Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ ԽԱՉԻՆ ՆԱՅԵԼՈՎ ԱՌԱՋ ԸՆԹԱՆԱՆՔ

Անցած շաբաթ Շեխեր գյուղի բարձունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կանգնեցվեց և օծվեց լուսային դիոդներով 9-մետրանոց երկաթե խաչ։ Լուսային էֆեկտների տեղադրմանն իր ներդրումն ունեցավ ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի վարչական բաժնի պետ, սփյուռքահայ, ցեղասպանությունից փրկված ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Կարո ԲԱԲԻԿՅԱՆԸ։ Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը։ 
-Պարոն Բաբիկյան, Դուք ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքի սերնդի ներկայացուցիչն եք։ Հակիրճ ներկայացրեք, խնդրեմ, Ձեր տոհմի պատմությունը։
- Հորս պապիկը Սեբաստիայի Էրզրում քաղաքից է, մորս կողմը՝ Զեյթունի Կիլիկիա նահանգից։ Մենք նրանց երրորդ սերունդն ենք։ Բավական ցավոտ ճանապարհ են անցել մեր մեծ հայրերը։ Մենք, ինչպես և մեր հայրերը, ծնվել ենք Սփյուռքում, բայց միշտ զգացել ենք, որ ապրում ենք ժամանակավոր կացարանում, որ պիտի վերադառնանք մեր հայրենիք, մեր տները, մեր նախահայրերի բնակավայրերը, գերեզմանոցները։ Խուսափում էինք ՙԹուրքիա՚ բառից, որովհետև մեզ համար այդ երկիրը գոյություն չուներ։ Մեզ համար ընդունելի էր միայն ՙԱրևմտյան Հայաստան՚ հասկացությունը։ Հիմա ուրախ ենք, որ աշխարհն աստիճանաբար ճանաչում է մեր տառապանքներով լի ճանապարհը, ավելի է տեղեկացվում կարևոր փաստերին և սոսկալի ոճրագործություններին։ Մենք շատ ենք կարևորում ցեղասպանության ճանաչումը  հատկապես նրա համար, որ դրանով կկանխվեն հետագա ցեղասպանությունները։ Անշուշտ, հայրենիքը, հողը դժվար է մոռանալ. դա լավ գիտեն հենց արցախցիները, ովքեր նույնպես, անցնելով բազում դժվարությունների միջով,  պայքարել են, պատերազմել և պաշտպանել իրենց հողը։ 
- Դուք աշխատում էիք Երևանում, այժմ Արցախում եք։
- Ճիշտն ասած, Հայաստան կամ Արցախ՝ մեզ համար մեկ է։ Մենք երկար ժամանակ հայրենիք չենք ունեցել, ու այժմ մեզ համար մի կտոր հայկական հողն անգամ շատ կարևոր է։  Մեզ ուժ է տալիս այն պարագան, որ Արցախը Արևմտյան Հայաստանի նման չի կորցրել հողը, և դա մեր մեջ ավելի վստահություն ներշնչեց։ Արցախը հատուկ է, ու մենք հիմա այս հողի վրա շատ ամուր ենք զգում, քանի որ գիտենք, որ մեր ուժերով ենք  այն ձեռք բերել։ Դրա համար էլ Արցախը սփյուռքահայերիս համար այլ իմաստ ունի.  Սփյուռքի համար Արցախը սրբատեղիի նման վայր է։ Եվ հենց Շեխեր գյուղի բարձունքում բարձրացված խաչը տեղադրելով՝ մենք մեկ անգամ ևս ասում ենք, որ անցյալի ավերներից ոչ մի բան չպիտի մնա։ 
- Բայց Ձեր հայրերը նույնպես դիմադրել են։
- Դրանք տխուր հիշողություններ են։ Ամեն տուն ունի իր պատմությունը։ Փրկվածներն իրենց սրտի ու մտքի մեջ միշտ ապրել են այդ սարսափը։ Նրանք,  անկախ որ տարիքում էին, այդ դեպքերը պատմելիս հուզվում էին։  Մեր ընտանիքը սրի է քաշվել հենց իր օջախում. միայն տատիկս փրկվեց։ Բարեբախտաբար, ամեն ազգի մեջ վատին զուգահեռ լավն էլ կա։ Տատս փրկվեց մի թուրք կնոջ շնորհիվ։ Անշուշտ, նման պատմություններ Սփյուռքի ամեն ընտանիք ունի։ Ու թեև դրանք տխուր հուշեր են, բայց պետք է բոլորը վերհանվեն։ Ես որոշակի տեղեկություններ գրի եմ առնում, սակայն լրագրողները նույնպես պետք է մոտ կանգնեն և բոլոր պատմությունները  թղթին հանձնեն, որ  հայերն իրենց պատմությունը լավ իմանան։ Բայց մեր գլխով անցածը մեզ համար դաս պետք է լինի։ Ինչքան էլ թուրքը լավ ձևանա, նրան վստահել չի կարելի։ Կան բաներ, որ պետք է միշտ հիշենք, իհարկե, դրանով կյանքը կանգ չի առնում, Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցը պիտի սթափեցնի, որ լալու տեղ սկսենք առաջ գնալ և մեր խելքով, դիրքով, հավատքով կերտենք մեր ապագան։ Մենք այլևս այն խեղճուկրակ հայերը չենք։ Հիմա շատ ավելի ուժեղ ենք և շատ անելիքներ ունենք՝ կորցրածը վերադարձնելու համար։ 
- Առաջին անգամ ինչպե՞ս եկաք Արցախ։ Գործնական այց էր, թե՞...
- Առաջին անգամ Արցախ եկա 1997թ.։ Այցելեցի որպես զբոսաշրջիկ, և այն զգացումներն ու ապրումները, որ  ունեցա ազատագրված այս հողի վրա, ոչ մի խոսքով հնարավոր չէ նկարագրել։ Վերադառնալով՝ ընկերներիս պատմեցի ապրումներիս մասին, և հետո նրանցից շատերն ինձ հետ այցելեցին Արցախ։ Արդեն հինգ տարի է՝ Արցախում եմ։ Սկզբից աշխատում էի Հայաստանում, հիմա ընտանիքս էլ է այնտեղ, ամեն շաբաթ գնում-գալիս եմ։ Բայց Արցախն ինձ անչափ գերեց, տեղի բնությունն, անկախ ամեն ինչից, մարդուն կանչում է Աստծո հետ երկխոսության։ Ես կոչ եմ անում բոլոր սփյուռքահայերին, որ թեև ժամանակավորապես դժվար է մեզ համար վերադառնալ հայրենիք՝ Արևմտյան Հայաստան, բայց դրա փոխարեն միշտ կա Արցախը, որտեղ կարող են գալ իրենց կարոտն առնելու, որ ոչ մի տեղից չեն կարող ստանալ։  
- Դուք ծնվել և մեծացել եք Լիբանանում՝ ոչ հայկական ու ոչ քրիստոնեական միջավայրում։ Ինչպե՞ս է դա ազդել Ձեր դաստիարակության, հավատքի, ինքնության վրա։
- Մեզ մոտ հավատքի առումով ոչ մի խնդիր չկա, որովհետև հայկական օջախները, գաղութները շատ ավելի քրիստոնեաբար էին ապրում։ Երբ առաջին անգամ եկա Հայաստան և տեսա, որ կան պատանիներ, որ 15 տարեկան են և դեռ մկրտված չեն, ինձ համար ուղղակի զարմանալի էր։ Մեր միջավայրում 40 օրական մանուկներին անմիջապես մկրտում են, չնայած որ ապրում էինք մուսուլմաններով գերակշիռ երկրում։ Փոքր տարիքից տեղափոխվել եմ Իտալիա, որտեղ էլ ուսում եմ առել և, առավել ևս՝ քրիստոնեաբար դաստիարակվել։ 
- Ինչքանո՞վ եք կարևորում Հայ Առաքելական եկեղեցու դերը հայի, այն էլ տարագիր հայի կյանքում։ 
- Մեզ մոտ հայերն ուր որ գնացել են, առաջին հերթին եկեղեցի են կառուցել, նրա շուրջբոլորը դպրոց, հետո՝ բնակավայր հիմնել։ Եկեղեցին սփյուռքահայերիս համար շատ մեծ նշանակություն ունի։ Գուցե դա է պատճառը, որ այսօր Սփյուռքում հայերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունը։ Մեր Հայ Առաքելականի հավատքը մյուսներից տարբերվում է նրանով, որ մեր ծեսն ամբողջովին աղոթք է։  Նույնը կասեի մշակույթի առումով։ Հայկական երգն ու պարն անբաժան են եղել մեզանից։ Հայրենասիրական ու ժողովրդական երգերը Սփյուռքում ավելի շատ էին, քանզի հայրենիքից հեռու էինք,  ու դա միջոց էր, որ մենք չձուլվեինք։ Ե՜վ Լիբանանում, և՜ Իտալիայում սովորել եմ հայկական դպրոցներում։ Բարեբախտաբար, Լիբանանում հայերն իրենց երեխաներին հայկական դպրոց են տալիս, որը շատ ավելի թանկ արժեր, քան պետականը։ Բոլոր հայ ընտանիքներն ամեն ինչ անում էին, որ իրենց երեխաները հաճախեն հայկական դպրոց։ Հետաքրքիր է, որ հայկական թաղամասերում ապրող արաբները հայերի հետ հայերեն էին խոսում, այսինքն՝ ոչ թե հայն էր արաբերեն խոսում, այլ արաբը՝ հայերեն։ Լիբանանում էլ դժվարություններ կային. կար պատերազմ, բայց ցավն ու վիշտը հայերին միշտ միաբանել ու համախմբել են, և մենք այնտեղ մեծացել ենք որպես հայ քրիստոնյաներ։ 
- Դուք Ձեր ներդրումն ունեցաք Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բարձունքներից մեկում կանգնեցված երկաթե խաչի աշխատաքներին։ Խաչը լուսային դիոդների շնորհիվ շրջակա տարածքում տեսանելի է նաև գիշերային ժամերին։
- Մենք փորձում ենք այդ լույսով մարդկանց հիշեցնել Հիսուս Քրիստոսի խաչելությունը, Աստծո ստեղծագործությունը և մեր փրկությունը։ Խաչի լուսային այս էֆեկտը ոչ այնքան լուսավորվածության  նշանակությունն ունի, ինչքան մենք փորձում ենք նույն լույսը մարդկանց սրտի և հոգու մեջ տարածել։ Դիոդային այս լույսը ժամանակավոր է, դա հետագայում հնարավոր է՝ փչանա, բայց նման խաչեր պետք է բոլոր բարձունքներին լինեն։ Իհարկե, խաչերը չէ, որ մեզ պետք է հիշեցնեն, որ քրիստոնյա ենք, բայց խաչը կարևոր է, որ մենք, մեր առօրյա հոգսերից վերանալով, նայենք խաչին ու հիշենք, որ կան շատ ավելի վեր բաներ, քան այս ժամանակավոր փորձությունները։ Մենք պիտի դրանք հաղթահարենք ու, որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ՝ խաչին նայելով առաջ գնանք՝ չմոռանալով մեր ինքնությունը։ Այս լույսը մտորումների տեղիք կտա և կփորձի մարդկանց ուղղորդել դեպի լույսը։  Մենք, իբրև առաջին քրիստոնյա ժողովուրդ, մեծ պարտականություն ունենք մեր վարքով, ապրելակերպով այս երկրի վրա Աստծո ու խաչի լույսը՝ քրիստոնեությունը սփռելու առումով։  
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ