[ARM]     [RUS]     [ENG]

Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԵՐՈՍԻ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ,

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

 Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի հ.6 դպրոցում տեղի ունեցավ Արցախյան ազատագրական պայքարի նվիրյալ, ՊԲ 4-րդ վաշտի հրամանատար, ՀՀ Ազգային հերոս, Արցախի Հերոս, ՚՚Հայրենիք՚՚ և ՚՚Ոսկե Արծիվ՚՚ շքանշանների ասպետ Յուրի Վաղարշակի Պողոսյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողություն: Մայրաքաղաքի հ.6 դպրոցը 2019 թվականից կրում է հերոսի անունը: Արարողությանը ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, հերոսի մարտական ընկերները, հարազատները:

Բացման խոսքում Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը բարձր գնահատեց Յու. Պողոսյանի ներդրումն Արցախյան պատերազմի տարիներին ու բանակաշինության գործում: Նա վստահություն հայտնեց, որ հերոսի կիսանդրու տեղադրումը դպրոցի բակում մանկավարժական կոլեկտիվի ու աշակերտության համար նոր լիցք ու ազդակ կհանդիսանա առավել մեծ պատասխանատվության, զի Յու. Պողոսյանն այն քաջերի փաղանգից է, որոնք իրենց սխրագործությամբ և կյանքի գնով ոչ միայն գրեցին մեր նորօրյա պատմության էջը, այլև դարձան լեգենդ ժամանակակիցների ու գալիք սերունդների համար:Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին  անմահ զոհերի հիշատակը:

 Հ. 6 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանի դիտարկմամբ խորհրդանշական օրն ու պահը արժևորվում է ևս մեկ իրադարձությամբ, իրենց շարքերում Յու. Պողոսյան հերոսի հավերժ ներկայությամբ: Ահա թե ինչու իրենք ավելի կուռ ու միասնական են դառնալու, և իրենց ընտրած պայքարի անշեղ ճանապարհին, հավատարիմ են մնալու նվիրյալների արդար պայքարի ոգուն ու գաղափարին: Բազմաթիվ առաքինություններով օժտված իրենց հերոսը հայրենապաշտ էր, տաղանդավոր զինագործ, խիզախ զինվոր ու հրամանատար, առաջին ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպիչներից մեկը, 4-րդ վաշտի առաջին հրամանատարը՝ նահանջ ու պարտություն չճանաչող: Ըստ Ա. Մինասյանի մեծ պատիվ է աշխատել ու սովորել ազգային հերոսի անվան դպրոցում և իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի իրենց սաները կրեն Յու. Պողոսյանի արժեքները, և նրա անունը կրող կրթօջախը կդարձնեն հայրենապաշտության դարբնոց:

Հերոսի որդին՝ Սամվել Պողոսյանը, ով իր իսկ խոստովանությամբ հոր հետ կապված մեծ հիշողություններ չունի,/ որովհետև շատ փոքր էր, երբ զարկվեց հայրը/, վստահություն հայտնեց, որ հոր հուշարձանը նոր ու գալիք սերունդների համար լինելու է հայրենիքն անմնացորդ սիրելու և նրա համար կյանքն անգամ չխնայելու վառ օրինակ: Նա փոքր անգամ չի կասկածում, որ դպրոցը  թողարկելու է նոր Յուրի Պողոսյաններ՝ ովքեր հերոսի կոչմանն պիտի արժանանան նոր հաղթանակներ կերտելու ճանապարհին: Դպրոցի նախկին տնօրեն Արթուր Ավետիսյանն իր հերթին բարձր գնահատելով հերոսի անցած մարտական փառավոր ուղին, ներկաներին պատգամեց գոտեպնդվել հերոսի պատգամներով և ձեռք-ձեռքի, ուս-ուս-ի շենացնել չքնաղ Երկիրը՝ ուսելով վեր հառնելու ու վերընձյուղվելու առաքելությունը:

Հուշարձանի կերտող-քանդակագործ Հրանտ Մնացականյանը մեծ պատիվ է համարում լինել հեղինակը Հայաստանի ու Արցախի հերոսի հուշաքանդակի:

ԱՀ ՚՚Մայրություն՚՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանի խոսքը մեծարումն էր հայ մոր ու կնոջ, մեծարում ու խոնարհում բոլոր նրանց հասցեին, ովքեր ծնում, սնում ու դաստիարակում են հերոս ու հայրենապաշտ զավակներ՝ պատրաստ զոհվելու ի սեր և ի փառս հայրենիքի: Ի դեմս Յու. Պողոսյանի մոր՝ Էլվիրա Պողոսյանի նա իր խոնարհումը բերեց հերոսներ ծնող հերոս հայ մայրերին:

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը ՚՚հորդորեց տեր կանգնել հերոսների կտակած, ու նրանց իսկ արյամբ սրբագործված ավանդներին, իսկ աշակերտներին պատգամեց լինել նպատակասլաց ու ստեղծագործ:

Օրհնության խոսք ասաց ու օծման կարգ կատարեց Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու  հոգևոր հովիվ Տեր-Մինաս քահանա Մովսիսյանը: Ելույթներն ուղեկցվում էին դպրոցի սաների երաժշտական կատարումներով: Հուշարձանի բացման պատիվը տրվեց հերոսի որդուն՝ Ս. Պողոսյանին ու քանդակագործ՝ Հ. Մնացականյանին: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան երրորդ պատերազմում հ.6 դպրոցի շրջանավարտ  4 նահատակների հուշատախտակին: