[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ՈՒԽՏ ՈՒՆԵՆՔ՝ ՄԻՇՏ ԳՆԱԼ ԴԵՊԻ ԼՈՒՅՍԸ՚

ՙPetrosyan.jpgՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում բազմաթիվ հայրենապահպան ու ազգանպաստ ծրագրեր են կյանքի կոչվում։ Կառուցվում են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ (վերջիններն իրենց տեսակի մեջ նորություն են)՝   նպատակ հետապնդելով ավելի բարեկեցիկ կյանքով ապահովել արցախահայությանը։ 
Սփյուռքահայ մեր բարեկամների ամենամյա նվիրատվությունների արդյունք է սա, ովքեր, Հայրենիքի սերն ու կարոտը սրտներում, ապրելով օտար ափերում, հավատարիմ են մնացել հայի ազգային ինքնության նկարագրին, կերտելու, արարելու, ստեղծելու հայի անկոտրում կամքին։ Հիմնադրամի միջոցներով Արցախում համայնքային 7 կենտրոն է արդեն շահագործման հանձնվել, որից 4-ը՝ Ասկերանի շրջանում, 11 կենտրոնների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Մայիսյան հաղթարշարվները մեր շրջանում դեռևս շարունակվում են։ Մայիսի 22-ին Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում մեծ տոնախմբություն էր։ Համայնքը կենսական, կասեի՝ ռազմավարական նշանակության օբյեկտի՝ համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունն էր տոնում։ Այն կառուցվել և կահավորվել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Հոլանդիայի, Բրազիլիայի, Հունաստանի և Կիպրոսի տեղական հանձնախմբերի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, սփյուռքահայ բարերարներ, համագյուղացիներ։ Խաչմաչցիները հյուրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով։ 
Իր խոսքում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց, որ հիմնադրամն այսուհետ ևս իր միջոցների գերակշիռ մասը կուղղի Արցախի շենացմանը, նրա գյուղերի զարգացմանը, գյուղական կյանքի աշխուժացմանը։ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը կազմակերպություն է ոչ միայն մեկ հոգու, այլև ամբողջ հայության համար, և ամեն տարի ազգովի մասնակցելով դրամահավաքներին՝ մեկ այլ գեղեցիկ ու ազգապահպան ծրագրի հիմք ենք  դնում,- ասաց նա։- Աշխատելով Արցախում՝ մենք գիտակցում ենք, որ արցախցին սահման է պահում, և ձեր բարեկեցիկ կյանքով է պայմանավորված հայության ապագան։ 
Սեպուհ Թավիդյանը, ով Կիպրոսի տեղական հանձնախմբի ատենապետն է, իր հիացմունքը հայտնեց կառուցված հոյակերտ շենքի կապակցությամբ։ 
- ՙՀայաստան՚ համահայկական մեծ ընտանիքը շատ ուրախ է, քանզի կյանքի կոչվեց ևս մի ծրագիր,- ասաց նա,- և ես իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում Արցախի հերոսական ժողովրդին, որ, հակառակ բազմաթիվ ու տարատեսակ դժվարություններին, կառչած մնաց իր հողին, պատերազմեց իր գոյատևման համար և արյան գնով նվաճեց իր ազատությունն ու անկախությունը, հայ մնալու իր իրավունքը։ Տա Աստված, որ Խաչմաչում ամուսնությունների թիվն ավելանա, ծնունդների թիվն աճի և տարիներ հետո այստեղ նոր մանկապարտեզ կառուցելու կարիք զգացվի։ Լիահույս ենք, որ համայնքային կենտրոնն իր շուրջը կհամախմբի երիտասարդներին և կնպաստի գյուղից հեռացողների թվի նվազեցմանը։ 
Բրազիլիայի տեղական հանձնախմբի ատենապետ Կառլոս Բոյաջյանը, խոսելով արևմտահայության  կրած տանջնաքների մասին, ասաց.
- Գոյատևելու համար դուք հարկադրված չեք հեռանալու այստեղից, այլ տոնում եք գեղեցիկ ու հարմարավետ համայնքային կենտրոնի բացումը, և այսօրը հատուկ է, քանզի դուք, աշխատելով նման պայմաններում, նպաստելու եք Խաչմաչ գյուղի էլ ավելի զարգացմանը։ Գյուղի անունն էլ պատահական չէ. Խաչը  հույսի ու հավատքի նշան է, և խաչի միջոցով և Աստծո հավատքով պիտի հասնեք ձեր նպատակներին։
Կառլոս Բոյաջյանը հաջողության հասնելու համար կոչ արեց խաչմաչցիներին ունենալ մեկ նպատակ և աշխատել այդ ուղղությամբ՝ առանց հուսահատվելու։
Խաչմաչի Շ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանն ասաց.
- Բաղձալի լուծում ստացավ գյուղի և գյուղացու համար հրատապ մի ծրագիր ևս: Համայնքային կենտրոնի նորակառույց շենքը կլուծի գյուղի երիտասարդության հանգստի կազմակերպման, մշակութային կյանքի զարգացման հարցերը, ինչպես նաև կբավարարի ընթերցասեր խաչմաչցու պահանջները: Կենտրոնում կգործի նաև բուժկետ, որը կհոգա գյուղացիների առաջին բուժօգնության խնդիրները: Այս բաղձալի օրը մենք պետք է տեսնենք մեր հերոսների հայացքները, զգանք նրանց ոգու շունչը և սատար կանգնենք այդքան թանկ մեր հող ու ջրին, վանք ու տաղին: 
Խաչմաչ համայնքի ղեկավար Մխիթար Ղահրիյանն իր ելույթում նշեց, որ համայնքը նման կենտրոնի կարիք վաղուց ուներ և այսօրը առաձնահատուկ է բոլոր խաչմաչցիների համար։ Ի նշան երախտագիտության և ազգանվեր գործի՝ Մ. Ղահրիյանը համայնքի ավագանու որոշմամբ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, Կիպրոսի և Բրազիլիայի տեղական հանձնախմբերի ատենապետներ Սեպուհ Թավիդյանին և Կառլոս Բոյաջյանին շնորհեց Խաչմաչ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։   
Խաչմաչի միջնակարգ դպրոցի սաները ելույթ ունեցան ազգային և հայրենասիրական երգերով ու բանաստեղծություններով։ Նրանք հաստատակամ են  հայրենիքում ապրելու, արարելու, հարկ եղած դեպքում հերոս նախնիների պես մարտնչելու իրենց որոշման մեջ։ Նրանց ելույթը յուրօրինակ կոչ էր համագյուղացիներին՝ շենացնել հարազատ գյուղը ու երբեք չլքել այն, նաև երդում՝ քաջ նահատակների գործի շարունակողները լինել... 
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Սեպուհ Թավիդյանին, Կառլոս Բոյաջյանին և համայնքի ղեկավար Մխիթար Ղահրիյանին։ 
Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ներկաները շրջեցին համայնքային կենտրոնում, որտեղ տեղակայված են լինելու համայնքապետարանը, բուժկետը, մշակույթի տունը, նաև ժամանցի վայր է ծառայելու խաչմաչցիների համար։ Արայիկ Հարությունյանը, տեղեկանալով, որ համայնքապետարանն ապահովված չէ համակարգչով՝ խոստացավ կարճ ժամանակում լուծել այդ հարցը ևս։
Բարեմաղթանքների խոսքեր են հնչում բոլորի շուրթերից, իսկ բարերարների հպարտությանը չափ չկար։ Հպարտություն, որ իրենց ներդումն ունեցան կենսական նշանակության հոյակերտ շենքի շինարարության մեջ, որ միասնականության ու համախմբվածության շնորհիվ կարողանում են ոչ միայն զուտ շենքեր, այլև ռազմավարական նշանակության օբյեկտներ կառուցել։ 
Խաչմաչից Արցախի հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությունը շտապեց Շոշ, որտեղ ևս շահագործման հանձնվեց համայնքային կենտրոն։ Այն կառուցվել և կահավորվել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական հանձնախմբի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ։  Շոշը տոնական տեսք էր ընդունել, իսկ համայնքային կենտրոնի մուտքին փողփողում է փուչիկներով պատրաստված՝ հայերի մեծ բարեկամ Ֆրանսիայի պետական դրոշը։ Այստեղ ևս հյուրերին դիմավորեցին մեծ ցնծությամբ և ավանդական աղ ու հացով։  Արա Վարդանյանը՝  ողջունելով ներկաներին՝ ասաց.
- Շոշում սա երկրորդ ծրագիրն է։ Հիմնադրամի միջոցներով գյուղում մեկ տասնամյակ առաջ դպրոց էր կառուցվել։ Մեր խնդիրն է, որպեսզի անենք ամեն ինչ՝ ձեր բարեկեցիկ կյանքի ապահովման ուղղությամբ ու ապացուցենք աշխարհին, որ արցախցին հաստատակամ է իր որոշման մեջ և շարունակելու է շենացնել իր հարազատ գյուղը՝ անսալով բոլոր տեսակի դժվարությունները։
Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը հպարտությամբ նշեց, որ 11 տարի առաջ կառուցված հանրակրթական դպրոցը լավ ու հուսալի ձեռքերում է և պահպանվում է գերազանց։ Իսկ համայնքային կենտրոնը նոր կյանք ու շունչ կհաղորդի գյուղացիներին՝ նրանց առօրյան դարձնելով հետաքրքիր ու բովանդակալից։ 
Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը համագյուղացիների անունից շնորհակալություն հայտնեց ԼՂՀ իշխանույթուններին, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ղեկավարությանը՝ նման գեղեցիկ նվերի համար։
- ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից այս շենքի կառուցումն առաջինը չէ Շոշի համար։ Տարիներ առաջ այստեղ 80 տոննա տարողությամբ ջրամբար և արդի չափանիշներին համապատասխան դպրոցական շենք էին կառուցվել։ Իսկ այսօր իրականացավ մեր վաղեմի երազանքը, քանի որ համայնքային կենտրոնի առկայությամբ գյուղում մի քանի հարց է լուծվում։ 
Է. Աբրահամյանը երախտագիտության խոսք ասաց նաև Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքին ու նրա տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին և Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Միշել Տանկրեզին՝ Շոշի հանդեպ ցուցաբերած հատուկ ուշադրության համար։
Մկրտիչ Մկրտչյանի անմիջական մասնակցությամբ կատարվել են դպրոցի ընթացիկ նորոգումները, տարածքի ցանկապատում, ինչպես նաև  դպրոցին նվիրվել է մարդատար մեքենա։ Իր մշտական այցելություններով նա օժանդակում է դպրոցին ամենատարբեր հարցերով։ 
Այդքանով հանդերձ, Շոշը դեռևս ունի չլուծված հիմնախնդիրներ, որոնց լուծման հարցում համայնքի ղեկավարը նույնպես ակնկալում է ԼՂՀ իշխանությունների աջակցությունը։ Ինքն էլ պարտավորվում է ցուցաբերած ուշադրությանը պատասխանել աշխատանքային հաջողություններով։
Շոշ համայնքի ավագանու որոշմամբ Մկրտիչ Մկրտչյանին շնորհվեց Շոշի պատվավոր քաղաքացու կոչում։
Իր ելույթը Մ. Մկրտչյանն սկսեց ՙԲարով եք եկել մեր գյուղ՚ արտահայտությամբ՝ ուրախության ու բերկրանքի ալիք բարձրացնելով ներկաների մոտ։ Ապա նաև ասաց, որ սփյուռքահայերը կարևորում են արցախյան գյուղերն ավելի շեն տեսնելու գաղափարը։ Քանզի նրանք համախմբված են մեկ ծրագրի, մեկ գաղափարի շուրջ՝ ապահովել արցախահայության բարեկեցությունը։ 
- Մեր արածն օժանդակություն չէ, բնավ օգնություն էլ չէ, այլ սփյուռքահայերի պարտականությունն է։ Քանզի նմանատիպ շենքեր, մնայուն արժեքներ կառուցելով մենք յուրօրինակ ձևով եղեռնազարկ մեր նախնիների վրեժն ենք լուծում,- եզրափակեց Մ. Մկրտչյանը։ 
Հայրենասիրական երգերի ու բանաստեղծությունների գեղեցիկ կատարումներով հանդես եկան Շոշի Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի սաները։ Աշակերտներից յուրաքանչյուրը երդվում էր երբեք չլքել հարազատ գյուղն ու Արցախը, իր գործով ու աշխատանքով շենացնել այն։ ՙՄենք ուխտ ունենք՝ միշտ գնալ դեպի լույսը՚,- ասացին նրանք։ 
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանին և Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանին։
Համայնքային կենտրոնի կառուցումով համայնքում լուծվեց գյուղապետարանի, մշակույթի տան և բուժկետի հարցը, ինչպես նաև համայնքն ունեցավ 250-տեղանոց հանդիսությունների դահլիճ։ 
Նշենք նաև, որ մայիսի 21-ին իրենց հոյակերտ համայնքային կենտրոններն ունեցան Ասկերանի շրջանի Պատարա ու Խանցք համայնքները։ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Միշել Տանկրեզին՝ Պատարայի, իսկ Կանադայի Մոնրեալ քաղաքի  տեղական մարմնի ատենապետ Թոմաս Ֆրոնդջյանին շնորհվեցին Խանցքի պատվավոր քաղաքացու կոչումներ։
 
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ք. Ասկերան