[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ԱՆԿԵՂԾ ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Արցախի փոքր բնակավայրերից է Պառավաթումբը, փոքր, բայց ինչպես տեղացիներն են ասում` մեծ, շատ մեծ պատմություն ունեցող:

Մայրուղուց Կաղարծի տանող նոր, ասֆալտապատ ճանապարհով մտանք Պառավաթումբ: Գյուղի հիմնական ճանապարհահատվածում աշխատանքային եռուզեռ էր, ասֆալտապատման նախնական աշխատանքներ էին ընթանում:

Վերակենդանացման կարիք ունեցող այս գյուղի բնակիչները, բազում հոգսերով հանդերձ, չեն ընկրկում. ասում են` խաղաղություն լինի , մնացածը ժամանակի հարց է:

Երիտասարդ պառավաթումբցիներից մեկը, ով իր այգու չորացած թթենին  էր կտրում, որպես ձմեռվա վառելիք,  նկատելով մեզ ասաց.

-Մեր գյուղի մասին միայն լավը գրեք, լավը: Այստեղ ապրում են հողին ու երկրին կառչած ամուր մարդիկ, դրախտ է Պառավաթումբը:

Մեր հաջորդ կանգառը գյուղամիջում էր, որտեղ էլ տեղակայված են համայնքապետարանն ու  դպրոցը:

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Սասուն Սարգսյանն ասաց.

-Այս պահին Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուց դեպի Պառավաթումբ ճանապարհահատվածում հողային հարթեցման աշխատանքներ են ընթանում: Գյուղը երբևէ ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել, սա կարևոր իրադարձություն է բոլորիս համար: Կաղարծի-Պառավաթումբ ճանապարհահատվածն արդեն իսկ ասֆալտապատ է:

Մեր այն հարցին, թե Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գյուղում հաստատվե՞լ են վերաբնակիչներ, համայնքապետը պատասխանեց.

- Այս պահին` ոչ: Սակայն վերաբնակեցման նախագիծ կա, նախատեսվում է նոր թաղամասի կառուցում` 50 առանձնատնով, բայց այս պահին որևէ աշխատանք դեռ չի ընթանում:  Վերաբնակեցման նպատակով համայնքի բնակֆոնդից 5 տան վերանորոգման ծրագիր ևս ունենք:

Համայնքապետի խոսքով` գյուղում հրատապ է ոռոգման ջրի խնդիրը:

Գործում է դպրոց, ուր հաճախում են միայն տարրական դասարանի աշակերտները, բարձր դասարանների աշակերտները սովորում են հարևան Կաղարծու միջնակարգում: Ներկա պահին Պառավաթումբի դպրոց է հաճախում 3 աշակերտ: Աշակերտների թիվը նույնպես հուշում է, թե որքան լուրջ է վերաբնակեցման խնդիրը Պառավաթումբում:

Ինչպես Արցախյան առաջին, այնպես էլ  44 –օրյա պատերազմի ընթացքում պառավաթումբցիներն առաջնագծում էին: Հայրենիքի պաշտպանությունը նրանց համար եղել և մնում է թիվ մեկ խնդիրը:  Համայնքի ղեկավար Սասուն Սարգսյանի փոխանցմամբ` 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի զարկվել է մեկ պառավաթումբցի:

 

Հ.գ.

Պառավաթումբն իսկապես անկեղծ էր, հարազատի նման, նրան չսիրել չես կարող: Հավատանք, որ շուտով գյուղը կվերածնվի, և այնտեղ նորից օջախներ կառուցելով, հողին ամուր կկառչեն մեր հայրենակիցները: