[ARM]     [RUS]     [ENG]

ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ` ԱՌԱՋՆԱԳԾԱՄԵՐՁ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Իր պատասխանատվության գոտում իրավիճակը վերահսկելուց բացի Ռուսական խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) հսկիչ դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստությանն ուղղված միջոցառումներ։ Արցախում ռուս խաղաղապահներն իրականացրել են համալիր վարժանքներ՝ ուղղված 27 դիտակետերում անվտանգության ապահովմանն ու հնարավոր խախտումների կանխմանը,-հաղորդում է ՌԽԶ մամուլի ծառայությունը։ Վարժանքների ընթացքում անձնակազմը մշակում էր սադրիչ գործողությունները կանխելու, դիտակետի վրա հարձակմանը հակադարձելու առաջադրանքներ։ Ահազանգ ստանալուն պես խաղաղապահները սեղմ ժամանակահատվածում իրականացրին տեղակայման վայրից բացազատվելու գործողություններ, զբաղեցրին պաշտպանական դիրքեր՝ նախապես կահավորված դիտակետերում։ Դիրքի պաշտպանությունն ամրացնելու համար գործի դրվեցին հերթապահ ստորաբաժանումները` ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով։

Ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը կահավորված են ՙԲլոկպոստ՚ ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքներում շրջանաձև հսկողություն իրականացնելու համար։
Անցած շաբաթվա ընթացքում անց են կացվել նաև կրակային պատրաստության և մարտական մեքենաների վարման պարապմունքներ։
Սեպտեմբերի 8-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռուս խաղաղապահներն անց են կացրել ինտերակտիվ ՙԽաղաղության դաս՚։ Դասի նպատակն էր դպրոցականներին ծանոթացնել Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի սխրանքներին, երեխաներին ցույց տալ՝ որքան կարևոր է պահպանել խաղաղությունը և թույլ չտալ ինչպես խոշոր, այնպես էլ տեղական հակամարտությունների վերսկսումը։ Մայոր Ալեքսեյ Կ.-ն երեխաներին պատմեց Հայրենական մեծ պատերազմի, Ռուսաստանի Դաշնության հերոսների մասին, հանգամանալից ներկայացրեց նրանց սխրանքները, ինչպես նաև աշակերտներին ծանոթացրեց Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության հետ։ Միջոցառման վերջում կազմակերպվեց նկարչության մրցույթ, որի ժամանակ երեխաները կարողացան նկարել այն, ինչն ամենից շատ տպավորեց, և թե ինչպես են պատկերացնում խաղաղությունը։ ՙԴասն ինձ շատ դուր եկավ, այն ճանաչողական էր ու շատ հետաքրքիր։ Շնորհակալություն ռուս խաղաղապահներին՚,- իր տպավորություններով կիսվեց 6-րդ դասարանի աշակերտուհի Անի Թումասյանը։


Հերթական Խաղաղության դասը ռուս խաղաղապահներն անցկացրին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։
Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները երեխաներին բացատրեցին, թե որքան վտանգավոր են այն տարածքները, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ՝ մեծ քանակությամբ պայթունավտանգ առարկանների առկայության պատճառով։ Սակրավորները ցուցադրեցին ռուսական զինվորական ինժեներների ժամանակակից հանդերձանքը՝ ОВР-2 ՙՍոկոլ՚ ականազերծման համազորային լրակազմը, որն ինժեներներին պաշտպանում է պայթյունի վնասներից։ Դպրոցականներին պատմեցին ИМП-C2 ականորսիչների և անշփում պայթուցիկ սարքերի` ИНВУ-3М ՙԿորշուն՚ շարժական որսիչների մասին, որոնք թույլ են տալիս հայտնաբերել պայթուցիկ սարքերը ռադիոէլեկտրոնային բաղադրիչների հիման վրա։ Դպրոցի բակում ռուս սակրավորները երեխաներին ցուցադրեցին, թե ինչպես է իրականացվում տեղանքի ականազերծումը և ականորսիչների աշխատանքը։ Բոլոր ցանկացողները հնարավորություն ունեին փորձել հանդերձանքն ու իրենց զգալ իսկական սակրավոր-խաղաղապահ։ ՙՄենք շատ ուրախ ենք, որ եկել եք մեզ մոտ, շնորհակալություն ձեզ այստեղ ներկա լինելու համար։ Մեր երեխաներին դա շատ է ուրախացնում՚,- ասում է ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Ամինյանը։
Խաղաղապահ զորակազմի հրշեջ ստորաբաժանման զինծառայողները երեխաներին պատմեցին հրդեհների ծագման պատճառների և այն մասին, թե ինչպես է գործում ԿամԱԶ մեքենայի հիմքի վրա կառուցված AC-6-40 հրշեջ մեքենան, ծանոթացրին վթարային-փրկարարական սարքավորումների, հաշվարկի աշխատանքի հետ, ցույց տվեցին պաշտպանիչ հանդերձանքն ու սարքավորումները։ Երեխաները հետաքրքրությամբ փորձեցին հրշեջ ծառայողի հանդերձանքը` հայտնվելով կրակի դեմ պայքարողի դերում, ինչպես նաև փորձեցին մարել պայմանական հրդեհը` ОУ-3 կրակամարիչի, հրշեջ սարքերի օգտագործմամբ։
Մարտական մեքենաների վարչության ներկայացուցիչները երեխաներին պատմեցին իրենց ծառայության և երթևեկության կանոններին հետևելու կարևորության մասին։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն աշակերտների համար պատմական համառոտ անդրադարձ կատարեցին նաև Հայրենական մեծ պատերազմին` պատմելով պիոներ-հերոսների սխրանքների մասին։
Ռուս զինծառայողներն իրականացրին հումաիտար ակցիա` Արցախի դպրոցների 300 աշակերտների ապահովելով խմելու ջրով։ Ակցիան իրականացվեց ՙՄերսի՚ բարեգործական հիմնադրամների ընկերակցության հետ համատեղ։ ՌԽԶ զինծառայողները, բարերարների խնդրանքով, զինվորական մեքենաներով Երևանից փոխադրեցին 3 և 5 տոննա տարողությամբ խմելու ջրի տարաներ, որոնք փոխանցվեցին Ասկերանի շրջանի Այգեստան, Հովսեփավան և Դաշուշեն գյուղերի դպրոցներին։ Տեղադրելուց հետո դրանք լցրեցին ջրով` ռուս խաղաղապահ զորակազմի հատուկ ջրատար մեքենաների օգտագործմամբ։ ՙՄեր դպրոցը ծանր վիճակում էր, ամառվանից ջուր չունեինք, դա շատ դժվար էր։ ՇՆորհակալություն ռուս խաղաղապահներին, նրանք օգնեցին տեղադրել մեծ` 5 տոննա տարողությամբ ջրի բաք՚,- ասում է Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Մկրտչյանը։ ՙԱյսօր մենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ համատեղ իրականացրինք մեր առաջին ակցիան` խմելու ջրի համար նախատեսված բաքերը տեղափոխեցինք Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղ։ Դա, անշուշտ, շատ կարևոր է, քանի որ առանց ջրի չկա կյանք։ Կոնկրետ տվյալ իրավիճակում խաղաղապահ ուժերն օգնեցին մեզ առաջին հերթին տեղ հասցնել այդ բաքերը, ինչը, անկեղծ ասած, թույլ տվեց մեզ ահռելի գումարներ խնայել։ Իհարկե, սա մեծ աջակցություն է՚,- ասում է բարեգործական կազմակերպությունների ընկերակցության ներկայացուցիչ Միքայել Բադոլյանը։ Ընդհանուր առմամբ, խմելու ջրի պահման 14 բաք կփոխանցվի Արցախի մանկապարտեզներին և դպրոցներին։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման սակրավորները Մարտունու շրջանում շարունակում են պայթյունավտանգ առարկաներից տարածքն ականազերծելու աշխատանքները։ ՙԱվարտված է Կոլխոզաշեն գյուղի մերձակա տեղանքի մաքրումը։ Ընդհանուր առմամբ, մաքրվել է 20հա տարածք, հայտնաբերվել է 12 պայթյունավտանգ առարկա՚,- պատմում է ՌԽԶ ներկայացուցիչ կապիտան Սերգեյ Խ.-ն։ Երկուսուկես ամսվա ամենօրյա աշխատանքների ընթացքում սակրավորները մաքրել և ականազերծել են ավելի քան 180հա տարածք՝ Մարտունու շրջանի առաջնագծամերձ` Մաճկալաշեն, Խերխան, Հեր-Հեր, Կոլխոզաշեն գյուղերում։ Տեղանքի ականազերծումն իրականացվել է գյուղատնտեսական աշատանքների անցկացումը և Արցախի բնակիչների կողմից անասուններին արածեցնելու հնարավորությունն ապահովելու նպատակով։ ՙԸնդհանուր առմամբ, Մարտունու շրջանում մաքրվել է 183հա տարածք, հայտնաբերվել է 139 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հրաձգարան` հետագա ոչնչացման համար՚,- հստակեցրեց կապիտան Սերգեյ Խ.-ն։
Սեպտեմբերի 11-ին ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է անվտանգությունը Մարտակերտի շրջանում՝ ՙԲեյզ մեթըլս՚ մետաղագործական ընկերության օբյեկտներում ճանապարհային աշխատանքների իրականացման ժամանակ։ Նույն օրը ռուսական խաղաղապահների կողմից ապահովվել է Մարտունու շրջանի Ամարաս վանքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը. 5հա տարածքից խաղող է հավաքվել։
Սեպտեմբերի 13-ին ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը` Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում ջրատար խողովակագծի պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման ժամանակ։ Սեպտեմբերի 14-ին ռուսական խաղաղապահները ներկա եղան Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում գյուղատնտեսական աշխատանքների անցկացմանը. 7հա տարածքից խաղող է հավաքվել։
Արցախում ՌԽԶ Քաղաքացիների ընդունման կենտրոնին դիմել է 4500 տեղաբնակ։ Ընդհանուր առմամբ, ՙԹեժ գիծը՚ ստացել է 1955 զանգ։