[ARM]     [RUS]     [ENG]

՛՛Ազատ Արցախ՛՛-ի հարցերին պատասխանում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը պատասխանել  է <Ազատ Արցախ>-ի հարցերին՝ արձագանքելով  Ադրբեջանի դեմոկրատիայի և  մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի թվիթերյան գրառմանը, ըստ որի`  2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ստեփանակերտն  ադրբեջանական բանակի հսկողության տակ է անցնելու:

 -Պարոն Ստեփանյան, Ահմեդ Սահիդովի թվիթերյան աղմկահարույց գրառումը տարածվել է համացանցում, որը, բնականաբար, մտահոգել է  ԱՀ բնակչությանը։

-Ինձ համար, առհասարակ, զարմանալի է, որ ոմն Ահմեդ Սահիդովի կողմից սոցիալական ցանցում կատարված գրառումը լայնորեն տարածվում է հայկական տիրույթում: Սահիդովը երևի թե հասարակական կազմակերպության ղեկավարի կարգավիճակ ունի և չեմ կարծում, թե հասանելիություն ունի այնպիսի տեղեկությունների, որոնք փակ են հանրության համար։ Ես սա ուղղակի դիտարկում եմ որպես ադրբեջանցու կողմից հերթական մանիպուլյացիա, որն արվում է մի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքներից և Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունից դժգոհ ադրբեջանական հանրությանը հանգստացնելու, մյուս կողմից էլ հայ հասարակության շրջանում անհանգստություններ բորբոքելու համար։

-Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում  հարևան երկրի,  այսպես կոչված,  նման քարոզչությունը։

-Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և այն իրավիճակը, որ առկա է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մեր հանրության համար բազմաթիվ անորոշություններ են ստեղծում, մասնավորապես՝ Արցախի և մեր ժողովրդի ապագայի հետ կապված։ Նման իրավիճակում հանրությունը գերզգայուն կերպով արձագանքում է հայկական Արցախի գոյությունը կասկածի տակ դնող ցանկացած տեղեկատվության։ Եվ դա բնական է։ Կարծում եմ՝ սա լավ հասկանում են նաև Ադրբեջանում, և դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկատվություն են նետում դաշտ։ Ամբողջությամբ հասկանալով նման թեմաների նկատմամբ մեր հանրության զգայուն վերաբերմունքը՝ այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ ադրբեջանցիների այդ քայլերն ուղղակի միտված են հոգեբանական բացասական ներազդեցություն ունենալու մեր ժողովրդի վրա, վատատեսություն, ապագայի հանդեպ թերահավատություն սերմանելու հանրության շրջանում։ Սա հոգեբանական ահաբեկչության պարզագույն դրսևորում է, և մենք պետք է ունենանք իմունիտետ նման սադրանքների չտրվելու համար։

-Նման դեպքերում ինչպե՞ս կբնորոշեիք հայկական լրատվամիջոցների դիրքորոշումը։

-Հետևել Ադրբեջանում քաղաքական և հանրային դիսկուրսին, վստահ եմ, շատ կարևոր է, սակայն այնտեղ հանդիպած ամեն ինչ բերել հայկական տիրույթ և նման լուրերով խաղալ հայ հասարակության հանրային տրամադրությունների վրա, այնքան էլ ճիշտ չեմ համարում։ Բարձր գնահատելով լրատվամիջոցների կատարած աշխատանքը՝ կոչ կանեի հատկապես այս թեմաների նկատմամբ առավել մեծ զգուշավորություն ցուցաբերել։