[ARM]     [RUS]     [ENG]

Ի ՇԱՀ ՈՂՋ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ

02.jpgՍննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) ստեղծվել է գրեթե մեկ տարի առաջ, որը  փաստորեն կոչված է կանոնակարգելու ոլորտը, վերահսկելու սպառողին հասնող սննդամթերքի որակը՝ այդկերպ բարձրացնելով պարենային անվտանգության մակարդակը։
Որքանո՞վ ենք ապահովագրված անորակ սննդամթերքից։ Հաջողվե՞լ է, արդյոք, ծառայությանը լուծել տարվա կտրվածքով իր առջև դրված խնդիրները՝ այս հարցերի շուրջ զրույցի հրավիրեցինք ԼՂՀ սննդի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։
 
-Մեկ տարի է` հիմնադրվել է Սննդի անվտանգության պետական ծառայությունը։ Ինչո՞ւ նման ծառայության հիմնադրման անհրաժեշտություն առաջացավ։ Նախկինում գործող կառույցն ի վիճակի՞ չէր լրիվությամբ կարգավորել ոլորտը։
 
- 2014թ. ստեղծվեց ՙԼՂՀ սննդի անվտանգության պետական ծառայություն՚ կառավարչական հիմնարկը, որը, ինչպես բոլոր երկրներում, կոչված է ապահովելու  և զարգացնելու սննդամթերքի անվտանգության համակարգը` կանխարգելելով նրա  վնասակար ազդեցությունը մեր բնակչության վրա: Տարբեր ներգերատեսչական մարմինների ճյուղային որոշ վերահսկողական գործառույթներ և, բնականաբար, մեր երկրի անվտանգության համակարգի սննդամթերքի ոլորտում մեկ միասնական և կենտրոնացված կառավարում իրականացնելու անհրաժեշտությամբ էլ ստեղծվեց նման կառույց:
 
- Ի՞նչ ապրանքատեսակների վրա եք վերահսկողություն իրականացնում (ներկրված ապրանքատեսակներ, տեղական արտադրանք և այլն)։
 
- Սննդամթերքի անվտանգություն ասելով  պետք է հասկանալ սննդարդյունաբերության և վաճառքի ամբողջ շղթան, կամ,  ինչպես ընդունված է ասել շատ երկրներում, դաշտից մինչև սեղան վերահսկողությունը` հումքի պատրաստում, հումքի փոխադրում, վերամշակում, բուն արտադրություն, արտադրանքի տեղափոխում, համապատասխան պայմաններով վաճառքի իրականացում, ու այս ամբողջ շղթայում ծառայությունը հանդիսանում է վերահսկող մարմին:
Այդ ամբողջի մեջ, բնականաբար, մտնում են ինչպես արտահանվող, այնպես էլ ներմուծվող սննդային ապրանքները:
 
- Ի՞նչ է տվել կառույցի ստեղծումը շարքային սպառողին։
 
-.Ծառայությանը վերապահված յուրաքանչյուր աշխատանքի արդյունք տարածվում և օգտակար է ամբողջ բնակչության համար: Երբ  նշվում է այս կամ այն խմբաքանակի ոչ պիտանի ապրանքների ոչնչացման կամ վաճառքի շուկայից հանման մասին, պետք է հասկանալ, որ այդ վտանգավոր սննդամթերքը կարող էր օգտագործվել բոլորի կողմից` անկախ սոցիալական տարբերակումից, և մեր կողմից նման վտանգի կանխարգելումը ծառայում է ողջ բնակչության անվտանգությանը։ Օգտակար է անգամ այն անձի համար, ում մոտ հայտնաբերում ենք անորակ սննդամթերքը, քանի որ նույն ապրանքատեսակից կարող են օգտվել նաև թերացող տնտեսավարողի ընտանիքի անդամները, բարեկամները:
 
- Որքանո՞վ ենք ապահովագրված անորակ սննդամթերքից։ Դուք ստուգում եք միայն պահպանմա՞ն ժամկետը, թե՞ կան սննդամթերքի որակի այլ չափորոշիչներ էլ, որոնք հաշվի են առնվում։
 
- Գլոբալացման գործընթացների արդյունքում այսօր մեր երկիր են ներկրվում հեռավոր երկրներում արտադրված ապրանքատեսակներ, իսկ այստեղ հնարավորություն ունենք ստուգելու կարևորագույն վտանգավորության բաղադրիչները. այս համատեքստում մենք կարող ենք ապահովագրված լինել այն դեպքում, երբ, նախ, տվյալ ապրանքի ծագման երկրում առկա լինի արդյունավետ գործող սննդամթերքի անվտանգության համակարգը, հետո` ինքներս ուշադիր լինենք այն պայմանների նկատմամբ, որոնք անհրաժեշտ են սննդային ապրանքների գնման և օգտագործման համար։ Այստեղ կարևոր է, որ ԼՂՀ  ՍԱՊԾ-ի կողմից իրականացվի ամենօրյա օպերատիվ և բարեխիղճ աշխատանք, այսինքն` մի գործընթաց, որը յուրաքանչյուր օր պահանջում է ինչպես հասարակության հետ բացատրական և մեթոդական աշխատանք, այնպես էլ հստակ և արդյունավետ վերահսկողություն  սննդի ողջ շղթայում:
 
- Կա՞ն ապրանքատեսակներ, որոնց մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելվում է. վերջին շրջանում ավելի ու ավելի շատ է շահարկվում քաղցկեղածին և այլ հիվանդություններ հարուցող հավելումներով սննդամթերքի առկայության փաստը։ Այդ գործընթացը վերահսկելու և շուկայում հնարավորինս  էկոլոգիապես մաքուր արտադրանքի առկայությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են։
 
- Բոլոր այն ապրանքատեսակների արտադրությունը և իրացումն, որոնք արգելվում են ՀՀ-ում, բանականաբար, ԼՂՀ-ում նույնպես արգելվում են։ Ինչ վերաբերում է հավելումներին, ապա բոլոր այդ չափանիշները հստակեցված են օրենքով, և յուրաքանչյուր արտադրություն պետք է գործունեություն ծավալի հենց այդ չափանիշներով, իսկ մեր կողմից իրականացվում է վերահսկողություն, որպեսզի արտադրությունները գործեն ըստ օրենքի, իսկ անհրաժեշտ օրենսդրաիրավական բազայի բացակայության դեպքում մշակում և կառավարությանն ենք ներկայացնում կարգավորող իրավական ակտեր:
Էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակների մասով տարբերությունն առկա է. որպեսզի հասկանանք, թե ինչ շահեկան դրություն ունի ԼՂՀ-ն այս իմաստով, բավական է շեշտել այն հանգամանքը, որ եթե եվրոպական երկրներում հողերի աղտոտվածության աստիճանը հասնում է 1 հա-ին` 200-400կգ քիմիական պարարտանյութ, ապա մեր երկրում այն կազմում է 18-20կգ:
Առաջիկայում պլանավորում ենք հանրապետության տարածքում գյուղատնտեսական մթերքներ արտադրողների հետ տանել մեթոդական և իրազեկման աշխատանք, ինչի արդյունքում լաբորատոր փորձաքննություն կիրականացվի նրանց կողմից արտադրված ապրանքների համար, և ունենալով օրենքով սահմանված` էկոլոգիապես մաքուր ապրանքի թույլատրելի նորմերը, տրամադրել համապատասխան հավաստագիր, որը թույլ կտա այն արտահանել և վաճառել ավելի թանկ գնով: 2014-ին այդ փորձը կիրառվեց ձմերուկ արտադրողների շրջանում։ Արդյունքում արտադրանքի նիտրատների առավելագույն քանակը կրկնակի նվազեց:

- Համառոտ` Սննդի անվտանգության պետական ծառայության 2014թ. կատարած աշխատանքների մասին։
 
- Շրջանցելով իրավակառուցվածքային և ներկազմակերպական աշխատանքները, նշենք ծառայության կողմից փաստացի կատարված մի շարք կարևոր աշխատանքներ: Հաշվառվել և զուգահեռաբար ուսումնասիրվել է 1300 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը։ Ոչնչացվել են 3000-ից ավել ժամկետանց ապրանքներ, ԼՂՀ ներմուծվող բոլոր սննդային ապրանքատեսակների համար արդեն առկա են անվտանգությունը հավաստող փաստաթղթեր (հակառակ պարագայում սննդամթերքը հանվում է վաճառքի շուկայից): Կաթնամթերքի և հրուշակեղենի արտադրություններում կատարվել են մասնագիտական ուսումնասիրություններ։ Տեսուչների ցուցումներով հրուշակեղենի արտադրությունում իրականացվել են հիգիենայի ութ կարևոր պայմաններն ապահովելուն միտված բարեփոխումներ, իսկ կաթնամթերքի արտադրությունում` մոտ տասը կարևոր պայմաններն ապահովելուն միտված բարեփոխումներ։ 
Մսի վաճառքի կետերին արգելվում է մսամթերքը կախել արտաքին բաց միջավայրում, և այսօր (հատկապես Ստեփանակերտում) չկա մի մսավաճառ, որը, ինչպես նախկինում, մսամթերքը տեղադրի դրսում` այն դարձնելով վտանգավոր։ Մսամթերքի լաբորատոր փորձաքննությունը կատարվում է պարտադիր կերպով:
Առաջին անգամ ստուգվում է բանջարաբոստանային մշակաբույսերում  և մթերքներում նիտրատների թույլատրելի առավելագույն քանակը:
Այս բոլոր աշխատանքներն իրականացրել ենք  առանց տուգանք կիրառելու`  օգտագործելով տնտեսավարողների հետ բացատրական աշխատանքի մեթոդը։
 
- Ի՞նչ խնդիրներ եք փորձելու լուծել առաջիկայում։
 
- Անհրաժեշտություն կա ամրապնդել այն ձեռքբերումները, որ ունեցանք այս տարի, ինչպես նաև բարձրացնել սննդի անվտանգության համակարգի ամրապնդման նշաձողը` մի կողմից  խիստ վերահսկողության ստուգումներով, մյուս կողմից`  մեթոդական օգնություն ցուցաբերելով տնտեսավարողներին, հատկապես, ինչպես  ընդունված է անվանել`  վտանգի  վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման աշխատանքներում, որը կամրապնդի սննդի անվտանգության համակարգը և մեծ առավելություն կստեղծի տվյալ ապրանքատեսակների արտահանման համար:
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ