[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ՆԳՆ խոսնակի պարզաբանումը անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Արցախում նոր անձնագրեր չեն տրամադրվում կենսաչափական անձնագրերի օրինակների վերջանալու պատճառով: Այս մասին ՛՛Ազատ Արցախ՛՛-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հունան Թադևոսյանը։

- Այդ կապակցությամբ հանրության շրջանում առկա խուճապային տրամադրությունները մեղմելու համար բոլորովին վերջերս ստացել ենք փոքր խմբաքանակ, իսկ մեծ քանակությամբ հայկական անձնագրերի սպասում ենք հոկտեմբերի կեսերին: Ի դեպ, նշեմ, որ Հայաստանում ևս չկան անձնագրի օրինակներ, քանի որ դրանք արտադրվում են Լեհաստանում։ Գործընթացը մի փոքր դանդաղում է գուցե տեխնիկական խնդիրներով պայմանավորված: Բայց հոկտեմբերին այդ խնդիրն ամբողջությամբ կլուծվի,-ասաց Հ. Թադևոսյանը՝ մանրամասնելով, որ այն քաղաքացիները, ում անձնագրերի վավերականության ժամկետը սպառված է, տրամադրվում է ժամանակավոր փաստաթուղթ` Ձև-2 տարբերակով:
Անդրադառնալով անձնագրերի խնդրի շուրջ տարածվող խոսակցություններին` ՆԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, ըստ որի անձնագրերի ուշացման պատճառն իբր այլ երկրի անձնագրեր տրամադրելն է։
-Շրջանառվում են խոսակցություններ, որ էլ չեն ուղարկելու, կամ այլ երկրի անձնագրեր են բաժանելու, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Խնդիրը գտնվում է ՆԳ նախարարի ուշադրության կենտրոնում և, վստահեցնում եմ, լուծումը չի ուշանա,-ընդգծեց Հ. Թադևոսյանը: