ՍՊԻՏԱԿԱՇԵՆ. ՈՉ ՄԻ ԲՆԱԿԻՉ ՉԻ ՀԵՌԱՑԵԼ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
Արցախյան երրորդ պատերազմից հետո Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքի բնակիչներից ոչ ոք չի հեռացել հարազատ գյուղից։ Համայնքը տանիքով ապահովել է տեղահանված 2 ընտանիքի /5 բնակիչ/։ Գյուղի ազատ բնակֆոնդը կբավարարի ևս 10-12 ընտանիք ընդունելու համար։
-Բնակարանները վերանորոգման կարիք ունեն, պետք է կառուցվի նաև սանհանգույց և լոգարան։ Կարճ ժամանակահատվածում կարգավորելու խնդիր է,- ՙԱզատ Արցախ՚-ի հետ զրույցում ասաց Սպիտակաշեն համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանը։ -Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ օրերս Սպիտակաշեն է այցելել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Որոշվել է գյուղի կիսակառույց մանկապարտեզի շենքը վերակառուցել ու բարեկարգել ևս 10 ընտանիք վերաբնակեցնելու համար։ Սենյակներն ընդարձակ են, նախատեսված՝ 8-12 անձի համար։
Սպիտակաշենը կանոնավոր գազամատակարարման, ջրի, էլեկտրամատակարարման, արտաքին լուսավորության, կապի ու համացանցի խնդիրներ չունի։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ։ Վերջերս ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են տարվել, սակայն գյուղը մայրուղուն կապող 2,8 կմ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատման կարիք ունի։
- Պատերազմի ընթացքում հրթիռահրետակոծության է ենթարկվել Սպիտակաշենի բնակֆոնդի մոտ 50 տոկոսը. հիմնականում վնասվել են տների տանիքները: Արդեն 4 տանիք փոխվել է, շինարարական աշխատանքները շարունակվում են,- հավելեց համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով` համայնքում երիտասարդների թիվը մեծ է։
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ 2009 թվականին դպրոց է կառուցվել՝ նախատեսված 130 աշակերտի համար։ Սպիտակաշենի դպրոցը ներկայումս 46 աշակերտ ունի։ Նոր ուսումնական տարում առաջին դասարան է հաճախել 7 աշակերտ։