ԲԱՐԵԽՈՍԵՔ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, կամ՝ Ի՞ՆՉՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ ԹԵՐԱՑԵԼ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Ամեն տարի հունիսի 20-ին միջազգային հանրակցությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է 2000թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ աշխարհում փախստականների խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, նրանց անվտանգության, կարիքների և տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով:
ՙԱշխարհում, որտեղ բռնության արդյունքում հարյուրավոր ընտանիքներ ամեն օր հարկադրաբար լքում են իրենց հարազատ վայրերը, համաշխարհային հանրակցության աջակցության անհրաժեշտություն կա՚,-նշվում է ՄԱԿ-ի կայքում: Ցավոք սրտի, այս ճշմարիտ խոսքը որևէ կերպ չի վերաբերել ու չի վերաբերում Ադրբեջանից բռնագաղթած և Լեռնային Ղարաբաղում ապաստանած հայ փախստականներին:
Ամեն ինչ սկսվեց 1988թ. փետրվարին, երբ ԼՂԻՄ հայ ազգաբնակչության՝ Մայր հայաստանին վերամիավորելու խաղաղ պահանջներին ի պատասխան Ադրբեջանը հակադրեց բռնի ուժ: 1988թ. Սումգայիթյան ողբերգությունը, 1988թ. նոյեմբերին Գանձակում ¥Կիրովաբադ¤, 1990թ. Բաքվում իրագործված հայ ազգաբնակչության ջարդերը, հայերի բռնատեղահանությունները Գետաշենից և Շահումյանի շրջանից, Մարտակերտում իրականացված ՙԿոլցո՚ ռազմագործողությունը և շատ ուրիշ ոչ պակաս ողբերգական իրադարձություններ տեղ գտան մեր նորագույն պատմության տարեգրության մեջ: Այդ օրերին Ստեփանակերտի, Լեռնային Ղարաբաղի շրջկենտրոնների փողոցները լեփ-լեցուն էին փախստականներով: Մարդիկ գիշերում էին փողոցներում, անծանոթ մարդկանց տներում: Այդ ժամանակվա խորհրդային իշխանության մարմիններն արագ արձագանքեցին իրավիճակին և, ըստ հնարավորության, սկսեցին փախստականներին բնակեցնել հանրակացարաններում, տարաբնույթ շենք-շինություններում, հյուրանոցներում:
Մեր թերթը բազմիցս անդրադարձել է փախստականների թեմային և նրանց խնդիրներին: 30 տարի շարունակ մենք բարձրաձայնել ենք հարցերի մասին, որոնք բնակչության տվյալ խմբի համար կենսական նշանակություն ունեն՝ ամեն անգամ հուսալով, որ մեր ձայնը լսելի կդառնա, և փախստականների մասին մեր հերթական լրատվության մեջ ինչ-որ լավատեսական միտումներ կլինեն: Բայց, ավա՛ղ… Բաքվից, Սումգայիթից, Ադրբեջանի այլ բնակավայրերից փախստականներին, ինչպես նաև հարկադիր վերաբնակներին հուզող խնդիրները 30 տարի անց էլ պահպանել են իրենց արդիականությունը: Դեռ ավելին, Արցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով բռնատեղահանվածների թիվն ավելացել է մի քանի անգամ…
Այսօր ի՞նչ լուծումներ են տրվում բռնատեղահանվածների խնդիրներին: Արդյո՞ք, պաշտոնապես կանոնակարգված է նրանց կարգավիճակը: Ի՞նչ ծրագրեր են նախատեսվում կյանքի կոչել: Արդյո՞ք, հստակեցվել են առաջնահերթությունները: Ի՞նչպես է լուծվելու 1988-92թթ. Ադրբեջանից հայ փախստականների բնակարանային հարցերը: Այս և այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչությունում:
Վարչությունում տեղահանված անձանց պաշտոնական կարգավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան ասացին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված քաղաքացիներին իրավական կարգավիճակ տրամադրելու նպատակով մշակվում է կառավարության որոշման նախագիծ:
-Ի՞նչպես են այսօր լուծվում բռնատեղահանվածների խնդիրները: Ի՞նչ ծրագրեր են նախատեսվում կյանքի կոչել:
-Այսօր անօթևան մնացած մեր հայրենակիցներին կահավորված բնակելի տներով ապահովելու խնդիրների լուծումն առաջնահերթությունների ցանկում է: Արցախի տարբեր բնակավայրերում ազատ բնակֆոնդի հաշվառումը, բնակելի տների վերանորոգումն ու կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այժմ նախատեսվում է կյանքի կոչել մի կարևոր նախաձեռնություն, որի շրջանակներում տեղահանված բազմանդամ 100 ընտանիք, որոնք ցանկություն կունենան բնակվել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի մոտակայքում կառուցվելիք էկոլոգիապես մաքուր, փայտե առանձնատներում, կդառնան ՙ100 տուն՚ ծրագրի շահառուներ:
-Քանի՞ փախստական և ներքին տեղահանված անձ է հաշվառված Վարչությունում:
-Ներկա պահի դրությամբ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչությունում հաշվառված է 1424 ընտանիք՝ որպես բնակելի տան կարիք ունեցող:
-Ի՞նչպես է լուծվելու 1988-92թթ. Ադրբեջանից հայ փախստականների բնակարանային հարցը: Կարո՞ղ են նրանք հաշվառվել բնակարանային հերթում, եթե՝ այո, ապա ի՞նչ կարգով:
-1988-92թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած՝ Արցախի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ¥ՓՀՎ¤ ստացած, ինչպես նաև ՓՀՎ չստացած՝ փաստացի փախստական հանդիսացող անձինք, հնարավորություն ունեին օգտվել կառավարության համապատասխան որոշումներով ամրագրված հիպոթեքային վարկավորմամբ բնակպայմանների բարելավման նպատակով տրամադրվող պետական ֆինանսական աջակցության ծրագրից: Օրինակ ՙԱրցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի՚ հիպոթեքային վարկավորման ծրագրերում ընդգրկվել է 150 ՓՀՎ ստացած ընտանիք: 2019թ. ընթացքում պետական ֆինանսական աջակցությունից օգտվել է ՓՀՎ ունեցող և նրանց հավասարեցված 157 ընտանիք, 2020թ. օգոստոս ամսվա դրությամբ արտոնյալ հիպոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկված է եղել 60 փախստական ընտանիք: Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների խնդիրների լուծման առաջնահերթությամբ պայմանավորված՝ 1988-92թթ. փախստականների բնակբարելավման նպատակով տրամադրվող պետական աջակցության ծրագրերն այս պահին ժամանակավորապես չեն գործում:
Հ.Գ. 1988-92թթ. Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակպայմանների բարելավմանն ուղղված վերոնշյալ պետական ծրագրերի առնչությամբ մեր խմբագրություն դիմել են փախստականներ և դժգոհություն հայտնել առ այն, որ հիպոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու համար նրանք պետք է բնակարանի գնի 10 տոկոսի չափով կանխավճար կատարեին, ինչը հսկայական գումար է կազմում և իրենց կարողություններից վեր է: Բացի դրանից, բնակելի տան քառակուսի մետրի համար Ներդրումային հիմնադրամի տրամադրած գումարը զգալիորեն ցածր է շուկայական գնից, ուստի մնացորդը դարձյալ ստիպված էր լինում վճարել փախստականը:
Մեր թերթը բազմիցս լուսաբանել է այդ խնդիրը` իշխանությունների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ անգամ այդ 10 տոկոս կանխավճարի պայմանի չեղարկումը հարցի լուծում չէ, քանի որ հիպոթեքային վարկեր տրամադրում են բանկերը, որոնք չեն համագործակցում կարիքավոր քաղաքացիների հետ, իսկ փախստականների մեծ մասն այդ կարգավիճակում է. նրանցից շատերն արդեն թոշակառու են, իսկ հաճախ` չունեն կայուն եկամուտ: