ՇՈՒՇԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը: Շուշիի հերոսական պաշտպանությունը
(Հատված Վահրամ Բալայանի գրքից)
(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 86« 87« 88« 89« 90«
91« 92« 93« 94« 96« 98, 99, 102« 103)
Իբրահիմը մերթ հովանավորում էր օրինական կաթողիկոսին՝ Հովհաննեսին, մերթ էլ հակաաթոռ, Գանձակում նստող և հետագայում Արցախ տեղափոխված Իսրայելին։ Գանձակի հայությունը և Ջրաբերդի մելիք Հաթամը պաշտպանում էին Գանձասարի նախկին կաթողիկոս Ներսեսի եղբոր որդուն՝ Իսրայելին։ Անգամ մելիք Հաթամը, վերադառնալով Ջրաբերդ, Իսրայելին իր հետ բերեց և նրան տրամադրեց Երից Մանկանց վանքը, որտեղ 18-րդ դարի առաջին կեսին քայքայիչ գործունեություն էր ծավալել հակաաթոռ կաթողիկոս Ներսեսը։ Նախադեպը կար, և Իբրահիմ խանը հմտորեն օգտագործեց այդ ամենը՝ ավելի խճճելով Խամսայի մելիքների՝ առանց այն էլ ոչ սովորական հարաբերությունները։
Դժվարին այս ժամանակներում Ղարաբաղ է գալիս Հովսեփ Էմինը։ Նա առաջին հերթին փորձում է վերականգնել Արցախի միասնականությունը։ Անգամ փորձում է լեզու գտնել Արցախի չարիք Իբրահիմ խանի հետ։ Այդ նպատակով 1767թ. նա Գանձասարից մեկնում է Շուշի։ Տեղի հայ ազգաբնակչության ներկայացուցիչները Հովսեփ Էմինին հորդորում են հեռանալ բերդավանից, որովհետև տեղյակ էին, որ Իբրահիմ խանը հայ գործչի նկատմամբ դավադրություն էր նախապատրաստում։ Այլ ելք չգտնելով՝ Հովսեփ Էմինը Շուշիից վերադառնում է Գանձասար։ Բոլորից լքված՝ նա հուսահատ հեռանում է Արցախից։
Քննարկվող ժամանակաշրջանում Այսրկովկասը Ռուսաստանին միացնելու հարցը ցարական արքունիքի համար օրակարգային դարձավ։ Այդ ընթացքում կառավարական շրջանակներում առաջ էին քաշվում դեռևս Պետրոս Առաջինի օրոք կազմված մերձկասպյան արշավանքների ծրագրերի իրագործման նախագծեր, որտեղ նորից առաջնային դերակատարություն էր վերապահվում Արցախի մելիքներին։ Իբրահիմ խանից հալածված՝ մելիքների մոտ տակավին կենսունակ էին հյուսիսի մեծ հարևանի օգնությամբ երկրի փրկության ծրագրերը։ Նրանք, ճիգերի վերջին լարումով ի մի բերելով երկրամասի տնտեսական ու ռազմական կարողությունները, նորից լծվեցին հայկական պետականության վերակերտման գաղափարին։ Այս անգամ Արցախի ազատագրական պայքարի դերակատարները փոխվել էին։ 1781թ. վախճանվել էր Դիզակի մելիք Եսայի, իսկ 1783թ. իրենց մահկանացուն կնքեցին Ջրաբերդի մելիք Հաթամն ու Գյուլիստանի մելիք Հովսեփը։
Դիզակի տեր դարձավ մելիք Եսայու որդի մելիք Բախտամը։ Մելիք Հաթամին հաջորդեց մելիք Մեժլումը, իսկ մելիք Հովսեփին ՝ մելիք Աբովը։ Նրանց և Իբրահիմ խանի միջև պայքարն ավելի կատաղի բնույթ ստացավ։ Իբրահիմ խանին հաջողվեց 1780-ական թվականներին կրոնափոխել Դիզակի Մելիք-Ավանեսյանների տոհմակիցների մի մասին։ Արդեն կրոնափոխ եղած մելիք Վահանին և մելիք Ասլանին են անցնում գերդաստանի կալվածքներն ու ողջ ունեցվածքը։ Մելիք Եգանյանների տոհմից սերված Մելիք-Ասլանովների ներկայացուցիչները 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպեցին Նախիջևանի և Սյունիքի հայության կոտորածները, իսկ 1918-1920 թվականներին Ադրբեջանի հանրապետության հիմնադիրների շարքում էին՝ դառնալով կառավարության և խորհրդարանի անդամներ։ Խորհրդային տարիներին Տողի նախկին ադրբեջանցիների մի մասը ուծացված հայեր էին, որոնք արցախյան ազատագրական պայքարի տարիներին պատուհաս էին դարձել հայերի համար։
Չնայած այս դժվարություններին՝ Ջրաբերդի մելիք Մեժլումին և Գյուլիստանի մելիք Աբովին հաջողվեց ազատագրական պայքարը նոր ուղեծրի մեջ դնել։ Վերստին բացվեց ու աննախադեպ աշխուժացավ Ռուսաստանի հետ կապող դիվանագիտական ճանապարհը։
1783թ. ապրիլի 25-ին Գրիգորի Պոտյոմկինին հասցեագրած իր նամակում Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը հիշեցնում էր, թե առանձնապես ջանադիր են մելիքները, առավել ևս՝ Արցախի մելիքները. լինելով անկախ, ինքնիշխան՝ ունեն բավական թվով զորք և պարենի տեսակետից էլ կարող են բավարարել կայսերական զորքերին։ Ռուսական կայսրությունը փորձում էր Արցախի մելիքություններն ապագա Հայաստանի քաղաքական հիմքը դարձնել, իսկ մելիքներից մեկին կարգել հայոց պետության թագավոր։ Այդ առթիվ 1783թ. ապրիլի 6-ին Գ.Ա. Պոտյոմկինը հրահանգ է տալիս Պ. Պոտյոմկինին. ՙՇուշիի Իբրահիմ խանին պետք է հեռացնել, որովհետև դրանից հետո Ղարաբաղը կկազմի բացի Ռուսաստանից ոչ ոքից կախյալ հայկական նահանգ։ Դուք այդտեղ օգտագործեք ամեն ջանք, որպեսզի այս նոր նահանգը կազմակերպվի ժողովրդի համար առավել նպատակահարմար ձևով։ Դրանով հայկական այլ խոշոր նահանգներ ևս կհետևեն նրա օրինակին կամ մեծ քանակությամբ կգան Ղարաբաղ՚։
Զարգացնելով և կարևորելով այս գաղափարը՝ Գ. Ա. Պոտյոմկինը, 1783թ. մայիսի 19-ին Եկատերինա 2-րդին ուղղված զեկուցագրում ասում է. ՙՉունենալով դեռևս Ձերդ կայսերական մեծության հրամանը՝ ես կարգադրություն եմ արել գեներալ պորուչիկ Պ. Պոտյոմկինին Շուշիի Իբրահիմ խանի մասին, որը կմոտեցնի նրա հնազանդությունը։ Այստեղ հարկ է նախատեսել, որպեսզի հարմար առիթով նրա նահանգը, որը բաղկացած է հայ ժողովրդից, տրվի ազգային կառավարման և դրանով իսկ վերականգնվի Արցախում քրիստոնեական պետություն, Ձեր գերագույն կայսերական մեծության խոստումների համաձայն՝ տրված իմ միջոցով հայ մելիքներին՚։
Դեպքերի հետագա զարգացումներն ապացուցեցին, որ ռուսական արքունիքը, ըստ էության, ոչ մի նպատակ չուներ Խամսայի մելիքությունների հիմքերի վրա վերականգնել հայկական պետականությունը։ Պարզապես երկդիմի քաղաքականությամբ փորձում էր ստանալ հայերի համակրանքն ու, առանց ջանքերի և անկանխատեսելի պատերազմի, իրեն ենթարկեցնել Իբրահիմ խանին։
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները լավ էին հասկանում, որ, առաջ քաշելով անկախ Ղարաբաղի գաղափարը, այդ ճանապարհով կստիպեն Իբրահիմին՝ ընդունել իրենց հպատակությունը։ Իսկ հայերի հարցում նրանք վստահ էին, որ սիրաշահելու միջոցով մշտապես կվայելեն նրանց համակրանքը։ Մի առիթով Եկատերինա 2-րդը ասել է. ՙ…միայն զենքի ուժով չէ, որ հաղթում են ժողովուրդներին…այլ պետք է նվաճել նրանց վստահությունը…նվաճել սրտերը…որի համար պետք է ամեն կերպ սիրաշահել և մեր կողմը գրավել ժողովրդի լավագույն մարդկանց՚։
Հայոց ազատագրության ամենավճռական պահին Իբրահիմ խանը հերթական անգամ ցույց է տալիս իր դիվանագիտական ճկունությունը։ Նա, դեպքերի զարգացման ընթացքից դուրս չմնալու համար, բանագնացներ է ուղարկում գեներալ Պոտյոմկինի մոտ՝ իր հպատակությունը հայտնելով ռուսաց ցարին. ՙՎաղուց է,- գրում էր խանը,-ինչ ես տրամադրություն ունեմ դառնալ համառուսական ամենաողորմած գահի և անհուն առատաձեռնություններով թագավորող կայսրուհու հավատարիմ և ջերմեռանդ ստրուկը։ Չունենալով ոչ ծանոթներ, ոչ կապեր, ինչպե՞ս կարող էի ես վստահել և մտնել այն ճանապարհը, որը տանում է դեպի այդպիսի մի մեծ երջանկություն։ Սպասելով բարձրյալի նախախնամությունից մի հարմար առիթի, որ հայտնեմ իմ ջերմեռանդությունը, ես վշտանում էի իմ հոգու մեջ։
(Շարունակելի)