[ARM]     [RUS]     [ENG]

ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔԸ ՊԱՅՔԱՐ Է՝ ԲԱՌԻՍ ՈՒՂՂԱԿԻ ԻՄԱՍՏՈՎ

invalid_2011.jpgԻնչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և Արցախում հաշմանդամների հիմնախնդիրներն առավել քան հրատապ են: Այդ են վկայում վիճակագրական տվյալները: ՙԱրցախում այսօր հաշմանդամություն ունեցող ինը հազար քաղաքացի ունենք: 
Նրանցից երկու հազարն այդ կարգավիճակում հայտնվել են պատերազմի արդյունքում՚,- թվարկում է ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության գործակալության պետի պաշտոնակատար Համլետ Պետրոսյանը: 
Եթե հազարները միավորների վերածենք եւ ընդունենք, որ Արցախը շուրջ 150 հազար բնակիչ ունի, պարզ կդառնա, որ այս կարգավիճակն ունի Արցախի 15 բնակչից մեկը: Ցուցանիշը, մեղմ ասած, ցածր չէ: Թվում է՝ միայն այս վիճակագրությունը պետք է բավարար լիներ, որ հասարակությունը եւ ճակատագրի բերումով հաշմանդամի կարգավիճակին արժանացած նրա մասնիկները միմյանցից խորթացած չլինեին: Սովորաբար ասում ենք, որ այսպես է: Բայց իրականությունը  կարծես այլ բան է հուշում: Հասարակությունն այսօր ապրում է իր լիարժեք, լիաթոք կյանքով: Իսկ նրա անդամներից ինը հազարը իրենց հոգսերի, իրենց խնդիրների հետ մի տեսակ առանձնանում են։ 
Յուրաքանչյուրը պայքարի իր պատմությունն ունի: Էդիկ Աբրահամյանն, օրինակ, Մարաղա գյուղից է: Ոտքերից զրկվել է 1992թ. Մարաղայի ողբերգության հետեւանքով: Դրանով նրա համար պայքարի մի նոր փուլ սկսվեց, պայքար՝ բոլորին հավասար ապրելու եւ աշխատելու համար: ՙԵթե մարդ ցանկանում է աշխատել՝ կաշխատի՝ ինչ պայմաններում ու ինչ վիճակում էլ որ հայտնված լինի,- 20 տարի հետո, կոշկակարի սեփական արհեստանոցում իր դիտարկումներն է ներկայացնում նա։-  Այս արհեստանոցը կառուցելու համար 20 տարի պայքարել եմ, 20 տարի դիմումներ եմ գրել, խնդրել, որ տեղ հատկացնեն: Վերջապես հաջողվել է: Ես էլ իմ տունը բանկում գրավ եմ դրել, գումար վերցրել, այս արհեստանոցը կառուցել՚: Պետության կողմից իրականացվող ծրագրերում ընդգրկված է: Ուղեգրով արտասահմանում առողջարանային բուժման կուրս է անցնում: Վերադառնում է շնորհակալության, ու մի քիչ էլ՝ նախանձի զգացումով. առողջարանային քաղաքում իրենց՝ սայլակավորների համար անհասանելի տեղ գրեթե չկա: ՙՄեր խումբը Սակիում է բուժվում: Այդ փոքրիկ քաղաքում մենք ազատ շրջում էինք: Այնտեղ խանութ չկար, որ չկարողանայինք սայլակներով մտնել, անգամ երկրորդ հարկ էինք բարձրանում՚,- պատմում է Էդիկ  Աբրահամյանը: Այսօր օրվա մեծ մասն արհեստանոցում է անցկացնում: Ստեփանակերտում էլ մեքենայով է տեղաշարժվում: Բախտակից ընկերներից լսել է. քաղաքում թեքահարթակներ կան, բայց իր աչքով տեսնելուց հետո որոշել է ռիսկի չդիմել: ՙՔաղաքում մի քանի տեղ թեքահարթակներ տեսել եմ, բայց մեծ մասի թեքությունն այնքան մեծ է, որ անգամ չեմ փորձի դրանցից օգտվել՚,- անկեղծանում է Է. Աբրահամյանը:
Թեքահարթակով է հասնում նաեւ իր արհեստանոցը: Արդեն ժպիտով է հիշում՝ շինարարները կառուցել էին սովորականի պես, պակասը ինքն է լրացրել ու թեքահարթակն արդեն իր նպատակին է ծառայում. ՙԴե, այո, թեքությունը շատ էր մեծ: Թեքահարթակը մի փոքր երկարացրի, թեքությունը մեղմացավ, եւ արդեն հանգիստ ելումուտ եմ անում՚: Սա իր հաղթահարած ամենամեծ դժվարությունը չի: Ամենաբարդը պարտադրված միայնությունն է եղել ու աշխատելու հնարավորությունից զրկված լինելը: Դրանք արդեն անցյալում են:
Սա պայքարի ինը հազար պատմություններից մեկն էր: Այս դեպքում պատմության հերոսը կարողացավ ինքնուրույն լուծել իր զբաղվածության խնդիրը:
Հաշմանդամություն ունեցողների զբաղվածության խնդրի կարգավորմանը նաեւ պետական ծրագրեր են ուղղված: Սկսենք նրանից, որ հաշմանդամները կարող են ընդգրկվել այդ ոլորտում իրականացվող ծրագրերից յուրաքանչյուրում՝ բոլորին հավասար: Նախորդ տարիներին, օրինակ, նրանք բավական ակտիվ մասնակցել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացներին: ՙՕրինակ, 2012 թվականին իրականացվել  է մասնագիտական ուսուցում՝ համակարգչային հաշվապահություն, համակարգչային տեխնիկայի վերանորոգում եւ ծրագրերի տեղադրում մասնագիտություններից, որին մասնակցել է նաեւ 12 հաշմանդամ: Նրանցից հինգն արդեն աշխատանքի է ընդունվել: 2013թ.  22 հաշմանդամ է մասնակցել: Նրանցից 8-ը աշխատանքի է տեղավորվել՚,- ձեռքբերումներն է նշում ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության գործակալության պետի պաշտոնակատար Հ. Պետրոսյանը: Ծրագիրն այս տարի ևս շարունակվում է, սակայն հաշմանդամություն ունեցող քաղաքացիներից մասնակցության հայտեր չեն ստացվել, մանրամասնում է գործակալության ղեկավարը:
Զբաղվածության խնդրի կարգավորման որոշ ծրագրեր անմիջականորեն հաշմանդամներին են հասցեագրված: ՙԾրագրով նախատեսված է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի սուբսիդավորում: Մասնակի սուբսիդավորվում է նաեւ հաշմանդամին ուղեկցողի աշխատավարձը, եթե ուղեկցողի կարիք է զգացվում: Նաեւ աշխատանքային պայմանների հարմարեցման նպատակով միանվագ գումար է տրամադրվում գործատուին՚,- ծրագրերը ընդհանուր գծերով է ներկայացնում է մեր զրուցակիցը: Գործատուին՝ աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրում 2012-ին՝ երեք, 2013-ին՝ հինգ, 2014-ին՝ կրկին երեք հաշմանդամ է ընդգրկվել: Այս ընթացքում ծրագրին մոտ 3 միլիոն դրամ է ուղղվել:
Գործակալության ղեկավարը լավատես է: Հաշմանդամների զբաղվածության խնդրի կարգավորմանը կնպաստեն նաեւ օրենսդրական դաշտում վերջերս կատարված փոփոխությունները: Այս դեպքում արդեն գործատուները որոշակի պարտավորություններ են ստանում արդեն օրենքի պահանջով: 100 եւ ավելի աշխատակից ունեցող պետական հատվածի գործատուներն աշխատատեղերի 3, մասնավոր հատվածի գործատուները 1 տոկոսը պետք է աշխատաշուկայում անմրցունակ համարվողներին հատկացնեն:
Ինչպե՞ս են արձագանքում գործատուները: ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ն, օրինակ, հանրապետության խոշոր գործատուների թվում է: 600-ից ավելի աշխատակից ունի: Այսօր էլ առանձին մասնագետների աշխատանքի է ընդունում: Հաշմանդամ լինել-չլինելը աշխատանքի ընդունելու գործընթացին չի անդրադառնում՝ վստահեցնում է ընկերության գլխավոր տնօրեն Գարեգին Օդաբաշյանը: Ասածը թվերով է հիմնավորում: Այսօր ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ն ունի նման կարգավիճակի երկու տասնյակ աշխատակից: Հարկ եղած դեպքում՝ հարմարեցվում են աշխատանքի պայմանները: Ընդհանուր չափորոշիչներ չկան: Յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերվում: Գ. Օդաբաշյանը վստահեցնում է՝ այդ 20 աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը մյուսներին չի զիջում: Աշխատաշուկայում անմրցունակ համարվողներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուներին պետական ծրագրերով նախատեսված խրախուսումների մասին տեղյակ չէ: Վստահեցնում է՝ իմանալու դեպքում էլ ընկերությունը դրանցից չի օգտվի:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ