[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՄՈԳՐԱՖԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ

altԼՂՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնում վերջերս տեղադրված ժամանակակից  մամոգրաֆիական սարքավորումը նվիրատվություն է Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի կողմից։ Բացվել է առանձին կաբինետ, որտեղ պարբերաբար հետազոտվում են Արցախի  կանայք։
 Նշված սարքավորմամբ կատարվում է մամոգրաֆիկ հետազոտություն, որը կրծքագեղձի հետազոտությունների շարքում իր առավելություններով գրավում է առաջնակարգ տեղ։
Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Անահիտ Հակոբյանի տեղեկատվությամբ՝ սարքավորման միջոցով մամոգրաֆիկ հետազոտությամբ հանրապետության շուրջ 900 կնոջ մոտ  հայտնաբերվել են բազմաթիվ նախաուռուցքային և ուռուցքային հիվանդություններ։ 
Ընդհանրապես մամոգրաֆիայի գլխավոր խնդիրը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումն է։ Ուստի 40 տարեկանն անց կանանց համար մամոգրաֆիան անփոխարինելի հետազոտություն է։ Այդ տարիքում կանանց մոտ կրծքագեղձն արդեն ենթարկված է լինում ճարպային ինվոլյուցիայի (կազմափոխման), և գոյացությունները տարբերակելը համեմատաբար դյուրին է լինում։ Քառասունից ցածր տարիքի կանանց մոտ հիմնականում կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, անհրաժեշտության դեպքում միայն` մամոգրաֆիկ հետազոտություն։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ վաղ տարիքի կանանց նման հետազոտությունները նորմայի դեպքում էլ ապարդյուն չեն։ Դրանք կլինեն բազիսային (հիմքային) մամոգրամներ հետագա  համեմատությունների համար։ Հետազոտության հաճախականությունը միջինը մեկ տարի է։ 
Մամոգրաֆիայի առավելությունն այն է, որ հետազոտվում է ամբողջ գեղձը, որոշվում կառուցվածքը, թե որ հյուսվածքն է գերակշռում, բնականաբար և՝ ճշտվում երկու գեղձերի սիմետրիկությունը, ասաց Ա. Հակոբյանը։ Պաթոլոգիայի հայտնաբերման դեպքում մասնագետը պարզում է դրա էությունը՝ օջախայի՞ն է, թե դիֆուզ (տարածում). ուշադրություն դարձնելով մթացման ինտեսիվությանը, չափսերին, կազմին, եզրագծին, հարակից հյուսվածքներին ու  շրջակա  ավշահանգույցների ներգրավմանը՝ ախտորոշում։ Մամոգրաֆիայի խնդիրն է շոշափվող գոյացությունների պարզաբանումը և չշոշափվող գոյացությունների խմբավորված միկրոկարդինատների հայտնաբերումը և իրազեկումը բուժող բժիշկներին։ 
Մեր զրուցակիցը խորհուրդ տվեց 40 տարեկանն անց բոլոր կանանց պարտադիր  անցնել մամոգրաֆիկ հետազոտություն։ Իսկ ավելի վաղ տարիքի կանայք պետք է ենթարկվեն մամոգրաֆիկ հետազոտության, եթե առկա է ժառանգական գործոնը, այսինքն՝ հարազատների շրջանում եղել են նշված հիվանդություններով անձինք, տարբեր էնդոկրին և այլ հիվանդություններ. այս դեպքում կատարվում է սոնոգրաֆիկ-ուլտրաձայնային, անհրաժեշտության դեպքում՝ մամոգրաֆիկ հետազոտությունների համակցում։ Այսինքն, երբ գերակշռում է գեղձային հյուսվածքը, և մամոգրաֆիայի ինֆորմատիվությունը ցածր է, կատարվում է  ուլտրաձայնային հետազոտություն, բայց հիմնականում զուգակցում են այդ  հետազոտությունները։ Քանի որ կրծքագեղձն այնպիսի օրգան է, որ փոխվում է տարիների և նույնիսկ ամիսների ընթացքում, դրա համար էլ անհրաժեշտության դեպքում կատարվում են տարբեր հետազոտություններ։ 
Որպեսզի համակարգվեն ընդհանուր ռադիոլոգիական ախտորոշումները, ԼՂՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնում օգտվում են ամերիկյան  BIRADC համակարգից, որով բժիշկն առանձնացնում է հետազոտության արդյունքները՝ նշում բարորակ և չարորակ գոյացությունների վիճակը, կասկածելիությունը և վերջում՝ եզրակացությունը։ Մամոգրաֆիկ հետազոտություններն իրականացվում են պետպատվերի շրջանակներում։ Ա. Հակոբյանը հորդորում է բոլոր կանանց՝ չվախենալ, հետազոտվել, որպեսզի պաթոլոգիայի դեպքում այն վաղ հայտնաբերվի, և կատարվի լիարժեք բուժում։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ