգ իրավիճակների ժամանակ։ 
Այդ նպատակով մանկավարժական բուհերը, դպրոցները, ուսուցիչների վերապատրաստման հաստատությունները պետք է ունենան արտակարգ իրավիճակներին առնչվող ուսումնական նյութերի,  ուղեցույցների, ձեռնարկների, նվազագույն չափորոշիչների և կրթական հետազոտությունների հաշվետվությունների շտեմարան, նախարարությունները և գերատեսչությունները (Կ  նախարարությունը, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը) քաղաքաշինական կառույցներին պետք է ներկայացնեն դպրոցների ու մանկապարտեզների կառուցման ուղեցույցներ և չափորոշիչներ՝ հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա։
Կրթական և քաղաքաշինական տեղական իշխանությունների ներկայացուցիչները պետք է ապահովեն տվյալ ուղեցույցների և չափորոշիչների պահանջների կատարումը դպրոցների, մանկապարտեզների շինարարության ժամանակ։ 
Միաժամանակ աղետների ռիսկերի նվազեցմանը կցված ծառայությունները պետք է մշակեն ուսումնական հաստատությունների արտակարգ իրավիճակներից առաջ և հետո գործողությունների համընդհանուր ընթացակարգեր։
Աղետների կառավարման պլանները պետք է ներառեն կրթության վերականգման մեխանիզմներ։
Միանգամայն հասկանալի է, որ  աղետների  ռիսկերի նվազեցման կրթության այս նպատակների և գործընթացների արդյունավետ իրականացումը ենթադրում է ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների, ուսուցման և ուսումնառության ինտերակտիվ մեթոդների ներդնում և կիրառում։ 
Աղետների ռիսկերի նվազեցման  կրթության մատուցումը երկարատև և շարունակական գործընթաց է, ընդգրկում է երկրի ամբողջ բնակչությունը և անց է կացվում փուլ առ փուլ՝ հաշվի առնելով մարդու զարգացման փուլերն ու տարիքային առանձնահատկությունները։ Ուստի աղետների ռիսկերի նվազեցման  կրթությունը պետք է սկսել ամենակրտսեր տարիքից՝ նախադպրոցական հաստատությունում, իսկ դրա իրականացմանը պետք է մասնակցեն ոչ միայն մասնագետները,  այլև մանկավարժները, ծնողները, հասարակությունը և բոլոր այն կառույցները, որոնք պատասխանատու են մարդու կյանքի և առողջության համար։ 
Հյոգոյի գործողությունների ծրագիրը հանդես եկավ որպես աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունների յուրօրինակ բեմագիր, որին միացավ նաև Հայաստանը։
Առաջնորդվելով Հյոգոյի գործողությունների ծրագրով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ Իրավիճակների Նախարարության  Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների բաժինը շարունակում է ուսուցումներ անցկացնել  նախարարություններում,  գերատեսչություններում, հիմնարկ-ձեռնարկություններում, բուհերում՝ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների վերաբերյալ  թեմայով։ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի կողմից հաստատված  ժամանակացույցի համաձայն՝ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները ուսուցիչների հետ միասին այցելում են ծառայություն, տեղում անց է կացվում ուսուցում, դպրոցականները ծանոթանում են բոլոր բաժինների գործունեությանը։ 
Ուսուցումներ են կազմակերպվելու նաև ԼՂՀ բոլոր շրջանների կրթության բաժիններում։ 
Սպիտակի ահեղ երկրաշարժի 26-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ ենք կազմակերպում Ստեփանակերտի թիվ 2 և թիվ 7 դպրոցներում՝ ՙՊատրաստ եղիր դիմակայելու աղետին՚ թեմայով, որի նպատակն է բարձրացնել դպրոցականների իրազեկվածությունը սեյսմապաշտպանության վարքականոններին։ 
 
Հայկանուշ ԵՍԱՅԱՆ
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության
բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ