[ARM]     [RUS]     [ENG]

ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Martik_Hayrapetyan.jpgՍտեփանակերտի համար այլևս օրախնդիր չէ շուրջօրյա խմելու ջրի հարցը: 
Սակայն մտահոգության պատճառ է դառնում ջրահեռացման և կոյուղագծերի առկա վիճակը: Դրանց և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ տնօրեն Մարտիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
-Պարոն Հայրապետյան, նախ անդրադառնանք շուրջօրյա ջրամատակարարման ծրագրին, որն, ընդհանուր առմամբ, կարծես ավարտին է հասցված, սակայն ծայրամասերում կան առանձնատներ, որոնց հասու չէ շուրջօրյա ջրամատակարարումը: Ինչո՞վ բացատրել, և ո՞րն է լուծումը:
- Նախ նշեմ, որ դրանք շատ փոքր թիվ են կազմում. գտնվում են Կրկժանի ծայրամասում, Սարի թաղում և Վաչագան Բարեպաշտի փողոցում: Այդ տների շուրջօրյա ջրամատակարարումը տարբեր պատճառներով նախագծում ընդգրկված չէր։ Տեղեկացված եմ, որ բնակիչները բողոքներով դիմել են քաղաքապետարան, և որոշմամբ այդ առանձնատների շուրջօրյա ջրամատակարարման հարցն  ընդգրկված է 2015թ. ֆինանսավորման ենթակա ծրագրերի մեջ: Վերջնականապես լուծված չէ Աջափնյակ թաղամասի շուրջօրյա ջրամատակարարման հարցը, որը կլուծվի այնտեղ կառուցվող ՕԿՋ-ի (օրական կարգավորող ջրամբար) շահագործման հանձնելուն պես:
- Իսկ ի՞նչ վիճակում են զտիչ կայանների վերանորոգման աշխատանքները։
- Ինչպես գիտեք, թիվ 1 զտիչ կայանը, ինչպես և այն սպասարկող արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիան վաղուց շահագործման են հանձնված, թիվ 2 զտիչ կայանում դեռևս շարունակվում են վերանորոգման աշխատանքները, սակայն այն սպասարկող լաբորատորիան իսկ արդեն զինված է արդիական սարքավորումներով և լիարժեք կատարում է անհրաժեշտ  գործառույթները: Հարկ է նշել, որ լաբորատորիաներն արդիական սարքավորումներով զինելու կարևորությունը հասկանալի էր բոլորի համար, հարցի լուծումը կապված էր համապատասխան ֆինանսների հայթայթման հետ, որով անմիջականորեն շահագրգռված էր Նախագահ Բակո Սահակյանը, ով և հետամուտ է եղել հարցի լուծմանը:
Թիվ 1 զտիչ կայանի շահագործման ժամանակ տեղ գտած թերությունների ու թերացումների վերացման համար գտնված ողջամիտ լուծումներն  սկզբույնքայնորեն կկիրառվեն թիվ 2 զտիչ կայանի վերանորոգման աշխատանքներում, ինչն արդեն տալիս է սպասվելիք բարձր որակ: Ներդրման ենթակա բոլոր նորամուծությունների շուրջ տեղի են ունեցել քննարկումներ համապատասխան մասնագետների հետ, մասնավորապես` նախագծի հեղինակի: Փորձի փոխանակման այդ գործընթացը տվել է մեկ այլ  դրական արդյունք` մենք պատրաստել ենք համապատասխան մասնագետներ, որոնց հետ անց են կացվում տեսական դասընթացներ և գործնական պարապմունքներ: Արդյունքում աշխատակիցները գնահատվում և ստանում են համապատասխան որակավորում, ինչով լուծվում է նաև կադրային հարցը:
- Այժմ անդրադառնանք հասարակությանը հուզող` ջրահեռացման և կոյուղագծերի առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծմանը:
- Մայրաքաղաքի բարելավման կարևոր և արդեն առաջնահերթ խնդիրներից են թե՜  ջրահեռացման և թե՜ կոյուղագծերի հարցերը:  Ստեփանակերտի ռելիեֆային դիրքը (Մելիքավանի և Կրկժանի բարձրության տարբերությունը մոտ 200մ է) մի կողմից դրական հանգամանք է (հորդ անձրևների ժամանակ բացառվում է ջրհեղեղը), մյուս կողմից` այդ ջրերն առվակներ ու գետեր են դառնում, հոսում փողոցներով` քանդելով ճանապարհները, խոչընդոտներ առաջացնելով հետիոտնի,  նաև մեքենաների համար: Դրա դեմն առնելու և քաղաքի բարեկարգ տեսքը պահպանելու միջոցը ջրահեռացման ցանց կառուցելն է: Այսօրվա դրությամբ քաղաքում քիչ քանակով դեռևս մնացել են ջրահեռացման գծեր` հիմնականում կենտրոնական փողոցներում: Սակայն քաղաքն ընդարձակվելու ժամանակ ջրահեռացման գծեր չեն կառուցվել: Անգամ եթե կառուցվել են, հաշվի չեն առնվել մինչ այդ տեղադրված խողովակների տրամագծերը, այսինքն` որքա՞ն ծավալի ջուր կարող են դրանք ընդունել։  Սակայն ընկերության կողմից իրականացվում են հնարավոր աշխատանքները, որպեսզի եղածը բարվոք վիճակում պահենք: Ունենք մեկ բրիգադ, որն, ըստ ժամանակացույցի, կատարում է առկա գործող ջրահեռացման համակարգի՝ ջրընդունիչների, վանդակների և կանգնակների մաքրում, բացի կիրակի օրերից: Եթե տեղի են ունենում հեղեղներ, այդ բրիգադն աշխատում է նաև կիրակի օրը:
Ինչ վերաբերում է կոյուղագծերին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովի անդամներով ու համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի պատասխանատուների հետ միասին տարին երկու անգամ շրջայց ենք կատարում բոլոր այն 7-8 ձորերով, որտեղ թափվում են կեղտաջրերը, և առկա պատկերը ներկայացնում քաղաքապետին: Ըստ կոլեկտորների և եղած ֆինանսների վիճակների` առաջնորդվում ենք նախևառաջ երեխաների հիգիենայի շահերից, այսինքն` ընտրվում են քաղաքի բարեկարգման ենթակա այն հատվածները, որոնց մոտակայքում գտնվում են մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, և բարեկարգման որոշակի աշխատանքներ իրականացնում։
Հաշվի առնելով ջրահեռացման և կոյուղագծերի նորացման ծրագրի անհրաժեշտությունը՝ պետք է ասել, որ ծրագրի իրականացման համար ֆինանսների հայթայթումը օրակարգային է:
- Անդրադառնանք վարձավճարների հավաքագրման գործընթացին:
- Այստեղ կա տեսանելի առաջխաղացում. եթե մեկ ամսվա կտրվածքով վարձավճարները ոչ միշտ է, որ հավաքագրվում են, ապա եռամսյակի կտրվածքով դրանք լրացվում են: Կան, իհարկե, անպատասխանատու բաժանորդներ, որոնց նկատմամբ կիրառվում են ջրանջատումներ: Պատահում է, որ դիմում ենք նաև դատարանի օգնությանը: Սակայն հիմնականում հավաքագրումը հարթ է  ընթանում, քանի որ ջրահաշվիչների ցուցմունքների դեմ այլ փաստարկ չի կարող լինել: Հատկանշեմ, որ թոշակառուները, սոցիալապես այլ անապահով խավեր գրեթե չեն ուշացնում վարձավճարների մուծումը՝ ի տարբերություն ավելի ապահովված խավերի: Ապօրինի միացումների և ջրաչափի կնիքների պոկման դեպքում կիրառվում է ԼՂՀ գործող տուգանքների մասին ՎԻՎ օրենսդրությունը:
Ավարտվող տարին, կարելի է ասել, փորձության շրջան էր. երկարատև երաշտը և դրա հետևանքով  ջրի սակավության հանգամանքը մեզ հասցրել են այն վիճակին, որ պատրաստել էինք հայտարարություն, համաձայն որի` պետք է անցնեինք ջուրը սահմանափակ ժամերով օգտագործելուն: Սակայն գուգահեռ փնտրում և կիրառում էինք տարբեր հնարքներ, որպեսզի չխախտենք շուրջօրյա ջրամատակարարման ռիթմը, ինչը և հաջողվել է:
Ստեղծված է արագ արձագանքման վթարային բրիգադ, որն աշխատում է 9.00-ից  մինչև 24.00-ն, կիրակի օրը՝ մինչև կեսօր: Դրա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ մեծ թվով շնորհակալություններ ենք արձանագրում բնակիչների կողմից: Աշխատում է նաև շուրջօրյա թեժ գիծ (23-01 բջջային անվճար կարճ համարով և քաղաքային` 94-58-71), որոնց միջոցով նույնպես արագ լուծվում են քաղաքացիների ջրի և կոյուղագծերի վթարային խնդիրները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ քչացել են ջրամատակարարման հետ կապված վթարները (եթե դրանք նոր հանձնված գոտում չեն), հակառակը` շատացել են կոյուղագծերի հետ կապված վթարները, որոնք հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով:
Քաղաքապետարանի աջակցությամբ աստիճանաբար սկսել և 2015-ին  կշարունակենք ընկերության տեխնիկական սարքերի վերազինման ծրագրի իրականացումը, ինչպես և սարքերի պահեստավորման գործընթացը, ինչը թույլ կտա շատ ավելի կարճ ժամկետում վերացնել առաջացած վթարները, որոնց վերացման համար այսօր ստիպված ենք լինում սպասել Երևանից ուղարկվող պահեստամասերին: Աշխատում ենք նաև մայրաքաղաքի ջրամատակարարման, ջրահեռացման, կոյուղագծերի ճշգրիտ սխեմատիկ պատկերներ ունենալու և դրանք արխիվացման ենթարկելու ուղղությամբ, որպեսզի ապագա սերունդները հեշտ կողմնորոշվեն ստորգետնյա խողովակագծերում:
2015թ., ինչպես և հետագա տարիներին ընկերության հիմնական աշխատանքն  ուղղված կլինի շուրջօրյա ջրամատակարարման և կոյուղու սպասարկման ծառայության որակի բարձրացմանը, ջրամատակարարման համակարգերի կատարելագործմանը, այս բարդ համակարգը պահպանելուն, որպեսզի այն ծառայի նաև գալիք սերունդներին։ 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ