[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ` ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մտահղացած միջոցառումը, թեկուզ ուշացումով, տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին մայրաքաղաքի Թումանյանի անվան մանկական գրադարանում: Ինչպես տեղեկացրեց գրադարանի տնօրեն Նաիրա Աղաջանյանը, միջոցառումը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բուժվող երեխաների, նրանց ծնողների և կենտրոնի աշխատակիցների համար էր կազմակերպվում:
Երեխաներն իրենց ծնողների, կենտրոնի աշխատակիցների և տնօրեն Վարդան Թադևոսյանի հետ միասին գրադարանի հեքիաթների սրահում անհամբեր սպասում էին անակնկալների, որ իրենց համար պատրաստել են գրադարանի աշխատակիցներն ու ընթերցողները: Երգ, պար, ասմունք, նվագ, սրանից էլ ինչ լավ անակնկալ կարող է լինել: Իհարկե, թատրոնը, այն էլ՝ Ամանորյա հանդեսը: Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը ներկայացրեց Աղասի Եգանյանի ՙՁմեռ պապը արթնացավ՚ ներկայացումը, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց մեծ ու փոքրիկ հանդիսատեսի կողմից: Բայց դա դեռ ամենը չէր: Միջոցառմանը հրավիրված էին բանաստեղծներ Դավիթ Միքայելյանը և Ռոբերտ Եսայանը, որոնք իրենց գրքերը նվիրեցին կենտրոնի տնօրենին: 
Այսուհետ, հավաստիացրեց գրադարանի տնօրեն Ն. Աղաջանյանը, կապը Վերականգնողական կենտրոնի հետ ավելի կսերտանա և նման միջոցառումներ կենտրոնի համար ավելի հաճախ կկազմակերպվեն` հուրախություն այնտեղ բուժվող երեխաների:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ