[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

1374239834_invalid.jpgԱնկախացումից հետո Արցախի Հանրապետությունը հնարավորություն չուներ լիարժեք լուծում տալ հասարակության խոցելի խմբերի, այս պարագայում` հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներին, սակայն այն, ինչ արվում է այսօր, հիմք է տալիս  լավատեսորեն տրամադրվել ապագայի հանդեպ:
Հիմնվելով մեր ազգային արժեքների վրա, օգտագործելով զարգացած երկրների փորձը և նվաճումները, մենք կերտում ենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամ մարդը հնարավորություն կունենա ապրել լիարժեք կյանքով: Պատահական չէ, որ տարեցտարի ավելանում են  հաշմանդամների նկատմամբ պետական ուշադրությունն ու աջակցությունը:
Մարտունու սոցծառայության տարածքային գործակալության տրամադրած տեղեկատվության համաձայն` ս.թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ  շրջանում կա  25 առաջին, 163 երկրորդ  և 178 երրորդ խմբերի հաշմանդամ: Ընդհանուր հիվանդության առաջին խմբի հաշմանդամների թիվը հասնում է 74-ի: 
-Հաշմանդամների միջազգային օրը յուրատեսակ կոչ է հանրությանը` ուշադրություն հրավիրել հասարակության այն անդամներին ու նրանց խնդիրներին, ովքեր, սահմանափակ հնարավորություններ ունենալով, ավելի հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ուշադրությունն ու սերը երբեմն կարող են շատ ավելի օգտակար լինել, քան բժշկությունը և ցանկացած աջակցություն,-  նշեց գործակալության պետ Սերգո Շաքարյանը:- Եվ մենք պարտավոր ենք տալ այդ ամենը նրանց: Ճակատագրի կամոք այդ մարդկանց բաժին ընկած սահմանափակումները մենք պետք է փորձենք գոնե ինչ-որ տեղ փոխհատուցել այնպիսի վերաբերմունքով, որ նրանցից որևէ մեկն իրեն օտարված չզգա շրջապատից: Պետությունն  իր այսօրվա հնարավորությունների շրջանակում ձգտում է լուծում տալ հաշմանդամների խնդիրներին: Հաշմանդամների նկատմամբ ձևավորված կարեկցական վերաբերմունքի փոխարեն նրանց պետք է ընկալել որպես հասարակության լիարժեք անդամներ և ստեղծել  հավասար հնարավորություններ, որպեսզի լիարժեք ինտեգրվեն հասարակությանը, զգան, որ անտեսված և մոռացված չեն: Մենք պարտավոր ենք օգնել նրանց` գտնելու իրենց տեղը հասարակության մեջ։
Ըստ գործակալության պետի՝ աշխատանք, տրանսպորտից օգտվելու  հնարավորություն, մատչելի միջավայրի ապահովվածություն. սրանք այն խնդիրներն են, որոնց ամեն օր բախվում են հաշմանդամները: Իրենց նպատակն է պաշտպանել հաշմանդամների արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակությանը, որի համար արվում է ամեն հնարավորը: Հաշմանդամությունն ինքնին խնդիր չէ, հաշմանդամությունը կարգավիճակ է, սակայն կարող է մի շարք հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ: Հաշմանդամություն ունեցող անձինք համընդհանուր խնդիրներից զատ լրացուցիչ խոչընդոտների առաջ են կանգնում: Երբեմն այն ինքնամեկուսանալու, հասարակությանը չինտեգրվելու, ակտիվ կյանքով չապրելու պատճառ է դառնում: Հաշմանդամությունը սոցիալական կարգավիճակ է: Հաշմանդամը, ով կարողանում է ապրել հասարակական-քաղաքական կյանքով, բնականաբար, իրեն հաշմանդամ չի զգում: Այստեղ կարևորն այն է, թե ինչպես է մարդն իր խնդիրն ընկալում: Հաշմանդամությունը, այսպես ասած, իրավիճակի ընկալումն է տվյալ անձի կողմից:
Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Ն. Սողոմոնյանի ս.թ. նոյեմբերի 27-ի կարգադրությամբ և Մարտունու սոցծառայության տարածքային գործակալության պետ Ս. Շաքարյանի նախաձեռնությամբ ԼՂՀ և ընդհանուր հիվանդության առաջին խմբերի կույր և անկողնային հաշմանդամներին խորհրդանշական օրը ցուցաբերվեց նյութական օգնություն (սննդամթերք)՝  700.000 դրամի չափով: 
Քաղաքացին հաշմանդամության կարգավիճակ ստանալուց հետո ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ կենտրոնը տարածքային սոցիալական ծառայության մարմիններին է ուղարկում հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ), որում նշվում է նրա բուժզննման, բուժման, սոցիալ-միջավայրային հարմարեցման, աշխատանքի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման և այլ խորհրդատվությունները: 
Այսպես, համաձայն ՎԱԾ-ի` ընթացիկ տարում 10 հաշմանդամի տրամադրվել են թիկնասայլակներ, 5 հաշմանդամի` լսողական սարքավորումներ: Մեկ հաշմանդամի աչքի պրոթեզավորում է կատարվել Հայաստանում: 
51 հաշմանդամի հատկացվել են առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր, որից Ջերմուկի առողջարան՝  33, Արզնի առողջարան՝ 15, ՙԳրացիա՚ ՄՎԿ` 3 ուղեգրեր:
Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողներին տրամադրվում է պարտադիր պետական ապահովագրական գումար, 1-ին խմբի հաշմանդամի համար` 455հազ. դրամ, 2-րդ խմբի համար` 364հազ. դրամ, 3-րդ խմբի համար` 273հազ. դրամ:
Դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ գրանցված է հաշմանդամություն ունեցող 60 երեխա, որոնք ստանում են ամսական 18-հազարական դրամ նպաստ:
Հաշմանդամ ծնողների երեխաներն օգտվում են պետական հովանավորությունից: 1-ին կարգի հաշմանդամի 15  ընտանիքի 27 երեխա ամսական ստանում է 15-հազարական դրամ նպաստ, 2-րդ կարգի հաշմանդամի 127 ընտանիքի 253 երեխա` 9-հազարական դրամ:
Ազատամարտի հաշմանդամ վետերաններն աջակցություն են ստանում նաև ԱԱՄ Մարտունու տարածքային միավորման կողմից: Նախագահ Ս. Երեմյանը տեղեկացրեց, որ 2013-14թթ. կարիքավոր հաշմանդամ ազատամարտիկներին տրամադրվել են սառնարան, լվացքի մեքենա, գազօջախ: Որոշ հաշմանդամ ազատամարտիկների էլ հատկացվել է դրամական օգնություն` Հայաստանում առողջարանային բուժման նպատակով:
Ամեն տարի Մայիսյան եռատոնի և ԼՂՀ հռչակման տոնական օրերի կապակցությամբ շրջանի հաշմանդամ ազատամարտիկները ԱԱՄ Մարտունու տարածքային միավորման կողմից պարգևատրվում են ԼՂՀ պետական և ՀՀ գերատեսչական մեդալներով:
Ս. Երեմյանի խոսքերով` ամեն ինչ արվում է, որպեսզի մեր հաշմանդամներն իրենց լիարժեք զգան սեփական առողջության և արյան գնով պաշտպանած հողում:
Քաղաքում գործող ՙՀոգևոր վերածնունդ՚ հասարակական կազմակերպությունը տարին երկու անգամ` հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը և Նոր տարվա նախաշեմին՝ նվերներ է հանձնում մանկուց հաշմանդամ երեխաներին:
Այո, մեր հասարակությունն անհանգստացած է հաշմանդամի խնդիրների լուծմամբ և մարդասիրական վերաբերմունքով փորձում է հնարավորինս նեցուկ լինել նրանց:
 
Արմինե  ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի