Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂ, ՈՐ ԱՋԱԿԻՑ ՈՒ ԲԱՐԵԳՈՐԾ ՁԵՌՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Շահմասուրը Մարտակերտի շրջանի փոքր գյուղերից է՝ հրաշագեղ բնությամբ ու, որ ամենակարեւորն է՝ սրտաբաց, բարեհամբույր եւ աշխատասեր մարդկանցով։ 
Մի ուրիշ հանգստություն ու անդորր ես զգում Շահմասուրում. անապական օդի՞ց է, բնությունի՞ց, թե՞ ՝ մարդկանցից, դժվարանում ես ասել, բայց որ հանգստություն է համակում ամբողջ էությունդ, միանշանակ է։
Ըստ համայնքի ղեկավար Սլավա Բաղդասարյանի՝ գյուղն ունի 152 բնակիչ՝ 137 մշտական եւ 15 ժամանակավոր գրանցմամբ։ Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, նաեւ հողագործությունը, որը սահմանափակվում է տնամերձերում բանջարաբոստանային մշակաբույսեր ցանելով։ Տեղանքի աշխարհագրական դիրքից ելնելով` այստեղ չեն կարողանում հացահատիկային մշակաբույսեր ցանել, գյուղին պատկանող ցանքատարածքները հեռու են եւ չօգտագործելուց թփակալած, իսկ ճանապարհը գրեթե անանցանելի է։ Ինչ վերաբերում է անասնապահությանը, ապա, ըստ համայնքի ղեկավարի՝ այս տարի որոշ չափով ավելացել է գլխաքանակը. գյուղում կա 80 մանր եւ 100 խոշոր եղջերավոր անասուն։ Համայնքն ունի 59 հա արոտավայր եւ 39 հա խոտհարք։ Սակայն  2014-ին երկու անգամ կարկուտ է տեղացել եւ ձմռան համար անասնակեր ձեռք բերելու խնդիր առաջացրել. ոմանք գնել են, որոշներն էլ այլ վայրերից են հայթայթել։ Խնդիր է նաեւ անասունների իրացումը։ 
Ըստ համայնքի ղեկավարի՝ գյուղում խոզաբուծությամբ գրեթե չեն զբաղվում, քանի որ կրկնվող հիվանդության պատճառով խոզերը սատկում են։ 
- Շահմասուրը փոքր համայնք է եւ, բնականաբար, աշխատատեղերը՝ քիչ, բացի համայնքապետարանից, հիմնական դպրոցից, բուժկետից եւ ակումբից ուրիշ աշխատատեղ չկա, ուստի և երիտասարդներին գյուղում պահելը դժվար է,- տեղեկացնում է Սլավա Բաղդասարյանը։- Մի քանի երիտասարդ Կաշենում է աշխատում՝ հաղթահարելով բավականին մեծ հեռավորություն։ 
Ընդհանրապես երիտասարդները Շահմասուրում շատ չեն, վերջերս մի ամուսնություն է գրանցվել։ 2014-ին  ընդամենը մեկ երեխա է ծնվել։ Գյուղում նախադպրոցական տարիքի 21  երեխա կա։ Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ եւ անմիջական աջակցությամբ՝ նրանցից 6-ը հաճախում է հարևան  Վանք գյուղի մանկապարտեզ։
Գյուղի հիմնական դպրոց է հաճախում 27 աշակերտ, դասավանդում են 14 ուսուցիչներ։ Դպրոցի տնօրեն Արեգ Ավագյանի խոսքով՝ ուսման մակարդակի առումով որոշակի առաջընթաց կա։ Դպրոցական նոր շենքի կարիք ունի գյուղը, առանձին շինություններից բաղկացած դպրոցի դասասենյակները չեն հերիքում։ Սակայն աշակերտների թվով պայմանավորված՝ առաջիկայում նախատեսված չէ նոր շենքի  կառուցումը։ Դպրոցը պարբերաբար վերանորոգվում է, վերջերս է նորացվել տանիքը։ 
Ձորակից առաջադրված պատգամավոր Նելսոն Մինասյանի միջնորդությամբ ու պետական միջոցներով բարեկարգվել են մայրուղուց Շահմասուր տանող եւ գյուղամիջյան ճանապարհները։ Շրջվարչակազմի կողմից տրամադրված շինանյութերով վերանորոգվում է համայնքի բուժկետը։ Վերանորոգման կարիք ունեն նաեւ հանդիսությունների տունը,  ակումբի շենքը։ 
Համայնքն ինն ամսվա կտրվածքով 98 տոկոսով կատարել է սեփական եկամուտների հավաքագրումը։ Այդ հարցում համայնքի ղեկավարը հետեւողական աշխատանք է տանում։
Գյուղի փողոցները լուսավորված են, 80%-ով փոխվել են էլեկտրական հենասյուները, իսկ մնացածը նորմալ վիճակում է։ Բայց ահա հեռուստատեսության հեռարձակման եւ բջջային կապի հետ կապված որոշակի խնդիրներ կան՝ կրկին տեղանքով պայմանավորված։ Գյուղում բացակայում է համացանցային կապը, ըստ համայնքի ղեկավարի՝ դիմել է ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ-ի Մարտակերտի մասնաճյուղ,  խոստացել են նոր տարում գյուղում հասանելի դարձնել համացանցը։  
Գյուղացիներին հուզող խնդիրների շարքում համայնքի ղեկավարը նշեց նաեւ շրջկենտրոնի հետ տրանսպորտային կապի բացակայությունը, ինչը մեծ դժվարությունների առաջ է կանգնեցնում բնակչությանը։ Իսկ մայրաքաղաք մեկնելիս գյուղացիները ոտքով հասնում են մայրուղի, օգտվում Վանք-Ստեփանակերտ երթուղին սպասարկող տրանսպորտից։
- Այդքանով հանդերձ, գյուղի առաջնահերթ խնդիրը ջրի հարցն է. աղբյուրները գրեթե ցամաքել են։ Բնակչությանը խմելու ջուր տրվում է ժամով՝ ամռան շրջանում օրը 1 ժամ։ Ոռոգովի ջրի առկայության դեպքում գյուղացիները հնարավորություն կունենան ավելի շատ զբաղվելու հողագործությամբ,- ասում է համայնքապետը։
Ինչպես ամեն գյուղ, Շահմասուրը եւս հոգածության կարիք ունի, աջակից ու բարեգործ ձեռքի կարիք, որը կսատարի շենացման ուղին բռնած գյուղին։ 
 
Ռեգինա ԲԱԲԱՅԱՆ
ք. Մարտակերտ