[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԱՆՈՐԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

ceni.jpgԽանութներում սկսվել է նախատոնական եռուզեռը: Մարդիկ հասկացել  են, որ ժամանակից շուտ գնումներ կատարելը փոքր-ինչ ձեռնտու է և՜ գումարային, և՜ ժամանակային առումով: Սակայն իրականությունն այս անգամ էլ  չար անակնկալ  է պատրաստել. ամեն ինչ ժամանակից շուտ թանկացել է, ինչը, սակայն,  չի խանգարում հին ու անիմաստ սովորություններին։
Մարդիկ, արհամարհելով բոլոր դժվարությունները, իրենց պարտավորված են զգում ճոխությամբ նշելու Ամանորը: Զավեշտականն այն է, որ շատերը  մեկ կամ երկու  ամիս առաջ համոզված հայտարարում են, որ այս անգամ ավելորդություններ թույլ չեն տաւ, սակայն մի քանի օր մնացած, վարակվելով մասսայական հոգեներվային իրարանցումներից, վերջին կոպեկներն են ծախսում խանութի պետքական և անպետք  պարունակությունը տուն տեղափոխելու համար: Հենց սա է մարքեթինգային ռազմավարության նպատակը. մարդկանց ենթագիտակցության վրա անսխալ  խաղադրույքներ դնել, ինչի արդյունքում  սկսնակ ու թուլամորթ խաղամոլների պես ընկնում ենք նրանց թակարդը:  Իսկ ահա, ամեն անգամվա պես, տոներից հետո ընկնելով դեպրեսիվ ինքնամեղադրանքի գիրկը, այդպես էլ անընդունակ են լինում փոխելու իրականությունը: Նախևառաջ, յուրաքանչյուր ոք պետք է  փոխի իր   գիտակցությունը, ինչն էլ  ժամանակի ընթացքում կփոխի նաև հասարակության կարծրատիպերը: Եվ այսպես, պետք է հրաժարվել որոշ հնարովի արխետիպերից: Ոմանց թվում է, թե բացարձակ ճշմարտություն է այն համոզմունքը, իբր ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կապրես ամբողջ տարին: Մինչդեռ ամեն տարի կրկնվող ՙֆիասկոն՚  այդպես էլ չի սթափեցնում բանական արարածին: Ցավոք, աղբարկղում հայտնված  մթերքների ՙկանչը՚ ևս շատ կարճ ժամանակ է հետք թողնում մարդկանց հիշողության վրա: 
Նյութական ծախսերից բացի ամանորյա տոներն ուրախության ու հանգստի փոխարեն, հատկապես կանանց մոտ, գերհոգնածություն ու սթրեսների պատճառ են դառնում: Հայ իրականության մեջ այս օրերին սովորություն է հյուրեր ընդունել, ու, որպես կանոն՝ տան տիկինն անընդհատ գտնվում է սեղան պատրաստելու խառնաշփոթի մեջ: Ու ամենակարևորը. յուրաքանչյուրն իրեն պարտավորված է զգում  նոր ուտեստներով զարմացնել հյուրերին, համոզելով, որ դրանից ոչ մի տեղ չեն կարող համտեսել: Եվ եթե չի բավարարվում գովեստների արժանանալու փափագը, ապա որոշ կանայք ինքնահաստատման ու ինքնահարգանքի հետ լուրջ խնդիրներ են ունենում: Բացի այդ, շատակերության արդյունքում մարդիկ ոչ միայն  ստամոքսի գերբեռնվածություն են ձեռք  բերում, այլև հոգու դատարկություն: Գալիս են այն գիտակցությանը, որ ամեն բան ունայն է, անիմաստ, սակայն տոներից անմիջապես հետո ձեռք բերված այս զգացողությունը մոռացվում է   արդեն հաջորդ տարին, ինչն էլ տեղիք է տալիս  նույն սխալների կրկնողությանը:  Հոգեբանական դիսկոմֆորտին  գումարվում են ընտանեկան  բյուջեի ճեղքից առաջացած տագնապները, ֆիզիկական հոգնածությունը, որոնց  համակցությունը կարող է մարդուն բերել դեպրեսիայի: 
Մի՞թե շատ ավելի տրամաբանական չէ զերծ մնալ անիմաստ  խառնաշփոթից, ժամանակն անցկացնել ավելի հետաքրքիր՝ առանց ավելորդությունների ու անիմաստ շքեղության, ֆիզիկապես հանգստանալ, հեռու մնալ մտատանջություններից… Իսկ ահա Սուրբ-ծննդյան խորհուրդով, որպես քրիստոնյա, ավելի նպատակահարմար է մեր հնարավություններն ու սերը զոհաբերենք, կարեկցելով ու օգնելով մեզ շրջապատողներին, սիրելիներին ու  կարիքավորներին: 
 
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան