ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐ. ԱՀ ՆԱԽԱԳԱՀ
ՙԱԱ՚
Ապագա Արցախը լինելու է ենթակառուցվածքներով զարգացած, սոցիալական բոլոր երաշխիքներով, արժանապատիվ ապրելու անհրաժեշտ բոլոր պայմաններով: Այս մասին մի խումբ երիտասարդների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
՛՛Մի քանի ահռելի ռեսուրսներ պահանջող ծրագրեր ենք սկսել` Պատարայի ջրանցք-ջրամբար, որը շուրջօրյա ջրով ապահովելու է Ստեփանակերտը, ավարտման փուլում են Իվանյան-Նախիջևանիկ-Վարդաձոր-Խնապատ-Խրամորթ խողովակաշարի ցանցի կառուցման աշխատանքները: Այսօր կանոնավոր էլեկտրամատակարարման փոքր խնդիր ունենք, որը լուծման փուլում է: Արդեն սկսված է շատ խոշոր հիդրոէլեկտրոկայանի կառուցումը, որը մեզ դարձնելու է էներգետիկ առումով անկախ: Լուծվելու է նաև չգազիֆիկացված համայնքների հարցը, իսկ ասֆալտապատման աշխատանքները պետք է ավարտվեն 3 տարում. գյուղ տանող բոլոր ճանապարհները պետք է ասֆալտապատվեն՛՛,-ասաց երկրի ղեկավարը:
Անդրադառնալով անվտանգության օրակարգին` Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ առումով պետք է ունենալ երկարաժամկետ գործընկեր:
՛՛Ես կասեի նույնիսկ անժամկետ գործընկեր, որի հետ կկարողանանք պաշտպանել մեր անվտանգությունը: Դա Ռուսաստանն է, այլ երկրի հետ մենք չենք տեսնում անվտանգային ընդհանուր համակարգ: Զուգահեռ պետք է վերակառուցենք Պաշտպանության բանակը, այն դարձնենք մարտունակ, որպեսզի մեր անվտանգությունը լինի առավել երաշխավորված՛՛,- ասաց երկրի ղեկավարը` ընդգծելով, որ նաև կրթությունը պետք է դարձնել հիմնական զենքը:
՛՛Հունվարի 1-ից աշխատավարձերը բարձրացնելու ենք 20 տոկոսով, ուսուցիչներինը` ավելի շատ, իսկ բարձր աշխատավարձ ստացողներինը` ավելի քիչ՛՛,- ասաց նախագահը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ադրբեջանական անցակետ լինի Լաչինի /Քաշաթաղ/ միջանցքում, նախագահը պատասխանեց, որ դա բացառվում է, քանի որ նշված հատվածը ձևակերպված է որպես միջանցք, իսկ անցակետի առկայության դեպքում այն վերահսկվող ճանապարհ կդառնա և չի կարող միջանցք համարվել:
Նախագահ Հարությունյանը նշել է, որ իր և հարազատների ապագան տեսնում է բացառապես Արցախում և մտադիր չէ որևէ այլ տեղ տեղափոխվել:
՛՛Պետք է ունենալ արժանապատիվ խաղաղության օրակարգ: Բանակցային գործընթացը շարունակվում է, և նրանում որևէ փոփոխություն չկա. ՛՛Ինքնորոշման իրավունքը մեզ համար գլխավոր բանակցային ուղղությունն է, և Արցախի ապագան հենց ինքնորոշման ճանապարհով եմ տեսնում՛՛՛,-ընդգծեց Արցախի Հանրապետության նախագահը: