[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ԲԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԴՌՆԵՐԸ

 Դպրոցականների ամառային արձակուրդը երեխաների մի մասի համար հիշարժան կլինի ճամբարում անցկացրած օրերով: Ինչպես տեղեկացանք ԼՂՀ  ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանից, նախարարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ հայաստանյան մի շարք կազմակերպությունների հովանավորությամբ արցախցի  մի խումբ դպրոցականներ իրենց  հանգիստը կանցկացնեն ՀՀ գեղատեսիլ վայրերում: 
Հունիսի 22-ին արցախցի դպրոցականների առաջին խումբն  ուղևորվել է մայր Հայաստան` մասնակցելու Սևանի մերձափնյա Ծովինար գյուղում կազմակերպվող    ՀՀ ՙԵրկրապահ՚ կամավորական միության ՙՊատանի երկրապահ՚ ակումբի ուսումնամարզական ճամբարային հավաքներին: Այստեղ հինգ հերթափոխով յոթնօրյա հանգիստ կանցկացնեն արցախցի 12-15 տարեկան շուրջ 160 դպրոցականներ:
Հուլիսի 5-25-ը երկու հերթափոխով մեր հանրապետությունից հերթական խմբաքանակը տասնօրյա հանգիստ կանցկացնի  Ծաղկաձորում` կազմակերպված ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից:
Հուլիսի 8-27-ը ՊԲ զինծառայողների, սոցիալական տարբեր խմբերի 10-13 տարեկան շուրջ 200 երեխաներ էլ կհանգստանան Ծաղկաձորի ՙԱղբյուր՚, Հանքավանի ՙՀասմիկ՚ և ՙԼուսաբաց՚ ճամբարներում: 
Հուլիսի 10-ից Ասկերանի շրջանի Այգեստանի գեղատեսիլ բնության գրկում կմեկնարկի ԼՂՀ ԿԳՆ ՙԱսպետ՚ ռազմամարզական ճամբարը, որին կմասնակցեն արցախյան դպրոցների 10-րդ դասարանն ավարտած 600 պատանիներ, այդ թվում` Լիբանանից և Երևանի դպրոցներից:
Նախարարության կողմից հուլիսի 13-ից Ստեփանակերտի հ. 5 և հ. 10 հիմնական դպրոցներում կգործեն նաև ցերեկային ճամբարներ, որոնց կմասնակցի 450 երեխա: 
Հուլիսի 1-12-ը կմեկնարկի ԿԳ նախարարության հովանավորությամբ գործող ծրագրավորողների, մաթեմատիկոսների ամառային դպրոցը Ծմակահողում, որտեղ իրենց հանգիստը կանցկացնեն և գիտելիքները կխորացնեն շրջակա գյուղերի և Ստեփանակերտի դպրոցների բարձր դասարանցիներ, ուսանողներ, դասախոսներ Արցախից և Հայաստանից:
Իհարկե, այսքանով չեն սահմանափակվի ճամբարները. տարիների փորձը ցույց է տալիս, որ երեխաների ամառային հանգիստը կազմակերպում են նաև այլ կազմակերպություններ ինչպես Արցախից, այնպես էլ՝ արտերկրից:     
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ