[ARM]     [RUS]     [ENG]

Վերականգնվող Մարտակերտի հետպատերազմական առօրյան ու խնդիրները

Աննա Պետրոսյան

 Պատերազմից հետո Մարտակերտ քաղաքում  վերաբնակվել է 299 տեղահանված ընտանիք՝  1135 բնակչով։ Այս մասին <<Ազատ Արցախ>>-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Ասրյանը.

-Տեղահանված ընտանիքներին  վարձակալական հիմունքներով և1 տարի ժամկետով բնակարաններ են տրամադրվել, իսկ  վարձավճարը փոխհատուցում է պետությունը։ Վերաբնակիչներից քչերն են ապահովված աշխատանքով,-մանրամասնեց մեր զրուցակիցը։ Նրա հաղորդմամբ`  պատերազմի ընթացքում Մարտակերտից տարհանված  բնակչության զգալի մասն արդեն վերադարձել է։

Հրթիռահրետակոծության հետևանքով քաղաքում վնասվել էր  500 շենք-շինություն, որից մոտ 70-ն ավերվել էր  լրիվությամբ։ 

Փոխքաղաքապետի հավաստմամբ` վնասված շինությունների մեծ մասն արդեն վերականգնվել է, իսկ շինարարական աշխատանքները շարունակվում են։ 

Մարտակերտում ներկայում գործում է 2 դպրոց՝  854 աշակերտով, ընդհանուր առմամբ, ավելի քան 200 սան ունեցող 2 մանկապարտեզ, մանկական երաժշտական և  մանկապատանեկան ստեղծագործական դպրոցներ։

Ինչպես նշեց մեր զրուցակիցը,  քաղաքի բնակիչները պատերազմից հետո ապրելով բնականոն կյանքով, միաժամանակ չեն թուլացնում զգոնությունը:

Մարտակերտում կա­նո­նա­վոր են գոր­ծում ­էլեկտ­րա­մա­տա­կա­րա­րու­մը, ջրամատակարարումը, գազամատակարարումը, կապը։ Քաղաքի ներքին լուսավորության ցանցի ստեղծման աշխատանքները դեռևս  ավարտված չեն։

 Մաշվածության պատճառով փոխարինման կարիք ունեն Ստեփանակերտ-Մարտակերտ միջքաղաքային տրանսպորտային միջոցները:

Քաղաքապետի տեղակալ Ա. Ասրյանի խոսքով`  Մարտակերտ-Ստեփանակերտ  ներկայիս ճանապարհն անվտանգ է, բայց համեմատաբար երկար։ Ներկայում կառուցվում է նոր, անվտանգ և 20 կիլոմետրով ավելի կարճ ճանապարհ։

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ  երեք պատերազմ տեսած մարտակերտցին ամուր կանգնած է հայրենի հողում,  պատրաստ`  պաշտպանելու  իր բնօրրան-քաղաքը։