[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՕԲՅԵԿՏԻՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱԹՍ-ՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց ծառայողական պարտականությունները 27 դիտակետերում` ապահովելով տարածաշրջանի անվտանգությունը։

ՙԱԱ՚-ի հարցին՝ ինչպես է անցնում ծառայությունն ու ինչպես են կահավորված ամրակետերը, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆոմինը պատասխանեց, որ բոլոր դիտակետերը կահավորված են ՙԲլոկպոստ՚ ամրաշինական կառույցներով` նախատեսված հրազենային ու բեկորային վնասվածքներից զինծառայողներին պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքներում շրջանաձև վերահսկողություն իրականացնելու համար։
ՙՑանցարկղերը (տարբեր նյութերով լցոնած մետաղացանցից կազմված կառույցներ, լայնորեն օգտագործվում են զինվորականների կողմից թշնամուց պաշտպանվելու համար, -հեղ.) ամրաշինական սարքավորումների պարզ ու արդյունավետ միջոցներ են։ Դրանք բավականին հեշտ է կառուցել ձեռքի տակ եղած ցանկացած միջոցներից՝ հող, ավազ, քար, լավ պաշտպանում են թե անձնակազմին, թե զինտեխնիկան ու սպառազինությունը տարբեր տրամաչափի զենքերից ու դրանց բեկորներից,- ասում է ռուսական խաղաղապահ հավաքակազմի ներկայացուցիչ Մաքսիմ Աբրամովը և շարունակում,- բլոկ-մոդուլային ավանը նախատեսված է 50 զինծառայողի կեցության համար՝ +35 աստիճան տաքությունից -45 աստիճան պայմաններում։ Մոդուլում կա անհրաժեշտ ամեն ինչ՝ հասարակ ննջասենյակներ և ճաշասենյակ, ինչպես նաև սպորտդահլիճ, բաղնիք, տեղեկատվություն ստանալու և ժամանցի սենյակ՚։
Մեր կողմից նշենք, որ օրերս, մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում, ռուս խաղաղապահները ՙՀյուսիս՚ պատասխանատվության գոտում իրականացրել են համալիր զորավարժություններ՝ ուղղված դիտակետերում հնարավոր խախտումների կանխմանն ու անվտանգության ապահովմանը: Վարժանքների ընթացքում անձնակազմը մշակել է դիտակետի ուղղությամբ սադրիչ գործողությունների կանխման և հնարավոր հարձակումների հակադարձման առաջադրանքներ։ Ազդանշան ստանալուն պես խաղաղապահները կարճ ժամանակահատվածում իրականացրեցին տեղակայման վայրից դուրս գալու գործողություններ, զբաղեցրին նախապես կահավորված պաշտպանական դիրքերը։ Դիտակետի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով գործի դրվեցին հերթապահ ստորաբաժանումներ՝ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով։
Ստորաբաժանումները կառավարվում են ժամանակակից ՙԱզարտ՚ ռադիոկայանների օգնությամբ, որոնք ազդանշաններ են փոխանցում կապի պաշտպանված գծերով։ Արցախում առաջնագծամերձ տարածքների հումանիտար ականազերծումը շարունակվում է` ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը հասցեագրված` տարբեր շրջանների ղեկավարների դիմումների համաձայն։
Ականազերծման հետ կապված առաջադրանքներն իրականացնելու համար զինծառայողները կիրառում են OBP-2 ականազերծման համազորային պաշտպանական համալիրներ, ИМП-С2 ականորսիչներ և ИНВУ-3M ՙԿորշուն՚ շարժական ականորսիչներ, որոնք հայտնաբերում են պայթուցիկ սարքեր` ռադիոէլեկտրոնային բաղադրիչների և սխեմաների հիման վրա։
Պաշտպանության և ականազերծման ժամանակակից միջոցներից բացի զինծառայողներն ակտիվ կիրառում են ականներ որոնող շներ, որոնք ընդունակ են աշխատել մինչև 35 աստիճան ջերմության պայմաններում։ Մետաղական կառույցներ և մասնիկներ պարունակող օբյեկտների ականազերծման դեպքում հատուկ վարժեցված շներն առանձնացնում են պայթուցիկ նյութերը մետաղակույտից՝ շինարարական աղբի խորքում։ ՙՄենք իրականացրել ենք նաև տնամերձ այգիների ու բանջարանոցների մաքրում պայթուցիկ նյութերից, ինչպես նաև ստուգել ենք բնակավայրի մերձակա տարածքները։ Աշխատանքի պակաս չկա. տվյալ տարածքում կիրառվել են տարբեր զինատեսակներ, կասետային ռումբեր, մարտական գործողությունների ընթացքում իրականացվել է տարածքի անկանոն ականապատում, իսկ ականապատ դաշտերի հստակ քարտեզներ չկան՚,-տեղեկացրեց ռուսական խաղաղապահ հավաքակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնիյը։ Հայտնաբերված պայթուցիկ առարկաներն ու չպայթած զինամթերքը դուրս է բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում։ Այն ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցների ապահովմամբ,- նշել է նա։
Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 23-ից առ այսօր ռուս սակրավորների կողմից ստուգվել է 1937 շինություն, մաքրվել է ավելի քան 683կմ ճանապարհ և ավելի քան 2300հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 2633 պայթյունավտանգ առարկա։
Արդեն մեկ ամսից ավել է՝ Մարտունու շրջանի Ճարտար, Մաճկալաշեն, Ամարաս և Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի մոտակա խաղողի այգիներում իրականացվող բերքահավաքի աշխատանքներին մասնակցում են ռուս խաղաղապահները։ Այս տարվա գարնանը ռուս սակրավորները տարածքը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից՝ ապահովելով խաղողայգիների մշակման, ինչպես նաև բերքահավաքի աշխատանքների անվտանգ իրականացումը։
Սեպտեմբերի 27-ին ՌԽԶ զինծառայողներն ապահովել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ջրամատակարարման համակարգի ջրատար խողովակի պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումն անվտանգ պայմաններում։
Սեպտեմբերի 27-ին ռուս խաղաղապահներն ապահովել են Շուշիի շրջանում էլեկտրահաղորդակցման գծերի վերանորոգման աշխատանքների անվտանգ իրականացումը։
Սեպտեմբերի 27-ին Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի դպրոցում անց են կացրել ՙԱրիության դաս՚, որին մասնակցել է 29 աշակերտ։
Ռուս խաղաղապահները կանոնավոր կերպով իրականացնում են իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն իրենց պատասխանատվության գոտում` ՙՕռլան-10՚ ԱԹՍ-ների օգտագործմամբ, հաղորդում է ՌԽԶ մամուլի ծառայությունը։ ԱԹՍ-ների օգնությամբ ռուս խաղաղապահներն իրական ժամանակի ռեժիմով տվյալներ են հավաքագրում կառավարման կետում, որտեղ իրականացվում է իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու գրեթե ողջ տարածքում։ Շտաբի հերթափոխի կողմից իրականացվում է խախտումների մասին տեղեկատվության հավաքում, ամփոփում և ստուգում։ Օդից օբյեկտիվ վերահսկողություն և դիտարկում են իրականացնում նաև ՙՖորպոստ՚ ԱԹՍ համալիրների հաշվարկները։
Ստեփանակերտում ՌԽԶ քաղաքացիների ընդունման կետ, ընդհանուր առմամբ, դիմել են 4630 տեղաբնակներ։ Դիմումների հիմնական մասն առնչվում է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից գույքի վերադարձմանն ու սոցիալական օգնության տրամադրմանը։ ՙԹեժ գիծն՚ իր գործունեության սկզբից ի վեր ստացել է 1996 զանգ։