[ARM]     [RUS]     [ENG]

ԵԿԱՎ ՈՒ... ՄՆԱՑ

 6666.jpgՄի սիրիահայ  աղջկա պատմություն

Շողիկ  Չուլջյանն Արցախում ապրում է արդեն 7 ամիս, աշխատում է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության պետական վարչությունում։ Մինչ այդ նա ապրում էր Սիրիայի Հալեպ քաղաքում, աշխատում ու ստեղծագործում էր, ի դեպ, նա շատ լավ նկարում է, ծրագրեր ու սպասելիքներ ուներ  ապագայի հանդեպ։  
Սիրիահայ այս աղջկա հայրենիք գալու առիթը պատերազմն է, որը խառնեց հայուհու բոլոր խաղաքարտերը, միգուցե փոխեց նաև ճակատագիրը։ 
Այդ ռոմանտիկ, ուժեղ երևակայությամբ հայուհուց փորձեցի պարզել, թե նա Երևանի փոխարեն ինչու ընտրեց Ստեփանակերտը, ինչ էր կորցրել ու ինչ գտավ։
- Սրանից մի երեք տարի առաջ որպես զբոսաշրջիկ եղել եմ Արցախում, և մարդկանց ջերմությունը, ընտանեկան ավանդույթները, մարդկային պարզ հարաբերությունները  խոր տպավորություն են  թողել վրաս, սիրել եմ երկիրը, ու երբ ժամը հասավ Հալեպից դուրս գալու, հոգեպես ճնշված ու մի տեսակ աշխարհաքաղաքական խաղերից անարգված, ես որոշեցի հենց այստեղ գալ, որտեղ մարդկանց շրջապատում ես ինձ ավելի հանգիստ ու ավելի ընդունված կզգամ, քան, ասենք, մոդեռն, գեղեցիկ շենքերում ու փողոցներում։ 
Հիշում եմ, թե ոնց առաջին անգամ իբրև զբոսաշրջիկ չկամությամբ եկա Արցախ։  Երբ ընկերներս պատրաստվում էին գալ, ես սկզբից հրաժարվեցի, երկար ճանապարհ կտրել գալ, իմ համար ցանկալի չէր։ Երևի ճակատագրական էր, որ ի վերջո տեղի տվեցի ընկերներիս համոզումներին, ընդունեցի հրավերն ու եկա Արցախ, ինչն իմ կյանքում թերևս անկյունադարձային նշանակություն ունեցավ։
- Ձեր պատկերացումներն ի՞նչ չափով արդարացվեցին։
- Մարդկանց վերաբերմունքի, ջերմության առումով սպասելիքներս արդարացան։ Շատ լավ մարդկանց հանդիպեցի, որ ինձ շրջապատեցին ջերմությամբ ու հոգատարությամբ և օգնեցին առաջին օրերին։ Նաև հույս ունեի, որ գործ կգտնեմ, որն արդարացվեց։ Մի ասացվածք կա.  քաջերին կյանքը պարգևատրում է։  Ես փորձեցի քաջություն անել ու կարծես թե ճիշտ ճանապարհի վրա եմ։ Միակ բանը, որ նեղում է ինձ, դա տեղի բարբառն է։ Հույս ունեմ, որ դա էլ կհաղթահարվի։
- Կան բաներ, որ Ձեզ համար զարմանալի ու անսպասելի են։
¬Այո, իմ պատկերացումներով արցախցին պայքարող է, բայց այսօր երիտասարդության  մի որոշ մասի մոտ ես ավելի շատ հանձնվողական տրամադրություններ եմ տեսնում, համարձակ մտքերի, ապա և ծրագրերի բացակայություն։  Չգիտեմ, միգուցե կան բաներ, որ ես լրիվությամբ չեմ ընկալում կամ լավ ծանոթ չեմ, բայց տպավորությունս այնպիսին է, թե դժվարության հանդիպելուց, այսօրվա երիտասարդը հանձնվում է, պատրաստ չէ պայքարել։  Ասենք, ինչ¬որ բան փոխելու համար այդ փոփոխությունը ոչ թե պետք է սպասել ուրիշներից, այլ պետք է նաև քայլ կատարել, ինչու չէ, պայքարել, չէ՞ որ կյանքն ինքն իրեն պայքար է։ Ու պայքարել չի նշանակում պայքարել սոսկ թշնամու դեմ, նաև՝ կյանքի դժվարությունների դեմ։ 
Հետո ինձ համար զարմանալի ու մի տեսակ անընդունելի է, որ մարդկանց մի մասի մոտ իշխում է երկիրը հնարավորության դեպքում թողնելու գաղափարը։ Ասենք՝ ինձ համար անհասկանալի է, որ ծնողը երեխային ռուսերենի կամ անգլերենի ուսուցման է տալիս, կարծես ՙէն գլխից՚ երեխայի մոտ ծրագիր դնելով, որ ուրիշ երկրում ապրելու դեպքում երեխան լեզվի խնդիր չունենա։ Մինչդեռ պետք է երեխայի ապագան կապել հայրենիքիդ ապագայի հետ, և ամեն ինչ անել, որ այդ ապագան գեղեցիկ լինի։
- Համատեղելի՞ է արդյոք Շողիկ Չուլջյանի և Արցախի ապագան։
- Կյանքն ինձ այնպիսի մի դաս է տվել, որ ես այլևս հեռահար ծրագրեր չեմ կազմում ու նպատակներ չեմ դնում, քանզի մեկ օրվա մեջ այնպես են փոխվում խաղաքարտերը, պլանները։ Ապրում եմ միայն  ներկայով ու շատ մոտ ապագայով։ 
Մյուս կողմից, պետք է ասեմ, որ առաջին անգամ Արցախ այցելությունն այնպիսի ազդեցություն էր գործել, որ կապվածություն էր առաջացել, ու եթե անգամ Արցախում չապրեի, ապրելու էի Արցախով, ասել է թե՝ անպայման  ամբողջ կյանքս պարտավորված էի զգալու ինչ¬որ բան անել Արցախի համար։
- Իսկ խորհուրդ կտայի՞ք որևէ մեկին հարազատներից, ընկերներից հետևել Ձեր օրինակին, գալ ու ապրել Արցախում։
- Այո, նրանք, ովքեր վստահ են, որ աշխատանք կունենան, ովքեր այնպիսի մասնագիտություն ունեն, որի կարիքն Արցախն ունի, անշուշտ ասել եմ, կասեմ, որ իրենք  ևս  գան ու փորձեն հաստատվել այստեղ։
;