[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ՚

image__5_.jpg1988-ի ազգային-ազատագրական պայքարի փոթորիկն իր մեջ ներքաշեց նաև նորապսակ զույգին` Էդվարդ և Զոյա Հարությունյաններին: Փետրվարյան իրադարձություններից սկսած, անտեսելով ցրտաշունչ ձմռան օրերը, ամուսինները քաղաքի կենտրոնական հրապարակից տուն չէին գնում:
 Ազգի ճակատագիրը նրանց հուզում էր ոչ պակաս, քան ընտանիքի երջանկությունը: Զոյան հղիության շրջանում էր: Ցրտաշունչ փետրվարյան այդ օրերին նա հիվանդացավ գրիպով, բայց, անտեսելով հիվանդությունը, ամուսնուց չէր ուզում հետ մնալ: Մայրանալու բերկրանքի սպասման մեջ նա ոչ պակաս անհամբերությամբ սպասում էր հայ ժողովրդի իղձերի իրականացմանը: Թվում էր, դա ավելի շուտ տեղի կունենա... Չէ՞ որ ամբողջ ժողովրդով ընբոստացանք, ելանք պայքարի: Ո՞վ կպատկերացներ, որ խմորն այս շատ ջուր տանող խմոր էր: 1988-ի մայիսին ծնվեց նրանց առաջնեկը` Մարատը: Ծնողների ուրախությանը չափ ու սահման չկար:
ՃԱԿԱՏԱԳՐԻ ԲԵՐՈՒՄՈՎ
Երեք ամսից հետո, հիշում է Զոյան, նրանք հասկացան, որ մանչուկը տեսողության խնդիր ունի: Տարան բժշկի մոտ, նա հաստատեց, որ խնդիրն առկա է, և խորհուրդ տվեց միանգամից տանել Մոսկվա: 88-ի դեկտեմբերի 2-ին մեկնեցին Մոսկվա: Ասացին` երեխան իր տարիքին անհամապատասխան գեր է, պետք է նիհարի, որպեսզի ախտորոշումը ճիշտ կատարվի: 89-ի հուլիսին ծնողները երեխային նորից տարան Մոսկվա: Աչքերը մաքուր են, ֆիզիոլոգիապես ոչ մի խնդիր չունի, պատասխանեցին այնտեղ: Բայց ինչո՞ւ չի տեսնում` չկարողացան ախտորոշել: 1990-ին փոքրիկ Մարատին տարան Օդեսա: Պատասխանն անհույս էր: Օդեսայից նորից մեկնեցին Մոսկվա` հանրահայտ պրոֆեսոր Ֆյոդորովի մոտ: Ասաց` երեխան պետք է դառնա առնվազն 5 տարեկան, որ հնարավոր լինի վիրահատել: 1993-ին ամուսինները, տուն-տեղ, մյուս երեխային թողած հարազատների խնամքին, մեկնեցին Երևան, որպեսզի այնտեղից գնան Մոսկվա: Սակայն Երևանում համոզեցին փորձել բուժել տեղի բժիշկների մոտ: Եվ դարձյալ` ապարդյուն: Այդ օրերին, վերհիշում է հայրը, մի այլ երեխայի ծնող խորհուրդ տվեց կրթություն ստանալու համար Մարատին տանել Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց: Բայց ծնողները հույսները չէին կորցնում:
Այս բոլոր նշված տարիների ընթացքում հայրենիքի ծանր օրերին Էդվարդ Հարությունյանը ամենապատասխանատու տեղերում էր` կամ մարտերում, կամ դիրքերում` սահմանները պաշտպանելիս: Պատերազմից հետո էլ ծառայում էր Պաշտպանության բանակում: Դեռ մեկ ամիս չկար, որ թոշակի է անցել: Պատերազմը դեռ չէր ավարտվել, վերհիշում է նա, երբ ասացին, որ դիրքեր է այցելել լեդի Քերոլայն Քոքսը օտարեկրյա բժիշկների հետ: Էդվարդը մոտեցավ բժշկին, պատմեց երեխայի մասին և թե ինչ բժիշկների մոտ է տարել նրան: Լսելով այս ամենը` նրանք որոշեցին օգնել` երեխային Շվեյցարիայում բժշկելու: ՙԱնհրաժեշտ գումարը հավաքեցին` ամեն մեկը 100-200 դոլար ներդնելով, խորհուրդ տվեցին երեխային տանել Ցյուրիխ ՚,- լուսավոր թախիծով պատմում է երախտապարտ հայրը: Ավաղ, այնտեղ էլ ասացին, որ Մարատի մոտ ախտորոշված հիվանդությունն առայժմ անբուժելի է: Առաջարկեցին մնալ, գուցե հետագայում հնարավոր լինի երեխային բուժել: ՙԵթե մեր երկրից ամեն մի մեկնող մնա օտար երկրում, Ղարաբաղն ո՞ւմ ձեռքում կմնա՚,- պատասխանեց Էդվարդը: Նրա որոշումը` վերադառնալ հայրենիք, միանշանակ էր:
Այս անհուսալի պատմության մեջ, այնուամենայնիվ, կար մի հուսադրող կետ.երեխայի տեսողության խնդիրը ոչ թե ժառանգական, այլ ձեռքբերովի բնույթի էր: Դեռ Մոսկվայում էին հարցրել` գուցե հղիության շրջանում գրիպով հիվանդացե՞լ է: Եվ բացատրել, որ երկարատև հիվանդության պատճառով մոր արգանդում երեխայի մոտ տեսողության նյարդի բորբոքում է տեղի ունեցել: Իսկ Ցյուրիխում ասացին` գուցե հասունացման շրջանում որոշ տոկոսով երեխան սկսի ավելի լավ տեսնել:
ԴԺՎԱՐ, ԲԱՅՑ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ
1995-ին Մարատը բոլորեց 7 տարին: Պետք էր կոմնորոշվել: Տանե՞լ, թե՞ չտանել Երևան` հատուկ դպրոցում ուսուցանելու: ՙԴժվար էր,- վերհիշում է մայրը:- Կարծես սիրտս պետք է պոկեին-տանեին: Շատ վիճեցինք, բայց նրա համար լուսավոր ապագայի ակնկալումը գերազանցեց մեր տագնապներն ու մտորումները: Հասկանում էինք, որ միակ լուսավոր ճանապարհը Մարատի համար այդ հատուկ դպրոցում սովորելն էր: Շատ դժվար, բայց ճիշտ որոշում կայացրինք՚:
1995-ի սեպտեմբերից Մարատը դարձավ Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտ: Մայրը նրա հետ մեկ ամիս մնաց դպրոցում, որ փոքրիկը շատ չկարոտի, ինչ-որ չափով ընտելանա: Գրական լեզվին չէր տիրապետում, ուսուցիչներն էլ չէին հասկանում երեխայի շուրթերից հնչող Ղարաբաղի բառբառը: Շատ օգնեց Արտակ Բեգլարյանը, որ արդեն սովորում էր այդ դպրոցում, խորին երախտագիտությամբ վերհիշում է Մարատը: Այդ տարիներին էլ նրանք ընկերացան: Մայրը հատուկ էր պատրաստվում երեխայի առաջին ամռան արձակուրդներին: Հարևանությամբ մի կույր տարեց մարդ էր ապրում: Երեկոյան գնում էր այդ մարդու մոտ`  տիրապետելու Բրայլյան համակարգին: Ինքը սովորեց և սովորեցրեց զարմուհուն: Այո, որպեսզի, երբ մայրը տան գործերով զբաղված լինի,  զարմուհին կարողանա ստուգել Մարատի ամռանը հանձնարարած տնային աշխատանքները:
Դպրոցը դուր եկավ Մարատին, հատկապես երկրորդ տարվանից: Դեռ շատ ավելի վաղ տարիքից սիրում էր երգել: Պատերազմ էր: Հայրիկը մասնակցում էր մարտերին: Երբ վերադառնում էր տուն, ընկերներով շատ էին սիրում երգել մարտական, հայրենասիրական երգեր: Բոլոր այդ երգերը Մարատն անխտիր գիտեր: Սիրում էր երգել նաև այդ տարիներին հայտնի դարձած հոգևոր  երգերը: Ցանկացած ազատ ժամանակ` թե՜ բակում, թե՜ աղբյուրի ճանապարհին, թե՜ դպրոցի միջանցքներում նա երգում էր այդ երգերը: Մի օր նրան մոտեցավ դասղեկը, ձեռքից բռնեց ու հարցրեց. ՙՈւզո՞ւմ ես երգի խմբակ հաճախել՚: Այդ օրվանից Մարատը սկսեց հաճախել ՀՀ մշակույթի նախարարության կողմից դպրոցում հիմնված Մշակույթի կենտրոնի ժողովրդական երգեցողության խմբակը: Վեց տարի սովորեց այդ խմբակում` երաժշտագետ Զավեն Թագակչյանի ղեկավարությամբ: Հենց դա էլ որոշեց հետագա մասնագիտության ընտրությունը:
ԱՍՏԾՈ ԿԱՄՈՔ
Կյանքն առանց Մարատի մայրը դժվար էր տանում: ՙՍովորել այն մտքին, որ միակ իմ արու զավակը հեռավոր Երևանում, առանց հարազատների, թեկուզ իր նման երեխաների հետ, ապրում, մեծանում է, անհնարին էր: Այո, բացի Մարատից ունեմ և երկու դուստր, որոնց մասին հոգսերը փոքր-ինչ մեղմացնում էին կարոտս Մարատի հանդեպ: Ոչ միայն ես, բոլորս էինք կարոտում, սպասում արձակուրդից արձակուրդ, թե երբ նա կգա տուն, և մենք մեր կարոտը կառնենք՚,- պատմում է Զոյան: Մարատն էլ էր անչափ  կարոտում հարազատներին: ՙՄաման միայն ինձ էր կարոտում, իսկ ես` բոլորին՚,- շարունակում է մոր խոսքը Մարատը: Մի օր նա զանգեց ծնողներին, թե՝ ՙԻնձ այստեղից տարեք տուն, եթե վաղը չգաք, էլ ինձ չեք տեսնի՚: Մտահոգված ծնողները փորձում էին հասկանալ` ինչ է կատարվում որդու հետ, գուցե ինչ-որ բան է պակասում նրա երևանյան կյանքում, գուցե ինչ-որ ցանկություններ ունի: Բայց Մարատը քչով բավարարվող երեխա էր ու չափազանց ազնիվ. նրան ոչ մի բան պետք չէր, նա պարզապես անհուն կարոտ ուներ մոր, հոր հանդեպ, քույրերի, մյուս հարազատների, հարևանների, տան, հողի... Շարքն այս անվերջ էր: Տեղափոխել  Ղարաբաղ ու վերջ: Ծնողները հարկադրված, թեկուզ դասերից կտրելով, Մարատին բերեցին տուն: Մի երկու շաբաթ մնաց, մի կուշտ կարոտն առավ ու... նորից մեկնեց Երևան:
Մոտ 10 տարեկանում Մարատի մոտ շոշափելի առաջխաղացում տեղի ունեցավ. տեսողությունը 4 տոկոսով լավացավ: ՙԵս ձեզ տեսնում եմ, ուսուցիչ՚,- բացականչեց պատանին` դիմելով ուսուցչին: Մարատին անհապաղ տարան բժիշկի մոտ, որն էլ հաստատեց առաջխաղացումը: Ուրախությունն առաջին հերթին ցանկացավ կիսել ծնողների հետ, բայց տան հեռախոսը չէր պատասխանում: Պարզվեց` իրենց թաղամասը երեք օր է, ինչ էլեկտրականություն չէր ստանում: Ծանոթներից իմացան ծնողները: Ինչպիսի՛ ուրախություն, խանդավառություն էր տիրում Հարությունյանների տանը: Դեռ փոքր ժամանակ ինչ-որ շատ աղոտ տեսնում էր: Իսկ հիմա... ամբողջ 4 տոկոսով: Ցավոք, այդ ձեռքբերումը գոնե այդ չափով չպահպանվեց: Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ Մարատը որոշ չափով տեսողություն ունի: Ավելի ճիշտ, ասում է նա, դա լույսի և ստվերի խաղ է, որ, այնուամենայնիվ, հնարավորություն է տալիս ծանոթ միջավայրում անվտանգ տեղափոխվել, որոշ պարզ աշխատանքներ կատարել: Այս առումով հայրը բավականին խիստ էր: Նա պահանջում էր, որ Մարատը դեռ փոքրուց, թեկուզ և իր ուժերի չափով, տան գործերում ինչ-որ բանով օգնի տնեցիներին: Աղբյուրից ջուր էր բերում, հավերին կերակրում, հավաբունը մաքրում, վառելափայտը տուն բարձրացնում, մի խոսքով, ինքնուրույն օգնություն ցուցաբերում: Մինչ այսօր էլ նա սիրով կատարում է այդ ամենը:
ԻՆՉՊԵՍ ԵՐԿՈՒ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐ
Ծնողները հնարավորինս այցելում էին Մարատին: Էդվարդն ամսվա 15 օրը դիրքերում էր, տան հոգսերից կտրված, հոգսեր, որոնք գրեթե ամբողջությամբ կնոջ ուսերի վրա էին: ՙՄեծերս` հոգսերով ծանրաբեռնված, որոշ իմաստով ավելի թեթև էինք տանում կարոտը մեր որդու հանդեպ,- խոստովանում է Էդվարդը:- Մարատի համար էր շատ ավելի դժվար. մենակ, անծանոթ միջավայրում...՚: Ճիշտ է, խորին երախտագիտությամբ լրացնում է ամուսնու խոսքը Զոյան, այդ բոլոր 11 տարիների ընթացքում, ամեն  շաբաթ ու կիրակի Մարատին տանում էին իրենց տուն մեր ծանոթները, խնամում` ինչպես հարազատի: Մխիթարյաններին Էդվարդն ու Զոյան անչափ երախտապարտ են: Այդ այցելությունները հայրենիքից, հարազատ օջախից եկած ջերմություն էին, մաքուր օդով շնչելու հնարավորություն: ՙԱյն օրերին, երբ հնարավորություն ունեի մեն-մենակ զրուցել Մարատի հետ,- պատմում է Էդվարդը,- ես ձգտում էի զրուցել նրա հետ որպես ոչ թե հայր ու որդի, այլ որպես երկու մտերիմ ընկեր` ավագ և կրտսեր, խոսել նրա հետ` ինչպես ազատ կխոսեին երկու հավատարիմ ընկերներ: Պատմում էի նրան այն ամենի մասին, ինչից  քաջատեղյակ էի: Մարատը չէր հոգնում հարցաքննել, խորանալ ցանկացած խնդրի մեջ: Հաճախ զրույցի թեման ռազմական գործն էր: Այնքան խորացավ, հրապուրվեց ռազմագիտությամբ, որ ցանկություն հայտնեց աշխատել բանակի կապի ծառայությունում: Ցանկացած գործում շատ նվիրված է՚: Այս զրույցներում ծնվեցին գերդաստանի երկու տղամարդու ընկերությունն ու հավատարմությունը: Մի անգամ, վերհիշում է հայրը, նման մի պահի խոստացավ. ՙԵրբ ինձ ընկերուհի լինի, առաջինը, ով կիմանա դրա մասին, դու կլինես, պապ՚: Այդպես էլ եղավ...
ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Մայրը միշտ աղոթում էր. ՙՏեր իմ Աստված, օգնիր որդուս` ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում՚: Զոյան երազում էր որդուն տեսնել կամ հոգևորականի կարգավիճակում, կամ որպես երգիչ: Երբ Մարատը մեծացավ և մասնագիտության ընտրության խնդրի առաջ կանգնեց, ընտանեկան խորհուրդը միաձայն որոշեց ուսումը շարունակել Երևանի կոնսերվատորիայում` վոկալի բաժնում: ՙԵս գնացի  ռեկտորի մոտ,- պատմում է մայրը,- ամեն ինչ բացատրեցի և խնդրեցի խորհուրդ  տալ` Մարատին ում մոտ տանել պարապելու՚: Նրա պատասխանը միանշանակ էր` իր գործի մեծ գիտակ, երաժշտագետ Զավեն Թագակչյանի մոտ: Ինչպիսի՛ ուրախություն... Մարատը նորից կսովորի սիրած ուսուցչի մոտ: Ուղիղ երեք տարի ոչ միայն մասնագիտական, այլև տեսական առարկաներից Մարատը պարապեց Զավեն Թագակչյանի հետ և փայլուն գնահատականներով ընդունվեց կոնսերվատորիա: Թեկուզ 6 տարի կոնսերվատորիայում սովորեց Անահիտ Գրիգորյանի դասարանում և շատ բան սովորեց նրանից, բայց ժողովրդական երգի հանդեպ վերաբերմունքը, ընկալումը ձևավորվել էր հենց Թագակչյանի մեծ ազդեցության շնորհիվ:
ՙԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ՂԱՐԱԲԱՂ՚
Կոնսերվատորիայում սովորելու տարիներին մեծ հնարավորություններ բացվեցին Մարատի առջև: Մասնակցեց բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների, ընդգրկվեց ՙՓյունիկ՚ հաշմանդամների միության գործունեության մեջ: Առաջարկում էին մնալ Երևանում աշխատելու, բայց բոլոր հրավերները Մարատը մերժում էր: ՙԵս գնում եմ Ղարաբաղ՚,- ասում էր նա: Որոշումը միանշանակ էր:
2012 թվականից Մարատն սկսեց աշխատել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, ինչպես և Տողի արվեստի դպրոցում` որպես ժողովրդական երգեցողության դասատու: Միաժամանակ հնարավորինս մասնակցում է համերգներին: Հասցրել է Արցախի սահմաններում ճանաչելի ու սիրված երգիչ դառնալ: Այս ամռանից հրավիրեցին աշխատելու նաև Շուշիի ժողգործիքների համույթում` որպես մենակատար: Ասում է` հոգնում է միայն սեպտեմբերին, երբ նոր է սկսվում ուսումնական տարին: Բայց երբ հունի մեջ է ընկնում, հոգնածությունը նահանջում է, միայն տանն է ինչ-որ չափով զգացնել տալիս:
ՙՍԵՐՆ Է ԻՆՁ ԱՌԱՋ ՄՂԵԼ՚
Հրաշալի մի անձնավորության մասին պատմությունն այս ակնածանքի է արժանանում իր զարգացումներով, անձամբ նրա և նրա հարազատների մարդկային որակների, նրանց ոգու հզորության անվերջ դրսևորումներով: Եվ այս զարգացումների գագաթնակետը Մարատի և Նազելիի սիրո պատմությունն է:
Երբ Մարատն ավարտեց դպրոցը և ընդունվեց կոնսերվատորիա, կապը դպրոցի ընկերների հետ շարունակեց պահպանել: Ամեն մի հնարավորություն օգտագործում էր, որ այցելի ընկերներին: ՙՄենք ապրում էինք որպես մեկ ընտանիք,- վերհիշում է Մարատը:- Կարոտում էինք իրար: Ուրախանում էինք, որ հնարավորություն ունենք հավաքվել միասին, զրուցել, երգել: Նազելին իմ ընկերոջ սիրած աղջկա ընկերուհին էր: Ես զգում էի, որ իմ երգերը նրան դուր են գալիս: Այո, այն ժամանակ ես շատ երգեր էի հորինում, որոնք արտացոլում էին իմ ներքին զգացմունքներն ու ապրումները: Ասես հոգուս խորքից էին ծնվում այդ երգերը՚: ՙԱյո,- իր հերթին խոստովանում է Նազելին,- կապվել եմ նրա հետ երգերի միջոցով՚: Նրանք ընկերացան, մտերմացան... Խոսում էին կյանքի, երաժշտության մասին, կարդում  սիրված բանաստեղծություններ, երգում սիրված երգեր: Ու չէին զգում` ինչպես  անցավ ժամանակը:
Մարատն ու Նազելին ամուսնացան: Մեկ տարի առաջ Նազելին լույս աշխարհ բերեց Ծովինարին, որն արդեն մեկ տարի երեք ամսական է: ՙԵս ապրում եմ լիարժեք կյանքով, չեմ կարող ասել, որ անգամ մեկ տոկոսով թերի է անցնում կյանքս,- անկեղծանում է Մարատն ու հավելում:- Ես երջանիկ եմ՚:
Այո, երջանկության լույսը ճառագայթում էր բոլորի` կնոջ, հոր, մոր, քույրերի, տատիկի աչքերից: Ընտանիքում տիրում էր աստվածային ներդաշնակություն, որին ձգտում էին հասնել այս հրաշալի ընտանիքի բոլոր անդամները:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ