ԿՈՐՑՐԱԾԸ ՎԵՐՍՏԵՂԾԵԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ
Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արդեն մեկ տարի է, ինչ զրուցակիցս իր կամքին հակառակ թողել է հայրենի գյուղն ու հեռացել՝ վերադառնալու հույսով։ Ամեն Աստծո օր մտովի քայլում է ծանոթ ճամփաներով, ուր ամեն մի արահետ գրկաբաց էր ընդունում, հասնում իրենց տուն, տեսնում հարազատ մարդկանց, ողջագուրվում, հարցնում որպիսությունն ու նորից վերադառնում իրականություն։
Հադրութի Ակնաղբյուր գյուղում էր ապրում Հարությունյանների երեքհոգանոց փոքրիկ ընտանիքը։ Ընտանիքի հայրը՝ Հայկն է, ով արցախյան առաջին պատերազմի ընթացքում վիրավորում էր ստացել, երկրորդ կարգի հաշմանդամ է, մայրը՝ Լարիսան, աշխատում էր խանութում, դուստրը՝ Մարինան, 11 տարեկան է։
Ակնաղբյուր գյուղում, որպես հաշմանդամի ընտանիք, պետության կողմից տուն էին ստացել։ Հայկի խոսքով՝ ամեն ամիս թոշակը ստանալուց տանը մի նոր բան էր ավելացնում։ Ինչքան ինքն իրեն հիշում է՝ տուն է կառուցել, վերանորոգել, վերջապես սկսել էին նորմալ կյանքով ապրել, բայց ...
2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Հարությունյանները գյուղում էին, զբաղված էին իրենց առօրյա գործերով։ Լարիսան հիշում է. ՙԱռավոտ շուտ լոբի էի կապում, որ հետո խանութ գնայի։ Անսպասելի սկսվեց չարաբաստիկ պատերազմը, որը հետո մեզնից պիտի խլեր ամեն ինչ...՚։
Ակնաղբյուր գյուղից Լարիսան աղջկա հետ գնացել է Ազոխ, որտեղից էլ սեպտեմբերի 30-ին տարհանվել է Երևան։ Երկու ամիս ապրել է Երևանում, բարեկամի տանը։ Հարազատ գյուղը կորցնելուց հետո իրենց ընտանիքին տեղավորել են Ծաղկաձորում։
Արցախ վերադարձել են ապրիլ ամսին, սկզբում Մարտունի քաղաքում էին ապրում, հետո տեղափոխվեցին Սպիտակաշեն։ Լարիսան իր շնորհակալությունն է հայտնում Մարտունու շրջվարչակազմի, Սպիտակաշեն համայնքի պատասխանատուներին, առանձնապես շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանին, բոլոր-բոլորին, ովքեր իրենց կողքին են և մշտապես աջակցում են՝ ինչով կարողանում են։
ՙԳյուղացիները շատ բարեհամբույր են, սրտաբաց ու պատրաստակամ։ Տնամերձն ենք մշակում, կանաչի ու լոբի ենք ցանել։ Երեկոները, երբ դուրս եմ գալիս բակ, այն զգացողությունն է, թե Հադրութում եմ։ Կարոտը շատ է խեղդում...՚,- պատմում է Լարիսան ու ներողություն խնդրում արցունքների համար..., չի համակերպվում։
Զգում էի, որ բախտակից-զրուցակցիս խոհերը թափառում էին հեռվում` անցյալի ու ներկայի միջև։
Ներկայիս տունը շատ մեծ է, պայմաններն այդքան էլ լավ չեն, խնդիրներն էլ շա՛տ-շատ են։ Կենցաղային իրերի պակաս կա։ Գումարի սղության պատճառով չկարողացան փայտ գնել, տունը գազով են ջեռուցում։ Մեծ սենյակը նորմալ չի տաքացնում, սահմանված գումարի չափն արդեն անցել են։ Իսկ ձմեռը սարերից այն կողմ չէ...
Մարինան հաճախում է Սպիտակաշենի միջնակարգ դպրոց, առողջական խնդիրներ ունի, հաճախակի է բացակայում դասերից։ Մայրն ասում է՝ ֆինանսական ծանր պայմաններից ելնելով երեխայի առողջությանը նորմալ հետևել չի ստացվում։
Արցախից հեռանալը բացառում են, պատրաստ են ամեն ինչ զրոյից սկսել։ ՙԵթե աջակցեն, հավ, հնդկահավ կամ կով տրամադրեն մեզ, կչարչարվենք՝ նորից ոտքի կանգնելու համար։ Թե չէ միայն թոշակով դժվար է գոյատևել...՚,- ասում է Լարիսան ու բոլոր հուշերը ջրին միախառնելով շաղախում ալյուրն ու խմոր հունցում... Երազանքները շատ են՝ ուղղված մեկ նպատակի, որն ով գիտի, գուցեև ի կատար կածվի...