[ARM]     [RUS]     [ENG]

ԳՆԱՃՆ ԱՐԴՅՈ՞Ք ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է

ceni2.jpgՎերջին օրերին մայրաքաղաքի սպառողական շուկայում թանկացումները նոր թափ են ստացել՝ առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքատեսակների համար գրանցելով գնային ռեկորդներ: Առևտրի կետերում ապրանքների գնապիտակները փոփոխվում էին մեկ օրվա և անգամ մի քանի ժամվա ընթացքում։ 
Դեկտեմբերի 17-ին մայրաքաղաքի՝ մեծածախ առևտուր իրականցնող մի շարք խանութներ անգամ մի քանի ժամով փակվել էին, իսկ հաջորդ օրը ձավարեղենի և ընդեղենի գերակշիռ մասի կիլոգրամի գինն արդեն հատել էր 1000 դրամի սահմանը, 900-1080 դրամի էր հասել բուսական յուղի մեկ լիտրի արժեքը, աճել են  շաքարավազի, հրուշակեղենի, երշկեղենի, հավի և այլ մսամթերքների գները: 
Ասենք, որ չնայած գների նման աճը բնակիչների շրջանում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, այնուամենայնիվ, առևտրի կետերում գնորդների պակաս չի զգացվում: Հավանաբար, մտավախություն ունենալով, որ գլխավոր թանկացումները դեռ առջևում են, սպառողներն անգամ ամանորյա գնումներ են կատարում:
Խանութներից մեկում գնումներ կատարող` որպես տնտեսագետ ներկայացած Ա. Վ-ն այն համոզմունքին էր, որ չնայած ներմուծվող ապրանքների թանկացումը պայմանավորված է դրամի արժեզրկմամբ, ակնհայտ է, որ ապրանքների մեծ մասը ներմուծվել է ցածր փոխարժեքով, և թանկացումները համաչափ չեն փոխարժեքի բարձրացմանը: Զարմանալիորեն աճում են նաև տեղական ապրանքների գները, որոնց ինքնարժեքում գրեթե բացակայում են դոլարային ծախսերը: Թանկացումների հիմնական մասը պայմանավորված է  տնտեսության գերկենտրոնացման բարձր մակարդակով՝ համոզմունք հայտնեց նա:
Շարունակվող և ավելի ահագնացող գնաճի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար այս անգամ ևս դիմեցինք  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանին: Վերջինիս խոսքով՝ դեկտեմբերի 15-ի դրությամբ հանձնաժողովը մայրաքաղաքի խանութներում առաջին անհրաժեշտության պարենամթերքի գծով արձանագրել է 5,4 տոկոս գնաճ (նշենք, որ մեր նախկին հանդիպմանն այդ թիվը կազմել էր 3,2 տոկոս): Ըստ բաժնի պետի՝ հանձնաժողովն ամեն օր դիտանցումներ է անցկացնում մայրաքաղաքի 30 համեմատաբար խոշոր խանութներում՝ ուսումնասիրելով թվով 77 առաջին անհրաժեշտության և այլ՝ առավել լայն սպառում ունեցող ապրանքատեսակների գները: Ս. Գրիգորյանն այս անգամ նշեց այն ապրանքատեսակները, որոնք գնաճ չեն արձանագրել. այդ ցանկի մեջ են հացն ու կաթնամթերքը: Նա նկատեց, որ հանրապետության սպառողական շուկայում դրությունն առավել քան տանելի է՝ ի տարբերություն հայաստանյան շուկայում տիրող իրավիճակի, որտեղ շեշտակիորեն թանկացել են նաև հացն ու կաթնամթերքը: Ինչ վերաբերում է տեղական արտադրության ապրանքների շուկայում նկատվող գնաճին, բաժնի պետը նշեց, որ թանկացումներ գրանցվել են  մակարոնեղենի և ձվի շուկայում: Մակարոնեղենի պարագայում արտադրողներն  աճը բացատրում են ներկրվող ՙշրոտ՚ կոչվող հումքի (աղած  քուսպի) թանկացմամբ: Ներկայում հանձնաժողովի մասնագետներն ուսումնասիրում են մայրաքաղաքի խանութների ապրանքների գնագոյացման ամբողջ շղթան, ստուգում  ապրանքագրերի ժամկետները, ինչպես նաև տեղական արտադրության ապրանքների ինքնարժեքը և այլն: Ըստ Ս. Գրիգորյանի՝ մինչ այժմ իրականացված դիտանցումների արդյունքներով՝ դեռևս հին ապրանքը սպառողներին նոր գներով վաճառելու դեպքեր չեն գրանցվել: Ս. Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պարենամթերք ներկրող մի շարք տնտեսվարողներ իրենց ապրանքը դրսում ձեռք են բերում ապառիկ եղանակով, ինչը ևս ստիպում է զգույշ գնային քաղաքականություն վարել: Բացի այդ, բաժնի պետը վստահեցրեց, որ մայրաքաղաքում կարելի է հեշտությամբ գտնել խանութներ, որտեղ պարենամթերքը վաճառվում է գրեթե նախագնաճային գներով. դրանք այն խանութներն են, որտեղ սպառման լայն ծավալներ չկան: Այդ շարքում նա նշեց ՙԱնար՚ ՍՊԸ-ին պատկանող ՙՎիաջիո՚ խանութները, ՙՆ. Հովհաննիսյան՚ ԱՁ-ին պատկանող խանութը և այլն:                                                                                                            
Այսպիսով,  ՀԾՏՄՊՀ-ի տվյալներով՝ վերջին շաբաթների չնահանջող գնաճը դեռևս չի հասել 6 տոկոսին, ինչը  նշանակում է, որ մեզ մոտ այն օրենքով սահմանված 4+-1,5 տոկոս միջակայքից դեռևս դուրս չի եկել: Սա, իհարկե, պաշտոնական տեսակետ է, որը շարքային սպառողի համար քաոսային դարձած իրավիճակում, թերևս, այնքան էլ արժանահավատ չի հնչի:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ