ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Արցախում 2020թ. նոյեմբերից առ այսօր սոցիալական դժվարին կացության մեջ հայտնված ավելի քան 6,5 հազար տեղահանվածներ հումանիտար և բժշկական օգնություն են ստացել ռուս խաղաղապահների կողմից։ Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաներն անհատական մոտեցում են ցուցաբերում հասցեական օգնության տրամադրման հարցում։ Բնակիչներին բաժանում են առաջին անհրաժեշտության առարկաներ՝ հագուստ և կոշիկ` երեխաների ու մեծահասակների համար, լվացքի փոշի, փոքր գազօջախներ, խոհանոցային պարագաներ, սննդի փաթեթներ, սպիտակեղեն, բարձեր, վերմակներ, անձնական հիգիենայի պարագաներ, մանկական խաղալիքներ, ինչպես նաև անհատական բժշկական դեղատուփեր։
Արցախում Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ Օլեգ Եգորովի խոսքով՝ անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ գործունեության շրջանակներում ձեռնարկվել է 49 միջոցառում՝ իրականացվել են հասցեական հումանիտար օգնության երեք ակցիաներ, 45 քաղաքացիների տրամադրվել է ընդհանուր առմամբ 270կգ հումանիտար օգնություն, ապահովվել է որոնողական աշխատանքների և Ասկերանի ու Մարտունու շրջանների 35հա տարածքում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը, լրացուցիչ՝ Ասկերան-Խրամորթ պարեկապահակային երթուղու տեղազննումը, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներն ապահովվել են խմելու ջրով` ընդհանուր առմամբ մոտ 18,8 խոր. մետր ջուր, իրականացվել է Արցախի երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանն ուղղված 5 միջոցառում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարի հետ։
Ռուս խաղաղապահները շարունակում են անցկացնել միջոցառումներ նաև Արցախի կրթական հաստատություններում։ Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչները սեպտեմբերի 6-ին Ասկերան քաղաքի համար 1 դպրոցի աշակերտների հետ անց են կացրել ինտերակտիվ ՙԽաղաղության դաս՚։ Դպրոցի դահլիճում անցկացված ՙԽաղաղության դասին՚ աշակերտներին ներկայացվեց Խորհրդային Միության հերոսների կենսագրությունը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանց իրականացրած սխրանքները, ինչպես նաև թե՜ Լեռնային Ղարաբաղում, թե՜ աշխարհով մեկ ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը։
ՙԱյսօր Ասկերան քաղաքի դպրոցում անց ենք կացրել ՙԽաղաղության դաս՚, որի ժամանակ երեխաներին պատմեցինք այն մասին, թե ինչ խնդիրներ են իրականացնում խաղաղապահները` ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում՚,-հայտնում է Հումանիտար արձագանքման կենտրոնի սպա, մայոր Ալեքսանդր Կ.-ն։ ՙԱյսօրվա դասը ճանաչողական էր, շատ հագեցած։ Ինձ շատ դուր է գալիս խաղաղապահների բարյացակամ ու բարեհամբույր վերաբերմունքը, իսկ այնպիսի միջոցառումներն, ինչպիսին այս դասն է, ճանաչողական են։ Խաղաղապահներն ունեն դժվարին ու ծանր աշխատանք՝ պահպանել խաղաղությունը։ Խորին շնորհակալություն ձե՜զ։ Հուսանք, ապագայում մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, և ռուս խաղաղապահներն այստեղից չեն հեռանա՚,-ասում է բարձր դասարանի աշակերտուհի Լիլիթ Սահակյանը։
ՌԽՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 4-ին ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը. 8հա տարածքից խաղող է հավաքվել։
Սեպտեմբերի 4-ին ՌԽՀ Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաների կողմից Ստեփանակերտի համար 1 դպրոցում անց է կացվել ՙՌԴ ԶՈՒ խաղաղապահ գործունեությունը՚ թեմայով ինտերակտիվ դաս։
Սեպտեմբերի 7-ին Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են Մարտունու շրջանի Սարուշեն գյուղում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը։