[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՃԿԱԼԱՇԵՆՈՒՄ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում, բնակիչների զբաղվածության և կայուն եկամտի ապահովման նպատակով, թռչնաֆաբրիկա է կառուցվում։ Այս մասին ՙԱզատ Արցախ՚-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը՝ հավելելով, որ շինաշխատանքները 15-20 օր է, ինչ մեկնարկել են։

- Ծրագրի արժեքը 271 միլիոն դրամ է։ Այն կիրագործվի կառավարության ֆինանսավորմամբ ու ՙՆավասարդ Ագրո՚ ֆերմերային ընկերության համագործակցությամբ։ Նախատեսվող 15000 հավերը կբաշխվեն գյուղի 50 ընտանիքին՝ յուրաքանչյուրին 300 հավ,-ասաց Լ. Ավանեսյանը։ 

Համայնքապետի հաղորդմամբ՝ գյուղում շինարարական աշխատանքներ են ընթանում նաև պատերազմից վնասված 48 տան վերակառուցման ուղղությամբ։

- 20 տուն արդեն վերանորոգվել է,-ասաց Լ. Ավանեսյանը՝ ընդգծելով, որ գյուղացիները նույնպես ընդգրկված են շինաշխատանքներում։

Մաճկալաշենի  այգիների ոռոգման նպատակով  5 կմ երկարությամբ ջրագիծ է անցկացվում։

-Արտեզյան ջրհորից խողովակաշարը կհասցվի բարձրադիր վայր, որտեղ կկառուցվի ջրավազան։ Նոր ջրագծի շնորհիվ կոռոգվի գյուղի 25 հա խաղողայգի։ Մյուս այգիների համար նախատեսում ենք երկրորդ ջրագիծն անցկացնել,- նշեց համայնքապետը։

Համայնքի տարածքում է գտնվում Ամարասի վանքը, որտեղ, համայնքապետի հաղորդմամբ, նույնպես ներկայում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։