ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ։
Օրակարգի առաջին հարցը Արցախի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանելու մասին էր։
ՙԷներգետիկայի մասին՚ օրենքի պահանջներին համապատասխան ս. թ. հուլիսի 1-ից մեկ տարվա կտրվածքով սահմանվել են Արցախի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները, որոնք մնացել են անփոփոխ:
Նիստը քննարկել է նաև փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու մասին հարցը։
Հանձնաժողովը մի շարք որոշումներով ուժը կորցրած է ճանաչել ՙՎԻԿԻՆԳ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՙՍյունիք՚ փոքր, ՙՌԻՎԵՐ ԷՆԵՐՋԻ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՙՌիվեր Էներջի՚, ՙՌԻՎԵՐ-2՚ փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին՚ որոշումները և այդ որոշումներով ՙՎԻԿԻՆԳ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ՙՍյունիք՚ փոքր, ՙՌԻՎԵՐ ԷՆԵՐՋԻ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ՙՌիվեր Էներջի՚, ՙՌԻՎԵՐ-2՚ փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաները:
Հաստատվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի գործավարության կարգը:
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի խորհրդանիշի նկարագրությունը և ձևը։
Օրակարգի վերջին հարցը ՙԷլեկտրական էներգիայի արտադրություն՚ ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների և ՙԱրցախՀԷԿ՚ բաց բաժնետիրական ընկերությանը գերիշխող դիրք ունեցող համարելու մասին էր։
ՙՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚ օրենքի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտը ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ չորրորդը։ Ուսումնասիրությունն իրականացվել է բնեղեն արտահայտությամբ՝ հիմք ընդունելով արտադրության և իրացման ծավալները։ Արդյունքում Հանձնաժողովը ՙԷլեկտրական էներգիայի արտադրություն՚ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ է ճանաչել ՙԱրցախՀԷԿ՚ բաց բաժնետիրական ընկերությանը (որպես իրացնող իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի մեկ չորրորդից ավելին` 63,8%):
Նիստում քննարկվել են այլ հարցեր ևս։