[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՆՏԱՎՈՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 80 ԱՆՁԻՆՔ

2014թ. նոյեմբեր ամսից ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում բացվեց անգիոգրաֆիկ բաժանմունք։ Դա կարևորագույն քայլ է Արցախի առողջապահության ոլորտում. բաժանմունքում կատարվում են սրտի և մնացած բոլոր  օրգանների անոթների ստենտավորումներ, ախտորոշվում ու բուժվում անոթային   խնդիրներ ունեցողները: 

pic__56_.jpg

Անգիոգրաֆիկ մեթոդը ինվազիվ սրտաբանության  հիմքն է: Բաժանմունքում տեղադրված է գերմանական ՙՍիմենս՚ ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթային համակարգ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ի դեպ՝ ոչ միայն սրտի անոթների, այլև մնացած բոլոր օրգանների: Այստեղ աշխատում են երեք ինվազիվ սրտաբաններ՝ ծառայության ղեկավար Կարեն Ալբերտյանը, Պավել Մատինյանը և Վարդան Լալայանը, ինչպես նաև բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ։ 
 Ներկայացնում ենք ծառայության ինվազիվ սրտաբան ՊԱՎԵԼ ՄԱՏԻՆՅԱՆԻ հետ հարցազրույցը։ 
- Արդեն կես տարի է, ինչ հանրապետությունում գործում է անգիոգրաֆիկ ծառայությունը։ Որքանո՞վ եք լիարժեք համարում բաժանմունքի գործունեությունը։ 
- Նախ ասեմ, որ բաժանմունքը մեծ ձեռքբերում է Արցախի ազգաբնակչության համար. սրտի խնդիրներ ունեցող հիվանդներն այլևս չեն մեկնում Երևանի բուժհաստատություններ, այլ Ստեփանակերտում հնարավորություն ունեն ստանալ համապատասխան բուժօգնություն։ Իսկ ինչպես գիտեք, սուր ինֆարկտների դեպքում հիվանդի համար շատ կարևոր է ժամանակը, և նման ծառայության շնորհիվ կանխվում են բազմաթիվ բարդություններ, մահացու դեպքեր։ Սրտաբանական բաժանմունքում մասնագետների կողմից կատարվում են մի շարք հետազոտություններ, և երբ ախտորոշվում է  սրտամկանի սուր ինֆարկտ կամ սուր կորոնար համախտանիշ, նրան արդեն ուղեգրում են անգիոգրաֆիկ բաժանմունք։ Այստեղ իրականացվում է  արյունատար համակարգի ռենտգեն-կոնտրաստային նկարահանում։ Ինչ վերաբերում է սարքավորմանը, այն մեր տարածաշրջանի վերջին սերնդի եզակի անգիոգրաֆներից է, որի հնարավորությունը թույլ է տալիս նկարահանել մարդու ողջ օրգանիզմի արյունատար համակարգը, այդ թվում՝ գլխուղեղի և պերիֆերիկ անոթների։ Մենք հիմնականում աշխատում ենք սրտի անոթների հետ, որոնք կոչվում են կորոնար կամ պսակաձև զարկերակներ։ Սրտամկանի սուր ինֆարկտը կորոնար անոթի, այսինքն՝ սիրտը սնուցող անոթի խցանումն է։ Սարքի օգնությամբ հնարավոր է տեսնել  այդ անոթները, տեսնել խցանված հատվածը և անմիջապես իրականացնել կորոնար անգիոպլաստիկա՝ բացել անոթը և տեղադրել ստենտ՝ անոթի անցանելիությունը վերականգնելու նպատակով։ Այդ վիրահատության շնորհիվ սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ ընդունված հիվանդի մոտ արդեն ինֆարկտի պրոցեսը կանգնեցվում է։ Սարքը հնարավորություն է տալիս աշխատել նաև մյուս զարկերակների վրա, բայց դրանք թերևս կկատարվեն ապագայում։ 
- Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞ւ հետագայում։
- Մենք նպատակ ունենք հիմնել նաև ինվազիվ առիթմոլոգիական ծառայություն և ինվազիվ նեյրովիրաբուժություն։ Վերջին ծառայությունը թույլ կտա ինսուլտների կամ ցերեբրալ անոթների  այլ պաթոլոգիաների դեպքում ներանոթային ճանապարհով աշխատել գլխուղեղը սնուցող զարկերակների վրա։ Այդ հնարավորությունը դեռևս չունենք։ 
- Հնարավորության բացակայությունը կոնկրետ տեխնիկայի՞, սարքավորումների՞, թե՞ կադրային խնդրի հետ է կապված։ 
- Հիմնականում կադրային  խնդիրն է։ Դեռևս վերապատրաստված մասնագետ չունենք, բայց ծրագրում ենք ունենալ ինվազիվ առիթմոլոգ, որն զբաղվելու է արհեստական ռիթմավարների՝ փեյսմեքերների տեղադրմամբ։ 
- Եղե՞լ են դեպքեր, երբ հիվանդին բուժման համար, այնուամենայնիվ, ուղարկել եք Երևան։ 
- Ընդհանրապես, կլինիկաներում անգիոգրաֆիկ ծառայությանը կից լինում է բաց վիրահատական բաժանմունք։ Հիվանդին  ցուցվում է բաց վիրահատություն, երբ ունենում է բազմաանոթային խնդիր, այսինքն՝ եթե կորոնար անոթներից խցանվել են ոչ թե մեկը կամ երկուսը, այլ բազմաթիվ անոթներ, ու կա նաև գլխավոր ցողունի վնասում։ Նման դեպքում ցուցվում է բաց վիրահատություն՝ աորտակորոնար շունտավորում, երբ մարմնի մի ինչոր հատվածից՝հիմնականում ստորին վերջույթների երակային համակարգից վերցվում է անոթ և շունտավորվում։ Եթե ստենտավորումը ներանոթային ճանապարհով է, ապա  շունտավորումը բաց վիրահատական միջամտություն է՝ ոտքի անոթներից վերցված հատվածը տեղադրվում է կորոնար անոթների վրա՝ ստեղծելով շունտ։ Հիվանդները միայն այս դեպքում կարիք ունեն տեղափոխվել Երևան։ Մնացած բոլոր դեպքերում վիրահատությունները ողջ ծավալով կատարվում են այստեղ։ 
-Նման բաց վիրահատություններ կատարելու համար պե՞տք են այլ սարքավորումներ։
- Սարքավորում հարկավոր չէ, պարզապես անհրաժեշտ են առանձին վիրահատարան և համապատասխան մասնագետներ, ինչը և ծրագրվում է շուտով ունենալ։ Այսինքն՝ ինվազիվ ծառայությանը զուգահեռ՝ կլինի բաց վիրահատության բաժանմունք։
- Արդեն վեց ամիս է անցել, ինչ գործում է ստենտավորման ծառայությունը։ Քանի՞ հիվանդների եք ընդունել և ի՞նչ ծավալով եք աշխատել։ 
- Ծառայությունը մի քանի ամիսների ընթացքում իրեն լիովին արդարացրել է, և արդեն ունենք ավելի քան 80 ստենտավորված հիվանդներ։ Անգիոգրաֆիկ բաժանմունքը հնարավորություն է ստեղծել սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում խնայել մարդու կյանքի համար, այսպես կոչված, ոսկե ժամանակահատվածը, որովհետև կորոնար զարկերակի փակումից հետո սրտամկանի կյանքի տևողությունը 6-12 ժամ է երբ այլևս անիմաստ է դառնում բացել անոթը և ստենտավորել,Իսկ նման հիվանդներին Երևան տեղափոխելու ժամանակ, հասկանալի է, կկորցնենք այդ ոսկի  ժամանակը։ Ծառայության շնորհիվ սրտամկանի սուր ինֆարկտի առաջին ժամերին կատարված կորոնար անգիոգրաֆիան հնարավորություն է տալիս փրկել հիվանդի կյանքը՝ հայտնաբերել խցանված անոթն ու արագ վերականգնել արյան հոսքը:Մեկերկու ժամվա ընթացքում հիվանդն ընդունվում է բաժանմունք, և ժամանակին կատարվում է վիրահատություն. բացում ենք անոթը, ստենտավորում և կանխում ինֆարկտը։ Դրանից հետո հիվանդը կատարյալ առողջ է լինում, այսինքն՝ սրտամկանի վնասում չի լինում։ Նման ծառայության շնորհիվ նվազում է մահացության տոկոսը, ինչպես նաև փոխվում է մարդու հետագա կյանքի որակը, կանխվում հաշմանդամությունը: Իսկ ժամանակը կորցնելու պարագայում սրտամկանի սուր ինֆարկտից հետո հիվանդների մեծ մասը դառնում է անաշխատունակ՝ սրտային անբավարարությամբ պայմանավորված: 
- Փաստորեն ստենտը մնում է մարդու օրգանիզմում, իսկ  հնարավո՞ր է հետագա բարդությունների դեպքում դրա փոխարինումը։
- Ստենտը հնարավոր չէ փոխել, իհարկե, հնարավոր են բարդություններ, երբ, ասենք, ստենտի մեջ խցանում է առաջանում։ Նման դեպքեր, փառք Աստծո, մենք չենք ունեցել, և Աստված տա՝ չունենանք։ Այս առումով աշխարհի տարբեր սրտաբանական կլինիկաներում կատարվում են բազմաթիվ հետազոտություններ և մենք աշխատում ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան:
- Ե՞րբ են  մարդիկ դիմում անգիոգրաֆիկ ծառայություն։ 
- Հիվանդները ծառայություն դիմում են այն դեպքում, երբ  սրտաբանի կողմից կան հստակ ցուցումներ։ Այսինքն, եթե հիվանդն ունի գանգատներ, կատարվում են մի շարք լաբորատոր գործիքային հետազոտություններ, այդ թվում նաև՝ ծանրաբեռնվածության թեստ, և միայն համապատասխան ցուցումներից հետո հիվանդը պլանային ձևով դիմում է ինվազիվ սրտաբանի։ Առանց սրտաբանի կողմից կատարված հետազոտությունների հիվանդը չի կարող ուղեգրվել մեր  բաժանմունք։  ST էլևացիայով սուր ինֆարկտի դեպքում մեզ մոտ՝ ինչպես ամբողջ աշխարհում գործում է stent for life ծրագիրը՝ անվճար տեղադրվում է ոչ դեղապատ ստենտ։ Լինում են դեպքեր, երբ ցուցվում է դեղապատ ստենտ։ Այս դեպքում հիվանդը վճարում է միայն դրանց  գնի տարբերությունը։ Ընդ որում, հետազոտության ողջ ծավալը կատարվում է 70 % զեղչով։ Այսինքն՝ կորոնար անգիոգրաֆիան, որը ՀՀ տարբեր կլինիկաներում արժե մոտ 250 հազ. դրամ, Արցախում պետպատվերի շրջանակներում  կատարվում է  69  հազ. դրամով։ 
- Իսկ եղե՞լ են բարդ դեպքեր, և ինչպիսի՞ն է հիվանդացության վիճակագրությունը։
- Եղել են, ամենաբարդ դեպքերից մեկը 60-ամյա հիվանդի մոտ սրտի գլխավոր զարկերակի ցողունի վնասում էր։ Բարդ վիրահատություն էր, որը հաջողությամբ կատարվեց։ Ընդհանրապես, երբ 30-ից բարձր տարիքի տղամարդկանց և 50-ից բարձր տարիքի կանանց մոտ լինում են հետկրծոսկրային ցավեր, պետք է դիմեն սրտաբանի, թերապևտի։ Իսկ բաժանմունք դիմած հիվանդների գերակշռող մասը 50-ից բարձր տարիքի անձինք են, բայց եղել է նաև դեպք, երբ սրտամկանի սուր ինֆարկտով ընդունվել է 30 տարեկան տղամարդ։  
Ընդհանրապես, բնակչությունը պետք է տեղեկացված լինի, այն պահին, երբ առաջին անգամ մարդու մոտ կրծքավանդակի ցավ է զգացվում՝ հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ,հատկապես հետկրծոսկրային տեղակայման, նա անհապաղ պետք է դիմի բժշկի։ Այդ ցավերը կարող են լինել  սրտի իշեմիկ հիվանդության և սրտամկանի սուր ինֆարկտի առաջին կլինիկական ախտանիշները: 
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ