ՀԶՈՐ ԳՅՈՒՂԻ ԳՈՒՅՆԵՐԸ
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ
Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքը մեծ համբավ ունեցող գյուղերից է, նրա արարող ու հողին ամուր կառչած բնակիչները մեկ անգամ չէ, որ արտահայտել են իրենց սերն առ հայրենիք։ Հայրենի երկրամասի ու հարազատ Բերդաշենի պաշտպանության համար այդ գյուղի բնակիչները զենքով ճակատել են միշտ։ Թշնամու սահմաններին մոտ գտնվելը նրանց կոփել և սովորեցրել է ապրել՝ եթե ցանկանում ես խաղաղություն` միշտ պատրաստ եղիր պատերազմի գաղափարով։
Բերդաշենը հմայք է, զորեղ ներկայություն Արցախի պատմության մեջ. մեզ հանդիպած առաջին բերդաշենցին հենց այսպես նկարագրեց իրենց գյուղը։
Երբ իմացավ, որ պատրաստվում ենք Բերդաշենի ու բերդաշենցիների մասին գրել, մեծ ոգևորությամբ ասաց.
-Հին, շատ հին է մեր գյուղը, մենք այստեղ խոր արմատներ ունենք, շա՛տ խորը։ Մեր գյուղում չեք հանդիպի մարդու, ով հայրենի եզերքի սիրով չի ապրում: Այստեղի բնակիչներն իրենց կենսակերպով առանձնանում են, մենք լեռնցի ենք, մեր պյորթի (բերդի) նման խրոխտ ու չընկրկվող։ Պայքարելը վաղուց մեզ համար բնավորության գիծ է դարձել։ Զենքով է հզոր բերդաշենցին, գրչով է հզոր բերդաշենցին, և վերջապես մտքով և վճռականությամբ։
Իրականում առանձնահատուկ զորություն ունի գյուղը. առաջին իսկ պահից մի զգաստացնող դող է անցնում մարմնովդ, երբ զգում ես, որ քեզ իր անթարթ հայացքով հետևում է բերդաշենցիների հպարտություն Աղջկաբերդը։ Ի դեպ, տեղացիները բավականին պատմություններ ու լեգենդներ ունեն այդ բերդ-սարի հետ կապված։
Բերդաշեն համայնքի տարածքում առկա է 7 աղբյուր՝ ՙՋնիհալի՚, ՙՆերքին՚, ՙՋուր՚, ՙԵրե ջուր՚, ՙՄուղանլու՚, ՙԲլեն քյահրիզ՚ և ՙԳոմերի՚:
Երբ փորձեցինք իմանալ, թե ինչ պատմամշակութային հուշարձաններ կան գյուղում, բերդաշենցիներն իրար շարունակելով սկսեցին թվարկել.
Սբ. Աստվածածին եկեղեցի (XVII դ.), մատուռ՝ ՙՄեծ նահատակ՚ (համանուն լեռան վրա, 1676թ., վերականգնված), սրբատեղի ՙՊիծի նահատակ՚ (XVII-XVIII դդ.), խաչքար (XII-XII դդ.), ՙԿուսաբերդ՚ (Աղջկաբերդ) ամրոց (Ք.Ա. II հազ. XIII դ.), ընդհանուր թվով հաշվառված է 7 հուշարձան։
Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ թշնամին մի քանի անգամ փորձել է տիրանալ Բերդաշենին, բայց ինչպես ասում են գյուղի բնակիչները, Բերդաշենն ամրոց է, անխոցելի պարիսպ։
Երբ շարժվեցինք դեպի համայնքապետարան, մեզ ճարտարապետական իր շքեղությամբ զարմացրեց Բերդաշենի մշակույթի պալատը, որը հիմա փլման եզրին է։ Խոնարհված գեղեցկուհին ստիպեց մեզ կանգ առնել, որովհետև անկարելի էր անտարբեր անցնել նրա կողքով։ Նրա փառահեղ սյուներն ու քարերը գրկած զարդանախշերը պատմության հեռուների մասին ասելու շատ բան ունեն։ Եվ որքան ցավ ապրեցինք, երբ տեսանք, թե որքան անմխիթար ու անտեսված է նա...
Մեզ հետ զրույցում համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Գևորգյանն ասաց.
- Այս պահին ընթանում են համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի կցակառույցի կառուցման աշխատանքները։ Նոր կցակառույցը կունենա դահլիճ, մարզադահլիճ, ուսուցչանոց, ինչպես նաև այնտեղ կգործի ՙԱՐՄԱԹ՚ ինժեներական լաբորատորիան։
Առաջիկա օրերին դպրոցի, մանկապարտեզի ու բուժկետի համար կանցկացնեն ջրագիծ, որն իրականում շատ կարևոր է։
Երբ խոսք գնաց Բերդաշենում հաստատված մեր տեղահանված հայրենակիցների մասին, Գայանե Գևորգյանն ասաց.
- Յոթ ընտանիք է պատերազմից հետո հաստատվել Բերդաշենում, մենք անում ենք հնարավոր ամեն բան, որ նրանք իրենց հարմարավետ զգան մեր գյողում։
Խոսելով խնդիրների մասին, աշխատակազմի քարտուղարն ասաց, որ առաջնային է խմելու ջրի խնդիրը։
Արցախյան 3-րդ պատերազմում Բերդաշենն անմասն չմնաց. հայրենիքի ու հարազատ գյուղի վաղվա օրվա համար զարկվեց 20 բերդաշենցի։ Պատահական չէ, որ տարեց բերդաշենցիներից մեկը, արցունքները մի կերպ զսպելով, ասաց` մենք այստեղ զգույշ, շատ զգույշ ենք քայլում... հողին մեր տղերքն են խառնված։
Հ.գ.
Հավատանք, որ երկարատև խաղաղություն կլինի Արցախում և մենք մի օր նորից այնտեղ կլինենք` խոսելու վերանորոգված մշակույթի տան, Բերդաշենի հուշահամալիրի մասին և լուսաբանելու բերդաշենցիների խաղաղ ու ստեղծարար կյանքը։