[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՂԱՐԾԻ. ՆՈՐ ՍԿԶԲԻ ՇԵՄԻՆ (Լուսանկարներ)

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Արցախյան 3-րդ պատերազմից հետո Հանրապետության գյուղական համայնքներում հաճախ կարելի է հանդիպել շինարարական կազմակերպությունների , որոնք  իրենց աշխատանքներն իրականացնում են  արտակարգ ռեժիմով` տարհանված արցախցիների բնակության նոր հասցեները վերջնական տեսքի բերելու և նրանց բնակապահովման խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար: Այդպիսի համայնքները քիչ չեն Մարտունու շրջանում, որտեղ այսօր էլ շարունակում են բնակություն հաստատել մեր տեղահանված հայրենակիցները:

 -Մեր գյուղը լավ գյուղ է, աղբյուրների ոստան է Կաղարծին...և հետո, գիտե±ք, մենք մեծ առավելություն ունենք, համայնքը մոտ է` և՛ շրջկենտրոն Մարտունիին, և՛  մայրաքաղաքին: Սա շատ կարևոր է  գյուղի զարգացման համար:

Այս մասին  Կաղարծի համայնքի ղեկավար Գարուշ Սարգսյանը խոսում է մեծ ոգևորությամբ և անթաքույց ուրախությամբ, որի պատճառը նաև համայնքի վերջին ժամանակների բուռն կյանքն է:

Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում  ընթացող  շինարարական կատարված ու կատարվելիք աշխատանքներին <<ԱԶԱՏ ԱՐՑԱԽԸ >>  ծանոթացավ տեղում:

   Դեռ նոր էինք մայրուղուց թեքվել գյուղ տանող ճանապարհ, երբ զգացվեց շինարարական  եռուզեռը,  շինանյութ տեղափոխող մեքենաներն իրար հերթ չտալով շտապում էին տեղ հասնել:  

 - 14 բնակարանանոց շենքի կառուցման աշխատանքները ավարտման փուլում են, բնակելի շենքի հիմք դարձավ համայնքում տարիներ առաջ կառուցվող դպրոցի շենքը, որի շինաշխատանքներն անավարտ էին մնացել: Արցախյան 3-րդ պատերազմից հետո, երբ համայնքում բնակություն սկսեցին հաստատել մեր տարահանված հայրենակիցները,  որոշում կայացրեցինք շենքը ծառայեցնել նրանց բնակարանով ապահովելու  նպատակին, բավականին գեղեցիկ է ստացվել:  Բնակելի շենքի վերակառուցման աշխատանքների ավարտից հետո, կբարեկարգվի նաև բակի տարածքը:

 Մեր այն հարցին, թե  քանի ընտանիք է բնակություն հաստատել Կաղարծիում, համայնքի ղեկավար Գարուշ Սարգսյանը պատասխանեց.  
<<Թվով 7 ընտանիք, ընդհանուր 32 վերաբնակիչ ունենք: Հարազատի պես ենք ընդունում նրանց:  Եթե ցանկություն են հայտնել հաստատվել մեր գյուղում, ուրեմն մեզնից պահանջվող հնարավորն ու անհնարինը մենք պարտավոր ենք անել նրանց համար>>:

      Շինահրապարակները բավականին շատ են համայնքում, գյուղի ամեն անկյունում կարելի է հանդիպել շինարարների, ովքեր ջանասիրությամբ աշխատում են, որպեսզի, որքան հնարավոր է, արագ կարողանան ավարտին հասցնել գործը: Շինարարներից մեկը մեզ նկատելով ասաց.  <<Մատաղ ինիմ ծեզ, մունք մզանա կախվածը լոխ ընաննք, մարդիկ ուրանց նոր տներումը, մի նոր երջանկությանն հանդիպլան>>:

   Բացի բազմաբնակարան շենքից, համայնքում վերակառուցվում է 5 առանձնատուն` նույնպես նախատեսված տարահանված ընտանիքների համար:

- Շինաշխատանքների նախագծի մեջ է նաև դպրոցի վերանորոգումը, այն վնասվել է երրորդ պատերազմում: Դպրոցի վերանորոգմանը զուգահեռ` կսկսվեն նաև հարևանությամբ գտնվող  Սուրբ Թարգմանչաց եկեղեցու վերակառուցման և բարեկարգման աշխատանքները, եկեղեցին մեր գյուղի համար մեծ նշանակություն ունի , 19-րդ դարի կառույց է, այն կարող է նաև զբոսաշրջիկների ուշադրությունը  գրավել, ստեղծված իրավիճակում այսպիսի լուծումները խիստ նպատակային և օգտակար են,- նշեց Սարգսյանը, հավելելով, որ պատերազմի հետևանքով գյուղում վնասվել է 10 տուն, որոնցում ևս վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն:  

  Երբ խոսք գնաց գյուղի դպրոցի վերակառուցումից, փորձեցինք տեղեկանալ աշակերտների թվի մասին:

- 230 բնակիչ ունեցող Կաղարծիի դպրոց է հաճախում թվով 32 աշակերտ: Վերաբնակեցմամբ պայմանավորված` այս թիվը կհասնի ամենաքիչը 60-ի: Կարծում եմ առաջիկայում մանկապարտեզի անհրաժեշտություն էլ  կառաջանա:

  Խոսելով շինաշխատանքների որակից, Սարգսյանն ասաց. <<Աշխատանքներն իրականացնում է <<Ղուրուչուխ>>ՍՊ ընկերությունը` Հայկ Գրիգորյանի ղեկավարությամբ, բավականին որակով և լավ  են աշխատում, իսկապես ոչ մի խնդիր չկա>>:  Համայնքի ղեկավարը <<ԱԶԱՏ ԱՐՑԱԽ>>-ին փոխանցեց, որ նախատեսվում է նաև բարեկարգել Կաղարծուց Ավդուռ տանող կարճ ճանապարհը, նշելով , որ այդ ճանապարհի բարեկարգումը թույլ կտա հարևան համայնքների փոխշփումն ավելի հեշտ կազմակերպել , ինչպես  նաև երկու բնակավայրերի միջև ակտիվ շարժ կապահովվի:

 - Գյուղը մայրուղուն կապող 4,5 կմ երկարությամբ ճանապարհն առաջիկայում կասֆալտապատվի, այս պահին ավարտական փուլում են հողային աշխատանքները: Սա համայնքի  բնակիչների համար ամենասպասված իրադարձությունն է. երբևէ Կաղարծին մայրուղուն կապող ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել :

  Հետպատերազմյա Կաղարծին իսկապես աննկարագրելի ակտիվ շարժի մեջ է, նրա բնակիչները` մեծ ու փոքր, շինարարների հետ հավասար, քարը քարին դնելով, իրենց հարազատ գյուղին նոր շունչ են տալիս: Ասում են, որ իրենց գյուղի և հայրենիքի համար նահատակված 3 հայորդիների երկիրը, ծննդավայրը, դարձնելու են աշխարհի կենտրոնը: