[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻ ԱՄԱՆՈՐԸ

Տրապիզոնի նահանգում համշենահայերը հաստատվեցին  8-րդ  դարում։ Օսմանյան  իշխանությունները  նրանց  հանդեպ  իրականացրին   բռնի  մահմեդականացման քաղաքականություն: 1890-1923թթ. ընկած  ժամանակահատվածում  համշենահայերը  նույնպես  ենթարկվեցին  ցեղասպանության, իսկ  եղեռն վերապրածները  սփռվեցին  աշխարհով մեկ՝ ձևավորելով  համշենական  սփյուռքը:
Համշենհայերի Նոր տարին համընկնում է Յուլյան օրացույցի ժամանակների  հետ, նրանք երբեմն  նշել են նաև Կաղանդը: Հայկաձորում բնակվող համշենցի  հայերն իրար  շնորհավորելիս  ասել  են. ՙՇնորհավոր  Նոր  տարի  և  բարի  Կաղանդ՚։ Համշենցի հայերը  դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերն անվանում են Ծաղկամուտի գիշեր: Նրանք  հավատում էին, որ այդ  գիշերը  ջրերը  մեկ   ժամի  չափ կանգնում  են  և  ոսկի   ու արծաթ  դառնում (այս հավատալիքը տարածված  էր հայկական մի շարք ազգագրական շրջաններում): Տարեմուտի ավանդական ծիսական համակարգի մեջ որոշակի տեղ էր զբաղեցնում նաև ծառի պաշտամունքը: Համշենցիների  շրջանում  այս  պաշտամումքի վերաբերյալ պահպանված մի հավատալիքի համաձայն՝ Ծաղկամուտի գիշերը ծառերը  ծունր  են  իջնում  և  երկրպագություն  տալիս  արարչին:
Ծաղկամուտի սեղանին  դրվել են ամեն տեսակ պասի կերակուրներ: Հատուկ ուշադրություն է դարձվել կերակրատեսակների քանակին, որն ուներ նաև սրբազան իմաստ: Նախապատվությունը  տրվել  է յոթ թվին.յոթ տեսակի այդ կերակուրներում  գերակշռել են  հատիկային կերակուրները, դդումի տապակած միջուկով խմորեղեն: Ընտանիքի անդամների թվով նախօրոք փռում պատվիրվել է 7 տեսակի խմորեղենը, որոնցից մեկի մեջ դրվել է բախտավորության նշան: Երեկոյան` մայրամուտից  հետո, համշենցի հայերը հատուկ  ընտանեկան  ճաշկերույթով նշել  են  Նոր  տարին: Եղևնու փոխարեն որպես տոնական ծառ օգտագործվել է երջանկություն  բերող ձիթենու ճյուղը: Բացի ձիթենու ճյուղից որպես  տոնական ծառ կիրառվել է նաև ծիրանենի, իսկ եղևնին  իբրև  տոնական  ծառ սկսել  են  կիրառել 1900թ. (որը զարդարվել է ճեղքված ընկույզներով, չորացած թզով ու խնձորներով): Ծաղկամուտի  սեղանին պարտադիր էին  չամչով համեմված խաշած եգիպտացորենի հատիկը և խաշիլը (արմանը), որը պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից, կաթով  ու  բուսական յուղով, այն մատուցվում է մածնով: Տոնական սեղանի պարտադիր  ուտեստներից  էին  քեստոնա դդումը, դդումով խորոջը, խորոված դդումով կարկանդակը, ցորեն հացը, բաղուլման` սաջի վրա եփած տափակ հացը, քարհացը, որը քարի մեջ էին եփում, փուռնիստը, չիրը, լախտը, պասուց  ճաշը, սիսեռը, մեղրով  համեմված  ընկույզի միջուկը:
Համշենցի հայերը  ո՜չ  կծու կերակուր  են  ուտում, ո՜չ էլ թթու խոսք ասում միմյանց: Անցումային  այդ օրերին յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարին: Ընդունված է նաև գժտվածներին  հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնական սեղանի կարևոր զարդերից էր նաև խնձորը: Ըստ բանահավաք Բ. Թոռլաքյանի հաղորդած տվյալների՝ խնձորներից մեկի մեջ տանտիկինը թաքցրել էր բախտի նշան (մի մետաղադրամ), որոշ ազգագրական  շրջաններում մետաղադրամի փոխարեն օգտագործել են չորացրած մրգեր, ընտանիքի գլխավորը, խնձորը կտրելով, բաժանում էր բոլորին: Ում ընկներ բախտի նշանը, նա համարվում էր երջանիկ և հաջողակ ամբողջ տարվա ընթացքում:
Մեր օրերում համշենցի հայերը վերաբնակեցված վայրերում Նոր տարվա սեղանին  ժամանակակից ուտեսների  հետ  մեկտեղ  դնում  են  նաև  վերոնշյալ  ավանդական  ուտեստները:
 
Պատրաստեց 
Հովիկ  ԱՎԱՆԵՍՈՎԸ