[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎ ՆՐԱ ԿԵՆՏՐՈՆ ՇՈՒՇԻՆ ՄԻՆՉԵՎ 1917թ. ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Աբրահամ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ

 (Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 35« 37« 38, 39, 58, 68)

 

(Հատվածներ Աբրահամ Կիսիբեկյանի ՙՀուշեր՚ գրքից)

ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարևոր եմ հա­մա­րում թվե­լու մի շարք սո­վո­րու­թյուն­ներ, ո­րոնք տեղ են գտել այդ ժո­ղովր­դի կեն­ցա­ղում։
Շուշ­վա ամ­բողջ հայ բնակ­չու­թյու­նը բա­ժան­ված էր Ա­գու­լյաց, Ղա­զան­չե­ցոց, Կա­նաչ ժա­մի, Մեղ­րե­ցոց ե­կե­ղե­ցի­նե­րի և կու­սա­նաց ա­նա­պա­տի (վան­քի) վրա։ Յու­րա­քան­չյուր ե­կե­ղե­ցի ու­ներ 4-5 քա­հա­նա, իսկ Կու­սա­նաց ա­նա­պա­տում կար միայն մի քա­հա­նա և 6-7 կա­նայք (կույ­սեր)։
Կի­րա­կի և տոն օ­րե­րին ժո­ղո­վուր­դը գնում էր ե­կե­ղե­ցի, ա­ղո­թում ու մոմ վա­ռում։ Քա­ղա­քի ուխ­տա­տե­ղի­նե­րից ա­մե­նան­շա­նա­վորն էր ՙՍուրբ Սա­րի­բե­կը՚, ո­րը գտն­վում էր քա­ղա­քի մոտ գտն­վող Դա­շու­շե­նում։ Զատ­կին, Վար­դա­վա­ռին ու այլ նշա­նա­վոր տո­նե­րին քա­ղա­քի հայ բնակ­չու­թյու­նը խմ­բե­րով գնում էր այդ­տեղ ու զո­հեր մա­տու­ցում, ո­րոն­ցից լի ու լի օգտ­վում էր այդ գյու­ղի բնակ­չու­թյու­նը, ո­րի հա­մար էլ Ղա­րա­բա­ղի բնա­կիչ­նե­րը ա­սում են ՙՄա­տաղ ու­տող դա­շու­շե­նա­ցիք՚։
Քա­ղա­քի բնա­կիչ­նե­րը, բա­ցի ան­հա­տա­կան կեր­պով զոհ մա­տու­ցե­լուց, մա­տու­ցում էին նաև ամ­բողջ թա­ղե­րով։ Նշա­նա­վոր տո­նե­րին, տար­վա մեջ մի ան­գամ, զոհ էին մա­տու­ցում. թա­ղե­րով փող էին ժո­ղո­վում ի­րենց ծխե­րից, գնում էին ոչ­խար­ներ, թխում էին լա­վաշ հաց և ե­կե­ղե­ցի­նե­րի բա­կե­րում մոր­թո­տում ոչ­խար­նե­րը, կրակ­ներ վա­ռում, ե­փում մի­սը և մեծ-մեծ գն­դե­րով փա­թա­թում լա­վաշ­նե­րի մեջ ու բա­ժա­նում ի­րենց ծխե­րին։
Կա­յին բնակ­չու­թյան կեն­ցա­ղի մեջ մտած սո­վո­րու­թյուն­ներ, օ­րի­նակ, երբ պետք է տե­ղի ու­նե­նար որևէ ա­մուս­նու­թյուն, ա­մուս­նա­ցող­նե­րի ծնող­նե­րը դի­մում էին զա­նա­զան տղա­մարդ­կանց կամ կա­նանց՝ խնդ­րե­լով ա­ջակ­ցել, ո­րոնք լավ էին ճա­նա­չում թե՜ աղջ­կե­րանց և թե՜ տղա­նե­րին։
Այս­պես, օ­րի­նակ, կար մի մր­գա­վա­ճառ, ո­րի խա­նու­թը գտն­վում էր ձմե­ռա­յին ա­կում­բի ա­ռա­ջին հար­կում, բա­նուկ փո­ղո­ցի վրա գտն­վող մի փոք­րիկ սե­նյա­կում, ո­րի ա­նունն էր ՙՈւ­զուն Գրի­գոր՚, ո­րը մի­ջին տա­րի­քի և շատ եր­կար հա­սա­կի տեր մարդ էր։
Ու­զուն Գրի­գո­րը քա­ղա­քի հայտ­նի տնե­րի հետ մո­տիկ ծա­նո­թու­թյուն ու­ներ և ճա­նա­չում էր նրանց աղ­ջիկ­նե­րին։
Նրա խա­նու­թի առջևով՝ բա­նուկ փո­ղո­ցով անց ու դարձ ա­նող աղ­ջիկ­նե­րը չէին վրի­պում նրա աչ­քից, և նա ա­մեն ան­գամ կա­վի­ճով նշա­նա­կում էր դռան վրա աղջ­կա ազ­գա­նու­նը և նրա ա­ռաջ ուղ­ղա­հա­յաց նշա­նա­կում մի գիծ՝ այն­քան ան­գամ, որ­քան նա կանց­ներ խա­նու­թի առջևով։ Այս նշա­նա­կում­նե­րը նա կա­տա­րում էր բո­լոր այն աղ­ջիկ­նե­րի վե­րա­բե­րյալ, ո­րոնք ա­մու­րի էին ու անց­նում էին նրա խա­նու­թի առջևով։
Ու­զուն Գրի­գո­րը մեծ համ­բավ ու­ներ քա­ղա­քա­ցի­նե­րի շր­ջա­նում՝ ՙոր­պես լավ աղ­ջիկ ճա­նա­չող՚, ուս­տի միշտ դի­մում էին նրա կար­ծիքն ի­մա­նա­լու որևէ աղջ­կա մա­սին։ Նա իս­կույն նա­յում էր դռան վրա կա­տա­րած իր նշում­նե­րին՝ հաշ­վե­լով, թե տվյալ աղ­ջի­կը քա­նի ան­գամ է ան­ցել այդ­տե­ղով և ըստ այնմ հայտ­նում իր ՙհե­ղի­նա­կա­վոր՚ կար­ծիքն այդ աղջ­կա մա­սին՝ դրա­կան կամ բա­ցա­սա­կան։
Հար­սա­նիք­նե­րի ժա­մա­նակ ըն­դուն­ված երևույթ էր ՙկան­չը՚։ Հար­սա­նի­քը տևում էր 3-4 օր։ Վեր­ջին օ­րը ճա­շե­լուց հե­տո թմբ­կա­հա­րը՝ իր թմ­բու­կը վերց­րած, մո­տե­նում էր թա­մա­դա­յին և թմ­բու­կը դնե­լով սփ­ռո­ցի վրա՝ նրա ա­ռաջ, և ին­քը չո­քե­լով թմ­բու­կի մոտ՝ իր փայ­տե կո­պալ­նե­րով դռ­ռաց­նում է, որ նշա­նա­կում էր, թե սե­ղա­նա­կից­նե­րի ու­շադ­րու­թյունն է հրա­վի­րում, ո­րից հե­տո նա բարձր ձայ­նով դի­մում էր բո­լո­րին.
-Ա՛յ ժո­ղո­վուրդ, էս ա 3-4 օր ա մենք այս­տեղ քեֆ ենք ա­նում, մեր հար­սան­քա­տե­րը չեն կե­նա, նրա օ­ջա­խը վար­քար լի­նի, նրա տու­նը լի­քը մնա և մենք էլ միշտ էլ ու­րա­խու­թյան գանք այս տու­նը։ Ա՛յ ժո­ղո­վուրդ, խոսքն ա­ռաջ պատ­կա­նում է այս տա­նը մո­տիկ ու հա­րա­զատ բա­րե­կամ­նե­րին. թող նրանք մո­տե­նան և մեր թա­գա­վո­րին ու թա­գու­հուն շնոր­հա­վո­րեն։

Այս հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո մեկ-մեկ մո­տե­նում են, յու­րա­քան­չյու­րը թմ­բու­կի վրա է դնում ո­րոշ գու­մար։ Լի­նում են և այն­պի­սին­նե­րը, ո­րոնք բա­ցի փո­ղից տա­լիս են որևէ նվեր՝ խա­լաթ, օ­րի­նակ՝ թաշ­կի­նակ, շո­րա­ցու և այլն։ Երբ մե­կը դրա­մը դնում էր թմ­բու­կի վրա, թմբ­կա­հա­րը բարձր ձայ­նով հայ­տա­րա­րում էր։
-Ա՛յ ժո­ղո­վուրդ, ե­կավ մեր փե­սա­յի հո­րեղ­բայ­րը և տվավ Նի­կո­լա­յի մի ոս­կի հին­գա­նոց, շեն կե­նա, շեն կե­նա…
Սե­ղա­նա­կից­նե­րը ձայ­նակ­ցում են թմբ­կա­հա­րին՝ շատ շեն կե­նա…
Մո­տե­նում է մի ու­րի­շը։
-Ա՛յ ժո­ղո­վուրդ, ե­կավ խա­չեղ­բայ­րը և տվավ Նի­կո­լա­յի ոս­կե մի տա­սա­նոց, շատ շեն կե­նա, ի­րան օ­ջախն էլ վար­քար մնա, հայ­տա­րա­րում է թմբ­կա­հա­րը, ո­րին ձայ­նակ­ցում են սե­ղա­նա­կից­նե­րը՝ շեն կե­նա, տո­նը վար­քար լի­նի…

Եվ այդ­պես բո­լոր սե­ղա­նա­կից­ներն՝ սկ­սած ա­մե­նա­մո­տի­կից, գա­լիս են բո­լո­րը և ո­րոշ գու­մար տա­լիս, իսկ թմբ­կա­հա­րը շա­րու­նա­կում է իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։
Երբ վեր­ջա­նում է նվի­րատ­վու­թյու­նը, թա­մա­դան, նրա մոտ նս­տած գյու­ղում հարգ­ված մի քա­նի­սի հետ, հաշ­վում են փո­ղե­րը և հանձ­նում հար­սան­քա­տի­րո­ջը, իսկ թմբ­կա­հա­րը հայ­տա­րա­րում է ժո­ղո­ված դրա­մի գու­մա­րը։
Այս գոր­ծո­ղու­թյու­նը կոչ­վում էր ՙկանչ՚։
Ա­ռա­ջին հա­յաց­քից այն­պես է թվում, թե հար­սան­քա­տե­րը իր հյու­րե­րից վերց­նում է նրանց վրա ծախ­սած իր գու­մա­րը, սա­կայն ե­թե խո­րը քն­նենք, մենք կգանք այն եզ­րա­կա­ցու­թյան, որ ՙկան­չը՚ հա­սա­րա­կա­կան և տն­տե­սա­կան հս­կա­յա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող մի երևույթ էր։ Այս ձևով հա­սա­րա­կու­թյունն օգ­նու­թյան էր հաս­նում հար­սան­քա­տի­րո­ջը։ Այս օգ­նու­թյու­նը կա­տար­վում էր փո­խա­րի­նա­բար և այդ ժո­ղով­ված գու­մա­րը հա­մար­վում էր փո­խա­րի­նա­բար տր­ված, ո­րը նույն­պես նրանց հար­սա­նիք­նե­րին պետք է ներ­կա­յա­նար և մաս­նակ­ցեր ՙկան­չին՚՝ վճա­րե­լով ի­րեն տր­ված գու­մա­րը։ Այս սո­վո­րու­թյու­նը կա­տար­վում էր նրանց հար­սա­նիք­նե­րին։ Չնա­յած Ղա­րա­բա­ղի գյու­ղե­րում շա­րու­նակ­վում էր այս սո­վո­րու­թյու­նը, սա­կայն քա­ղա­քում վեր­ջին տա­րի­նե­րին մո­ռա­ցու­թյան էր տր­վել։
Այժմ էլ մի այլ սո­վո­րու­թյան մա­սին, որ տե­ղի էր ու­նե­նում նրանց դժ­բախ­տու­թյան ժա­մա­նակ։ Կա­յին հա­տուկ լալ­կան կա­նայք, ո­րոնք հրա­վիր­վում էին մահ­վան դեպ­քե­րում՝ եր­գե­լու։ Մեր թա­ղում կար մի մի­ջին տա­րի­քի, բա­վա­կա­նին գե­ղե­ցիկ, հայ­կա­կան տա­րա­զով, ճա­կա­տին եր­կու շարք ոս­կի դրամ­ներ շա­րած մի կին, ո­րին կո­չում էին Ե­վա բա­ջի։ Ե­վա բա­ջին միշտ մահ­վան դեպ­քե­րում հրա­վիր­վում էր զա­նա­զան տե­ղե­րից. գա­լով` նն­ջե­ցյա­լի վրա բարձր ձայ­նով սուգ էր ա­սում, իսկ մնա­ցած կա­նայք ձայ­նակ­ցում էին նրան։
Հա­մա­րյա ա­մեն օր Ե­վա բա­ջին հրա­վիր­վում էր քա­ղա­քի զա­նա­զան մա­սե­րից։
Կա­յին բազ­մա­թիվ սո­վո­րու­թյուն­ներ, ո­րոնք տե­ղի էին ու­նե­նում հա­սա­րա­կու­թյան կեն­ցա­ղում՝ ի­րենց ա­ռօ­րյա կյան­քում։
Բա­վա­կա­նա­նանք այս մի քա­նի օ­րի­նակ­նե­րով։


(Շարունակելի)