[ARM]     [RUS]     [ENG]

ՔՍԱՆՈՒԹ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՄՈՆԹԵԻ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով, անկարելի է խաղաղություն՝ առանց մեր հաղթանակի:

Մոնթե ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

   Քսանութ տարի առաջ, 1993թ.-ի Հունիսի 12-ին Ակնայի (Աղդամի) շրջանի Մարզիլու գյուղի մատույցներում զարկվեց Արցախյան ազատամարտի նվիրյալ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Մարտունու ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, հնագետ  Մոնթե (ԱՎՈ) Մելքոնյանը:

   Հեռավոր Կալիֆոռնիայում ծնված բացառիկ հայը, երբ վտանգված էր հայրենիքի Արցախյան հատվածը, պապերի վրեժն հոգում եկավ Արցախ, եկավ ու դարձավ Արցախյան գոյապայքարի առանցքային դերակատարներից մեկը:  Մոնթեի համար, Արցախում ընթացող պատերազմում հաղթանակելը,  դեպի պատմական հայրենիք, դեպի Էրգիր տանող միակ ճանապարհն էր: Ասում էր. <<Նորմալ բան է, որ ամեն մարդ գա և իր հայրենիքը պաշտպանե, շատ նորմալ բան է: Իրավունքն է բոլորի և նաև պարտականությունն է>>:

    Մոնթեի ` անչափելի զորավարի կերպարը, կարճ ժամանակահատվածում դարձավ ազատագրական պայքարի իսկական խորհրդանիշ: Նրան սիրում էին մեծից փոքր: Պատահական չէ, որ զորահրամանատարի մահից հետո, մինչ օրս անգամ, ընդունված է Մարտունիում ծնված տղա երեխաներին կոչել Ավո կամ Մոնթե: Սիրելի հրամանատարի անունը պատգամ է դարձել սերունդների համար: Ընդունված խոսք կա՝ ասում են. <<Մարդ պետք է մի քիչ Ավո լինի>>:

Չարաբաստիկ Հունիսի 12-ին Մոնթե Մելքոնյանի հետ հանուն հայրենիքի ընկավ նաև նրա հավատարիմ զինակիցը, Մարտական խաչ 1-ին աստիճանի ասպետ  Սարիբեկ (ՌԱՋ) Մարտիրոսյանը: Մոնթեի սիրելի Սարիբեկն իր պայքարը տարավ մինչև վերջ, մահն անգամ կիսելով իր զորավարի հետ:

  Մոնթե-Ավոյի այրին ՝ Սեդան, մարտական ընկերները, հարազատները, ամեն տարի` հունիսի 12-ին, ավանդույթի համաձայն, այցելում էին Մարզիլու  և ծաղիկներ խոնարհում այնտեղ  տեղադրված խաչքար-հուշարձանին, այն վայրում որտեղ հավերժ ժողովրդինը դարձավ Մոնթեն:  Ծանր է, բայց չասելն ավելի ծանր է, այս տարի այդ հնարավորությունը, ցավոք, ոչ ոք չունի, Արցախյան 3-րդ պատերազմի վերքը նաև այս է, այն վայրը, որտեղ ընկավ հրամանատարը՝ այժմ հակառակորդի վերահսկողության տակ է:   

  Անպարտելի Մոնթե-Ավոյի տեսակի կարիքն այսօր զգացվում է ավելի քան երբևէ, նա վաղուց չափանիշ է ամեն ինչի, ասում եմ  ամեն ինչի, որովհետև Մոնթեն մարդ-սիմվոլ է, խոնարհ հերոսի բացառիկ տեսակ:

Քո մասին դեռ շատ երգեր ու բանաստեղծություններ կգրվեն, պատմությունը քեզանով դեռ շատ կզարդարվի, դեռ հազարավոր հայ մանուկներ կծնվեն Մոնթե և Ավո անուններով:  Հավերժ փառք քեզ սիրելի Մոնթե:

 

Հ.գ.

    44-օրյա պատերազմի օրերին, մեր քաջերը Մարզիլուից, Ավոյի աղբյուր են տեղափոխել Մոնթեի խաչքար-հուշարձանը , ասում և դողում եմ. դեպի խաչքար տանող սալաքարերը, ցանակապատն ու հողն անգամ: Շշմելու չափ ուժեղ ենք մենք: Ես հավատում եմ, որ Մոնթեն էլի կգա ու կհաղթի: