[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՈՎ

Samvel.jpgՀարցազրույց  ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար 
Սամվել ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ
-Պարոն Ավանեսյան, որքանո՞վ է նախարարությանը հաջողվել 2014թ. լուծում տալ սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրներին։ Ընդհանուր առմամբ՝ առանցքային ի՞նչ ծրագրեր են իրականացվել։ 
- Կարևորելով ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, կենսաթոշակային և զբաղվածության համակարգերի կատարելագործումը, տարեցների, հաշմանդամների, զոհված զինծառայողների ընտանիքների, փախստականների ու երեխաների հիմնահարցերը՝ նախարարությունն ապահովում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի հիմնական և գերակա ուղղություններով պետական քաղաքականության իրականացումը: Նշված քաղաքականության մշակման, իրականացման, վերահսկողության ու գնահատման նպատակով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով  նախատեսվում են հինգ  տասնյակ ծրագրեր, որոնցով  սահմանվող ընդհանուր ծախսը կազմում է պետական բյուջեի գրեթե 25 %-ը:
Մեր քաղաքականության գերակա ուղղություն համարվող՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն են ուղղված պետական նպաստների, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ ու մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ամենամսյա  նպաստների տրամադրման ծրագրերը, հղիության և ծննդաբերության նպաստների վճարումը, այդ թվում՝ նպատակային ժամկետային ավանդների բացումն ընտանիքներում ծնված երրորդ և հաջորդ երեխաների անվամբ, նորաստեղծ ընտանիքներին ամուսնության նպաստի տրամադրումը և այլն։
Առանձին ուշադրություն է դարձվում բնակչության կենսաթոշակային ապահովմանը: ՙՊետական կենսաթոշակների մասին՚ ԼՂՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2014թ. հունվարի 1-ից փոխվել են աշխատանքային կենսաթոշակների, հուլիսի 1-ից՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված, նաև  զինվորական կենսաթոշակների հաշվարկման բանաձևերը: Միաժամանակ փոփոխություններ են կատարվել նշված օրենքի կիրարկումն ապահովող կառավարության որոշումներում՝ վերանայվելով հիմնական կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի չափերը, ինչի արդյունքում  աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014թ. հունվարի 1-ից աճել է շուրջ 5 հազ. դրամով և կազմել 38,3 հազ. դրամ: Ինչ վերաբերում է զինվորական  կենսաթոշակների չափերին՝ ոստիկանության, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների հանրապետական մարմինների կենսաթոշակառուների առումով, դրանք 2014թ. հուլիսի 1-ից աճել են շուրջ 35%-ով. միջինը կազմել է 78,3 հազ. դրամ: 
2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է նոր՝ ՙԶբաղվածության մասին՚ օրենքը, իսկ տարվա ընթացքում ընդունվել են այդ օրենքից բխող՝ բոլոր ենթաօրենսդրական  իրավական ակտերը, որոնք ուղղված են աշխատաշուկայի իրավիճակով թելադրված ճկուն քաղաքականության իրականացմանը՝ ապահովելով անմրցունակ անձանց կայուն զբաղվածությունը: Այդ առումով կարևորվել է 2014թ. հուլիսի 1-ից նախարարությունում Աշխատանքի և զբաղվածության գործակալության ստեղծումը, որի կողմից Ստեփանակերտում առաջին անգամ կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցել են 20 գործատուներ՝ ներկայացնելով 250-ից ավել թափուր աշխատատեղեր։ Տոնավաճառին մասնակցել են   300-ից ավելի գործազուրկներ, աշխատանք փնտրող անձինք: Տոնավաճառի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում երեք տասնյակ մարդ արդեն տեղավորվել է աշխատանքի:
Ուշադրության կենտրոնում են հաշմանդամների, տարեցների, զոհված զինծառայողների ընտանիքների, փախստականների և սոցիալապես անապահով  այլ խմբերի քաղաքացիների հիմնահարցերը: Ամբողջովին ավարտվել է հաշմանդամների հաշվառման շտեմարանի թվայնացման գործընթացը, և ներկայումս հնարավոր է հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող բոլոր օղակներին առցանց տրամադրել նրանց վերաբերյալ ցանկացած տեղեկություն:
Նախարարության համակարգում գործող բնակչության սոցիալական պաշտպանության երեք պետական կազմակերպություններում (երկու գիշերօթիկ հաստատություն և մեկ տուն-ինտերնատ) և այս տարվանից գործող՝ տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնում սպասարկվում են առանց ծնողական խնամքի կամ անապահով ընտանիքների շուրջ 50 երեխաներ և 200 միայնակ տարեցներ, հաշմանդամներ: Բացի կենսաթոշակի և ամենամսյա դրամական օգնության տեսքով պետական բյուջեից տրվող գումարներից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի կողմից շուրջ 290 հոգու ցուցաբերվում է 13 հազարական դրամի օժանդակություն։ 
- Ի՞նչ հունով կընթանան ոլորտի աշխատանքները 2015-ին, արդյո՞ք մեր քաղաքացիներին  նորություններ են սպասվում։ 
- Շարունակվելու են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը, որով 2015թ. նախատեսվում է շուրջ 5,4 մլրդ դրամ: Կատարված փոփոխությունների համաձայն՝ 2015թ. հունվարի 1-ից կբարձրացվեն զոհված զինծառայողների և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող գումարները. դրանք կսահմանվեն 42 հազ. դրամ՝ ներկայումս տրվող համապատասխանաբար 21 և 30-հազարական դրամի փոխարեն: Հունվարի 1-ից կվերանայվեն հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ինչի արդյունքում կենսաթոշակի միջին չափը կկազմի շուրջ 43,2 հազ. դրամ, իսկ 2015թ. պետական բյուջեի ծախսերը՝ 11 մլրդ դրամ: Զբաղվածության ոլորտի 2015թ. ծախսերը կկազմեն ավելի քան 50 մլն դրամ, ինչը կուղղվի աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցությանը և ակտիվ այլ ծրագրերի իրականացնանը: 2015թ. հուլիսի 1-ից  նախատեսվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազ. դրամ (2014թ. հուլիսի 1-ից՝ 50 հազ. դրամ էր): 10 %-ով կաճի կանանց տրվող՝ հղիության և ծննդաբերության միանվագ նպաստի չափը՝ կազմելով 253 հազ. դրամ (230 հազարի փոխարեն)։
2015թ., Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, առանձնահատուկ մոտեցում կցուցաբերվի այդ պատերազմի վետերանների նկատմամբ իրականացվող ծրագրերին: 10 հազ. դրամով  կբարձրացվի վերջիններիս տրվող ամենամսյա պատվովճարի չափը` սահմանվելով 35 հազ. դրամ: Բացի դրանից, մայիսի 9-ի՝ Եռատոնի առթիվ տրվող գումարները ևս նախատեսվում է բարձրացնել։ Ընդհանուր առմամբ՝ առանձին խմբերի քաղաքացիների համար սահմանված ամենամսյա դրամական օգնությունների և պարգևավճարների վճարման նպատակով  2015թ. պետբյուջեից կհատկացվի շուրջ 900 մլն դրամ:
2015-ից կմեկնարկի նոր ծրագիր, որի շրջանակներում հաշմանդամ զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, փախստականներին, բազմազավակ և միածնող ընտանիքներին կցուցաբերվի պետական ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարան կամ բնակելի տուն գնելու, կառուցելու կամ վերանորոգելու նպատակով։ Նշված աջակցությունը կարտահայտվի պետբյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկի կանխավճարի տրամադրմամբ, ինչպես նաև այդ վարկի տոկոսագումարի սուբսիդավորմամբ, այսինքն՝ վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսագումարի անհատույց մարմամբ։ Ընդ որում՝ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողների կողմից հիփոթեքային վարկավորման պայմանագիր կնքելու համար պետության կողմից տրվող կանխավճարը կկազմի գործարքի արժեքի մինչև 30 տոկոսային կետ, որից 20 տոկոսային կետի չափով անհատույց, իսկ 10 տոկոսային կետի չափով՝ վերադարձման պայմանով։ Այդ ծրագրի իրականացման համար նախատեսվում է 500 մլն դրամ:
ԼՂՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ մինչև 2015թ. հուլիսի 1-ը կավարտվի ընտանիքների կարիքավորության աստիճանի գնահատման համակարգի մշակումը և կմեկնարկի այդ համակարգի ներդրման գործընթացը: ԼՂՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ուսանողներին կտրամադրվի ուղևորավարձի մասնակի չափով արտոնություն՝ ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով երթևեկելու համար: 
Այսօր հույս ու հավատով, նոր մտահղացումներով ու սպասելիքներով ենք դիմավորում Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Այդ սքանչելի տոները մենք կդիմավորենք ընտանյոք հանդերձ, հարազատների ու մտերիմների շրջապատում: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք շնորհավորել մեր ժողովրդի Ամանորյա տոները՝ ցանկանալով բոլորին միշտ սիրել ու լինել սիրված, շրջապատված ընտանեկան երջանկությամբ և բարօրությամբ: 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ