... ԵՐԲ ՙՍԱՆՐՈՒՄ՚ ԷԻՆՔ ԹԱՂԱՎԱՐԴ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Դեռ գյուղ չմտած, նկատեցինք, որ մոտակա կամրջակին, շինարար արտահագուստով տղամարդիկ զոդման աշխատանքներ են կատարում, կանգնեցինք, որ բարևենք ու տեսնենք, թե ի՞նչ բանի են... Մի քիչ դժկամությամբ, որ իրենց կարևոր գործից կտրում ենք, այնուամենայնիվ, համաձայնեցին երկու բառ փոխանակել... Արայիկ Ղազարյանն իր տեխնիկայով Ստեփանակերտից է այստեղ հասել, ասել են` սահմանամերձ գյուղում գործ կա, պարզ է, որ չէր մերժելու։
Հիմա սահմանապահ գյուղում բոլորն էլ անելիք ունեն, նորից մեջքն ուղղելու, գոտին ձգելու ժամանակներն են... Հայրենիքի ու զավակների վաղվա օրվա հանդեպ պատասխանատվությունը մղում է ուժերի ու հնարավորությունների մոբիլիզացիայի։ Նրանք արհամարհելով բոլոր դժվարություններն ու բնության քմահաճույքները, օգնում են, որ ժամ առաջ մարդիկ նորմալ պայմաններ ունենան։ Երկուսուկես ամիս է, ինչ նրանք ասֆալտապատում են գյուղամիջյան ճանապարհները, մինչև այն վայրը, որտեղից սկսվում են փշալարերը։ Շուտով կավարտեն նաև գերեզմաններ տանող ճանապարհը ու կտեղափոխվեն այլ ճակատ, այնտեղ, որտեղ աշխղեկը կասի և որտեղ իրենց կարիքն առավել շատ է զգացվում։ Իրենք գնացողն են, բայց Արայիկը մտահոգված է գյուղացիների ապագայով, հատկապես գյուղի փողոցներում աշխույժ ծլվլացող երեխաների համար է անհանգստանում, ովքեր հակառակորդի ուղիղ նշանառության տակ են, իսկ ինքը, ինչպես ժողովուրդն է ասում, նրանց /իմա՝ հակառակորդի/ թթուն վաղուց արդեն խմել է։ Քիչ այն կողմում՝ Արմենը, Ասծատուրը, Սեյրանն ու Դավիթը զոդման աշխատանքներ էին կատարում` գլուխները կախ, սակայն իրենց գործի կարևորության գիտակցումով, րոպե անգամ չեն ուզում բարձրացնել գլուխները ու մեզ գոնե իրենց հայացքին ՙարժանացնել՚։ Կարևորն իրենց արածն է, մերը՝ դիտարկում են որպես ՙպարապ վախտի խաղալիք՚։ Վարպետներից ավագն ու նաև մեջների փորձառուն մեր հարցասիրությանը մի փոքր տեղի տվեց, սակայն նկատելով ֆոտոխցիկն ու ձայնագրիչը, երեսը թեքեց ու գործի անցավ։
Վալերին ու Շահենը ՙԱրցախուղի՚ ընկերության վարպետ-շինարարներ են, երկուսն էլ թոշակառու։ Իմ հարցին, թե այդ տարիքում ինչու՞ հանգստի չեն գնում, զարմացած ինձ նայեցին, հավանաբար մտածելով, որ ես այս աշխարհից չեմ, այլապես կիմանայի, որ աշխատող ձեռքի պակաս կա, ժամ առաջ երկիրն ավերակներից ազատելու խնդիր կա և իրենք չեն կարող հանգիստ ծերություն վայելել, իմանալով, որ չորսբոլորն իրենց կարիքն ունեն։ Ժամանակին հայրենիքին առաջնագծում և թիկունքում ծառայած Վալերին ու Շահենը, այսօր էլ իրենց շարքում են զգում, դժվարություններից հուսահատվելը նրանց համար չէ, ճամպրուկներ հավաքելը առավել ևս, նրանց արմատներն այս հողում շատ խորն են, այնքան խորը, որ ոչ մի ուժ չի կարող պոկել-արմատախիլ անել։
ՙԱրցախուղու՚ շինարարների շիտակ պահվածքից ոգևորված, նոր էինք մի քանի քայլ առաջացել, երբ դեմներս ելավ առաջին հեծյալը՝ գյուղական շքեղության համարում ունեցող իր երիվարին հեծած։ Կենդանին զգալով ոչ յուրայիններիս ներկայությունը, փորձեց խույս տալ, բայց դե մեզնից պրծնելն այդքան էլ հեշտ չէ... Ձիավորը ՙստիպված՚ էր ներկայանալ՝ Համլետ Ասրյան... Վերին Թաղավարդից եմ` ասաց, տուն ու տեղ կորցրել եմ, ասաց ու հայացքը գետնին հառեց, ապա ինքզինքը հավաքելով, մի փոքր սիրտը բացել փորձեց... Սրտնեղած է, բայց հարազատ գյուղից, հարազատ երկրից ու նրա զինվորից նեղանալ չկա։ Նա մոտակա հանդամասում խաղողի փոքրիկ այգի ունի, գնում է խնամելու, որ վազն իրենից երես չթեքի, որ մոլախոտը չուտի առողջ արմատը, գնում է հողի հետ զրուցելու, պայման կապելու և ուխտ անելու, որ հողը հոգատար տիրոջից երես չթեքի իրեն լքելու համար... Համլետը ժամանակավորապես քեռի Ռաֆիկենց տանն է մնում, նրա որդին՝ Սերժոն, զոհվել է, փորձում է ձեռքը եկածով նրան էլ օգնել, հոգսը կիսել՝ սփոփել որդեկորույս հորը։ Ցտեսություն ասելուց առաջ, երբ Համլետին հարցրի թե ի՞նչի կարիք ունեն, ասաց՝ միայն խաղաղության... Ինքը հողի լեզուն լավ գիտի, քարից էլ հաց կքամի, միայն թե չար, հարևաններին օր ու բարի չտվող հակառակորդներն իրենց օրերը չհարամեն պարապ կրակոցներով։
Ամպամած օրը միանգամից արևի շողերով լցվեց, երբ մտանք գյուղի դպրոցի շքամուտքից ներս և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ, մեկ առ մեկ բացելով դասասենյակները, տեսանք օրվա դասացուցակի հարգ ու կարգով պարապող աշակերտներին ու նրանց, քիչ է ասել, նվիրյալ ուսուցիչներին... Ու մենք հասկացանք, որ սահմանամերձ գյուղը մաքառում, ապրում ու ջերմանում է այդ փոքրիկների տաքուկ շնչից, նրանց` հարազատ գյուղում ապրել-շարունակելու վճռականությունից, նորից ու կրկին դասընկերներին գտնելու ու միասին նախկինի պես անհոգ ապրելու, պարապելու ու մայրենին սերտելու հոգու պահանջից։ Հասկանում ես, որ այդ մանուկներին շատ բան պետք չէ, պարզապես նրանք չեն ուզում շեղվել իրենց կյանքի բնականոն ընթացքից։ Դա նրանց համար, օդ ու ջրի, հանապազօրյա հացի պես անհրաժեշտ է... Արևի կտոր Հայկը, Մարիան, Սոֆյան, Սոնյան, Աննան, Վահեն, Ալեքսը, Գոռը, Հարութն ու Աշոտը մեզ խոստացան, որ իրենց գյուղից ոտքը ոտքի առաջ չեն դնելու և, որ հարազատ գյուղն իրենց մայրիկների պես թանկ ու հարազատ է... Ստեփանակերտն ու Երևանը շատ գեղեցիկ են ու մեծ, բայց իրենց Թաղավարդին չեն կարող փոխարինել։ Փոքրիկ Ալեքսը ընկերներից առաջ ընկնելով կիսվեց մեզ հետ... Հայրը՝ Ռուբեն Ալավերդյանը, այսօր էլ ծառայության մեջ է, երբ իջնում է դիրքերից, մեկ-երկու օրով տուն է գալիս, ամեն անգամ ասում է՝ չլինեմ-չտեսնեմ ունքներդ փոտ գցեք /հոնքներդ կիտեք/, մենք ուժեղանալու ենք ու կորցրածը ետ ենք բերելու, որ թոփ էլ տրաքի։ Իսկ Ալեքսը հավատում է իր հորը, հավատում է նրա ընկերներին, որոնց հետ շփվելու պատիվն է ունեցել։ Իսկ նրանց պատմության ուսուցչուհին՝ Գոհար Շաքարյանը, ով ամեն օր իր աշակերտների հետ ճամփորդում է պատմության բավիղներում, սաներին օգնում է մեկընդմիշտ հասկանալ, թե. ՙՔանի՛ ցեղեր ցամաքեցին, ինչպես հեղեղն ավազի մեջ՚, բայց ապրեց հայն ու հայությունը և շարունակելու է ապրել ու հավերժել իր զավակների անկոտրում կամքի շնորհիվ։ Երբ ցտեսություն էինք ասում, տիկին Շաքարյանը մեզ տվեց ՙԹաղավարդ գյուղի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև մեր օրերը՚, և երբ Ստեփանակերտի իմ տաքուկ ու համեմատաբար անվտանգ աշխատասենյակում թերթում էի նրա խնամքով գրի առած տարեգրության էջերը, ամաչեցի, որ պատմական ու պատվական գյուղի տարեգրության շատ էջերի հետ առաջին անգամ էի ՙառերեսվում՚:
... Թաղավարդը վարից-վեր ՙսանրելով՚ հասանք գյուղամեջ, այդտեղ էլ հանդիպեցինք Արթուրին՝ իր տան դեմը նստել, մտքերի հետ ՙկռվի՚ մեջ էր... Տունը ՙվիրավոր՚, որդին՝ Արայիկը, վիրավոր, հարազատ գյուղը երկատված... Հարցնում եմ՝ որտե՞ղ ես աշխատում, փորձում է կատակին տալ՝ գյուղի ախրանիկն եմ՝ /պահակը/, ասում է, հետո ավելացնում է ավելի լուրջ՝ ինձ նմանները շատ են, ապրում են Աստծու հույսին, աստվածային արդարությանն ապավինած։ Գյուղի 3,5 կիլոմետրանոց նոր ասֆալտապատ փողոցներն ու գիշերային լուսավորությունն ուսումնասիրելով, ելնում ենք քարերն ի վեր, սարերն ի վեր ու հանդիպում տիկին Սիրվարդին, ով ջանադրաբար իր բանջարանոցն էր կարգի բերում: ՙԱչքիս ցավա տալիս, որ էսպես տեսնում եմ՚,- ասում է մեր հերթական զրուցակիցը ու բարի ժպիտը դեմքին, ձեռքերը փեշերով մաքրելով, գյուղական մաքրամաքուր անմիջականությամբ մեզ թեյի հրավիրում։ Տիկին Սիրվարդը նեղվում է, որ իր տեսքը պատշաճ չէ, և փորձում է խույս տալ ֆոտոխցիկից, ապա ինքզինքը հավաքելով հիշում է իր ՙկարգավիճակը՚ ու խորը հոգոց քաշելով ցույց է տալիս իր տունը, որ մնացել է վերևներում՝ անտեր ու լքված։ Նա առայժմ աղջկա տանն է բնավորվել, մինչև մի լույս կբացվի... Փեսան զոհվել է, աղջիկը դպրոցում ուսուցչուհի է, եկել է, որ նա մենակ չմնա, երկու թոռները Երևանում ուսանողներ են... Տիկին Սիրվարդը մեզ անակնկալի է բերում ասելով՝ 8 աղջիկ ունեմ, 8-ն էլ բարձրագույնը կարմիր դիպլոմով են ավարտել, իսկ, երբ հարցնում ենք թե քանի՞ թոռ ունի, ժպտալով մեզ ՙխրատում՚ է՝ հաշվել չի կարելի, շատ են ու թող ավելի շատ լինեն, ապա որպես բազմազավակ մայր իր մաղթանքն է հնչեցնում՝ հայացքով երկինքը ՙչափելով՚... Թող բոլորի օջախներում էլ երեխաների ձեն լինի։