[ARM]     [RUS]     [ENG]

“ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ”

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Հետպատերազմյան դժվար լուծելի խնդիրներով լի տարվա աշխատանքների մասին մեր հարցազրույցը Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանի հետ:


-Տարին մոտենում է ավարտին: Նախատեսված աշխատանքներից որո՞նք են իրականացվել, որո՞նք են ընթացքում:

-Նախ նշեմ, որ ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագրերից բացի մեծածավալ աշխատանքներ են իրականացվել պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ: Ե՛վ համայնքային, և՛ պետական բյուջեների միջոցներով մի շարք սոցիալական ծրագրեր են կյանքի կոչվել: Հիմա էլ դիմել ենք կառավարությանը, որպեսզի ֆինանսներ տրամադրի այդ աշխատանքների երրորդ փուլի համար: Անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչ մասշտաբի շինարարություն է կատարվել: Բազմաբնակարան շենքերի տանիքներ են փոխարինվել, վերանորոգվել: Քայլեր են ձեռնարկվել ճանապարհների ու խաղահրապարակների բարեկարգման ուղղությամբ: Այսօր արդեն աշխատանքներ են տարվում բազմահարկերի վերելակները բարելավելու համար: Մի խոսքով, քաղաքապետարանը չի շեղվել իր բնականոն կենսագործունեությունից:

-Ի՞նչ փուլում է գտնվում ապաստարանների բարեկարգման հարցը:

-Ճիշտն ասած, այդ հարցին համապարփակ պատասխան կտար քաղպաշտպանության համար պատասխանատու կառույցը: Մեր մասով ասեմ, որ Բնակշահագործման տնտեսությունը որոշակի մաքրման աշխատանքներ է կատարել շենքերի նկուղային հարկերում, ու դրանք, միանշանակ, շարունակական բնույթ են կրելու: Նաև վստահաբար կարող եմ ասել, որ առաջիկայում շահագործվելիք բոլոր բնակելի շենքերում անպայման կլինեն համապատասխան պայմաններ ունեցող ապաստարաններ:

-Կարծես թե ոչինչ չի արվում, որպեսզի ծանր հաշմանդամություն ունեցողները կարողանան անխոչընդոտ օգտվել թե՛ երթուղայիններից, թե՛ հասարակական և մշակութային նշանակության շենք-շինություններից: Նրանց կյանքը թեթևացնող ծրագրեր նախատեսվու՞մ են:

-Եթե փորձեք համեմատել ներկայիս վիճակը մի քանի տարի առաջ ունեցածի հետ, ապա կտեսնենք, որ այսօրվա պայմանները մեր հաշմանդամ քաղաքացիների համար բարելավվել են: Մի շարք հասարակական ու մշակութային օջախներում, ինչպես նաև պուրակներում ու զբոսայգիներում կառուցվել են թեքահարթակներ մեր` ֆիզիկապես սահմանափակ կարողություններով բնակիչների համար: Ինչ վերաբերում է տրանսպորտից օգտվելու պայմաններին, ապա, այո, դրանք հարմարեցված չեն նրանց համար, և այս ոլորտում մենք դեռ շատ անելիքներ ունենք:

-Բացօթյա առևտրի խնդիրը մնում է արդիական: Խնդիրը փաստացի լուծման ենթակա՞ է:

-Միանշանակ ենթակա է: Բացօթյա առևտուրը խնդիր էր դեռ նախքան 44-օրյա պատերազմը: Հետպատերազմյան շրջանում դրա ծավալները և աշխարհագրությունը զգալիորեն մեծացել են, քանի որ այդօրինակ առևտրով սկսել են զբաղվել նաև Ստեփանակերտում հաստատված մեր տեղահանված հայրենակիցները՝ ավելի խոցելի դարձնելով առանց այն էլ բազմաշերտ թեման: Հասկանում ենք, որ բացօթյա առևտրով զբաղվողների մեծ մասը սոցիալական խնդիրներն են լուծում, բայց բազմիցս զգուշացրել ենք, թե իրականում ինչ հետևանքներով է հղի այդ երևույթը: Այն հակասում է սանիտարահիգիենիկ նորմերին, խանգարում է երթևեկությանն ու մարդկանց ազատ տեղաշարժին, խեղաթյուրում է մայրաքաղաքի տեսքը: Այդ առևտրով զբաղվողներին հաճախակի այցելում են քաղաքապետարանի, ոստիկանության և սննդամթերի անվտանգության պատասխանատուները: Բացատրական աշխատանքներ են տանում, հորդորում են, զգուշացնում: Նաև վարչական տույժի կիրառման դեպքեր են եղել: Այդքանով հանդերձ՝ խնդիրը լուծված չէ և այս դաշտում մեր աշխատանքը պետք է լինի նպատակային ու հետևողական:

-Երևան-Ստեփանակերտ համագործակցության ծրագրով ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել և ի՞նչ է սպասվում:

-Երևանի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ գումար է տրամադրվել պատերազմի 44 օրերի ընթացքում մայրաքաղաքի վնասված ենթակառուցվածքների բարեկարգման, արդիականացման համար: Այդ աշխատանքները կատարվել են, ինչի համար երախտապարտ ենք մեր երևանյան գործընկերներին: Քաղաքապետերի փոխայցեր են կայացել: Տարբեր ստորաբաժանումների միջև մշտական շփումներ են եղել: Նաև Երևանում տեղի է ունեցել ցուցահանդես-տոնավաճառ՝ <<Արցախի բարիքները>> խորագրով, որի ընթացքում ներկայացվել է արցախյան արտադրանքը: Ձեռնարկի նպատակն էր երևանյան շուկայում ճանաչելի դարձնել  արցախցի արտադրողներին, Արցախում և նրա սրտում` Ստեփանակերտում, բարելավել բիզնես միջավայրը:  Համոզված եմ, որ մեր որդեգրած համագործակցության ուղին լինելու է երկար և բարեբեր՝ ընդգրկելով հնարավոր բոլոր բնագավառները: