ՇՈՒՇԻԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ 1813-1917 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
(Հատված Վահրամ Բալայանի գրքից)
Քաղաքական խնդիրները լուծելուց հետո ցարիզմը ձեռնամուխ եղավ նաև Այսրկովկասի տնտեսական յուրացմանը։ Ցարական կառավարությունը ձգտում էր Այսրկովկասը դարձնել իր հումքային կցորդը և արտադրված ապրանքների իրացման շուկան։ Դրան հասնելու համար ցարական կառավարությունն իրականացրեց մի շարք միջոցառումներ, որոնք շատ թե քիչ սկսեցին աշխուժացնել տնտեսական կյանքը։
Առաջին հերթին անհրաժեշտ եղավ պարզել և ճշտել, թե ինչ եկամուտներ էր ստանում խանը Ղարաբաղից, որոնք հետագայում պետք է մտնեին պետական գանձարան։ Այդ նպատակով 1822-1823թթ. երկրամասում անցկացվեց աշխարհագիր, ցուցակագրվեցին բոլոր բնակավայրերը, ընտանիքի անդամները, ճշտվեց հավաքվելիք հնարավոր տուրքերի չափը։ Հարկերի և տուրքերի առյուծի բաժինը հավաքվում էր Շուշիից։
19-րդ դարի սկզբներից՝ ցարական տիրապետության հաստատման առաջին իսկ օրերից սկսած, Շուշին սկսեց դեպի իրեն ձգել ոչ միայն Արցախի, այլ նաև հարակից գավառների հայ և թուրք ազգաբնակչության կարող ուժերին։ ՙՄեղու Հայաստանի՚ թերթի լրագրողը նկատել է. ՙՇուշեցիները չափազանց ընդունակ են. եթէ միայն ունէնան ասպարէզ ցոյց տալու իւրեանց ընդունակութիւնը…՚։
Դա պատահական չէր, որովհետև զարգացման ուղին բռնած բերդաքաղաքն օրեցօր դառնում էր տարածաշրջանի վարչական, քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն, և այդտեղ ապրելը դառնում էր հաճելի ու պատվաբեր։ Մյուս կողմից էլ բերդաքաղաքը շարունակում էր մնալ որպես պատերազմներից պաշտպանվելու հարմարավետ վայր։ Օրինակ, 1842թ. ամռանը Ղարաբաղում լուրեր տարածվեցին, որ պարսկական զորքերը ներխուժել են երկրամաս։ Սարսափահար ազգաբնակչությունը, թողնելով բնակավայրերը, ապաստանեց Շուշիի բերդում։
Քննարկվող ժամանակաշրջանում Շուշին առավել շատ հայտնի էր որպես արհեստագործական կենտրոն։ Այս ժամանակահատվածում արհեստավորները ներառված էին համքարությունների մեջ և ղեկավարվում էին նախկին ավանդույթներով։ 19-րդ դարում Շուշիում կային 41 արհեստավորական համքարություններ, որոնք կազմված էին ըստ արհեստագործական մասնագիտությունների։ Յուրաքանչյուր համքարություն ուներ իր դրոշակը, ներքին կանոնադրությունը։ Համքարությունները ղեկավարվում էին գլխավոր վարպետի (ուստաբաշու) կողմից։ Վերջինս ընտրվում էր համքարության ընդհանուր ժողովում՝ մեկ տարի ժամկետով և հաստատվում էր այդ պաշտոնում գավառապետի կողմից։ Համքարությունները ենթարկվում էին քաղաքային իշխանություններին, իսկ ներքին կյանքում ունեին նշանակալի ինքնուրույնություն։
Համքարական ղեկավար կազմը բաղկացած էր ուստաբաշուց (գլխավոր վարպետից), նրա մեկ կամ երկու օգնականից, գանձապահ (խազնադար) և սուրհանդակից (իգիթբաշի), որոնցից յուրաքանչյուրն ուներ իր որոշակի իրավունքներն ու պարտականությունները։ Համքարարության գերագույն մարմինը համարվում էր ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին և այնտեղ ձայն ունեին բոլոր լիիրավ անդամները։ Ընդհանուր ժողովի պարտականությունների մեջ էին մտնում համքարության պաշտոնյաների հաշվետվությունները լսելը, նրանց ընտրությունները, այդ կազմակերպության մեջ ընդունվելու և դրանից հեռացնելու հարցերը, հարկերի ու տուրքերի բաշխումն ըստ անդամների, վարպետացումների ստուգողական աշխատանքների վերջնական գնահատումը, ինչպես նաև զանազան այլ խնդիրների քննարկումն ու որոշումների կայացումը։ Համքարության անդամները կաշկանդված չէին միշտ միևնույն կազմակերպության մեջ մնալու պարտավորությամբ։ Նրանք ազատ կերպով կարող էին թողնել իրենց զբաղմունքը կամ ընտրել նոր արհեստ և մտնել մեկ այլ համքարության մեջ։
Համքարություններն արհեստավորների համար ծառայել են որպես միջոց՝ մրցակցության դեմ պայքարելու։ Համքարություններում օրվա աշխատանքի որոշակի ժամանակամիջոց չէր սահմանվում։ Աշխատանքը սովորաբար սկսում էին արևածագին և վերջացնում մայրամուտին։ Համքարություններում արհեստավորները, ըստ իրենց գործառույթների, բաժանված էին երեք խմբի՝ վարպետներ (ուստա), ենթավարպետներ (խալֆա կամ քարգահ) և աշակերտ (շագիրդ)։ Համքարություններն օգնում էին իրենց հիվանդ, անդամալույծ, աշխատանքի համար անընդունակ դարձած ընկերներին։ Համքարության անդամի մահվան դեպքում մյուսներն իրենց ուժերի չափ նյութապես օժանդակում էին նրա ընտանիքին՝ այն փրկելով սովից ու մուրացկանությունից։
Համքարությունները միաժամանակ հոգ էին տանում քաղաքի բարեկարգման ու պաշտպանության ուղղությամբ։ Վերոհիշյալ աշխատանքները կազմակերպելու համար վարպետներից վերցված անդամավճարներից, տուգանքներից և այլ աղբյուրներից ձևավորվում էր համքարությունների բյուջեն։ Շուշիում միևնույն արհեստով զբաղվողներն ապրում և աշխատում էին նույն թաղում կամ շարքում։
Համքարությունների աշխատանքները կանոնակարգելու նպատակով 1867թ. ապրիլի 3-ին ցարական արքունիքի կողմից հաստատվում է ՙԱրհեստագործական համքարությունների (ցեղերի) մասին՚ կանոնադրությունը։ Ըստ այդ կանոնադրության՝ բերդաքաղաքի համքարությունների աշխատանքները կարգավորում էր ՙԿովկասյան տնայնագործական կոմիտե՚-ի Շուշիի մասնաճյուղը։
19-րդ դարի սկզբներին Շուշիում կար 1864 արհեստավոր, որոնցից 517-ը՝ վարպետ, 948-ը՝ ենթավարպետ և 399-ը` աշակերտ։
1895 թվականի տվյալներով՝ Շուշիում 1000 բնակչի վրա հաշվում էր 22 արհեստավոր։
(Շարունակելի)
(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 86« 87« 88« 89« 90« 91« 92« 93« 94« 96« 98, 99, 102« 103, 104« 106« 107« 108, 109, 110, 113, 115« 117« 118)