[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

dubrovno_rotoviroz_rotovirusnaya_infekciya_zheludochnyy_gripp_.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ առողջապահության նախարարությունը նոյեմբերի 1-ից իրականացնում է գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների մշտադիտարկում։ Արձանագրված տվյալները հանրապետության բուժհիմնարկները հաղորդում են ԼՂՀ ԱՆ համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն, վերջինս էլ՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը։
Տեսչության համաճարակաբան Կարինե Բալայանի տեղեկատվությամբ՝  նոյեմբեր ամսում հանրապետության տարածքում գրանցվել է վերին շնչուղիների հիվանդությունների 2449 դեպք, որից 2196-ը ( 87%)՝ մինչև 18 տարեկանների մոտ։ 2013թ. նույն ամսվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 717-ով:
Դիտարկվող ժամանակաշրջանում հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հոսպիտալացվել է սուր-շնչառական վարակներով մինչև 18 տարեկան 57 հիվանդ: Համաճարակաբանի պարզաբանմամբ՝ հիվանդների քիթ-ըմպանից վերցվել են 13 քսուկներ և ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդության վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա: Հետազոտության արդյունքները բացասական են եղել, գրիպի վիրուս չի հայտնաբերվել:
Ամենօրյա դիտարկումներ են իրականացվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում՝  պարզաբանելու բացակայությունների պատճառները: Հիվանդության պատճառով բացակաների թիվը մանկապարտեզներում կազմել է 8,7%, դպրոցներում՝ 2,5%: ԼՂՀ առողջապահության նախարարությունն առաջիկայում կշարունակի ամփոփել դիտարկումների համեմատական տվյալները։
Հանրապետության բոլոր բուժհիմնարկներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և ախտահանիչ նյութերով։ Նշենք նաև, որ ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ու Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետները դեկտեմբերի 3-4-ը մասնակցել են Երևանում ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների կողմից  կազմակերպված սեմինարներին։ Թեմաները վերաբերում էին վերին շնչուղիների հիվանդություններին, գրիպի վիրուսներին և աշխարհի տարբեր երկրներում Էբոլա վիրուսով հարուցված համաճարակաբանական իրավիճակին։ Այդ առումով ցուցադրվել է տեսաֆիլմ։ Էբոլան հետզհետե սկսել է տարածվել գրեթե ամբողջ աշխարհում: Այն հասել է ԱՄՆ, Եվրոպա, ասիական երկրներ: Հիմք ընդունելով ԱՀԿ¬ի մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները՝ ՀՀ և ԼՂՀ առողջապահությունների նախարարները հրամաններ են արձակել, որոնցով ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։ Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերել ջերմող հիվանդներին։ Ձեռք են բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստներ՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։ Իսկ բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել են մեթոդական ուղեցույց, հուշաթերթիկներ բնակչության համար։ Այդ առումով իրականացվել և շարունակում են կազմակերպվել սեմինար-դասընթացներ ոչ միայն բուժհաստատությունների բուժանձնակազմերի, այլև տուրիստական և այլ շահագրգիռ կազմակերպություններ համար։ 
Հաշվի առնելով գրիպի և սուր-շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը՝ ԼՂՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ բարձր ջերմության, հազի, մկանացավի, գլխացավի, հոդացավի, հարբուխի և գրիպանման այլ նշանների դեպքում պետք է մնալ տանը և պահպանել անկողնային ռեժիմ, դիմել բժշկի ու հետևել նրա խորհուրդներին։ Հիվանդ վիճակում չի թույլատրվում այցելել ուսումնական հաստատություններ, աշխատանքի, հասարակական վայրեր, զանգվածային միջոցառումների։ Մասնագետներն զգուշացնում են, որ գրիպից և վերին շնչուղիների հիվանդություններից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի տարրական կանոնները, չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ, ու եթե շրջապատում կա գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն։ Կարևոր է նաև չօգտագործել անհարկի հակաբիոտիկներ, պահպանել հազալու և փռշտալու կանոնները, հաճախակի օդափոխել փակ տարածքները և հագնվել եղանակին համապատասխան։ Ամեն դեպքում անհրաժեշտ է սնվել լիարժեք՝ ընդունել սպիտակուցներով, հանքային աղերով և վիտամիններով հարուստ սնունդ, ինչպես նաև մարզել մարմինը և քնել լիարժեք։
ԼՂՀ առողջապահոթյան նախարարության հավաստմամբ՝ հանրապետությունում իրավիճակը վերահսկվում է։
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ